Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1925 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 ապրիլի 2024թ. ՍԴԴԿՈ - 19 | «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 ապրիլի 2024թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 11-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/47700/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(...) աշխատողին նախկին աշխատանքում չվերականգնելու պարագայում աշխատանքային պայմանագրի լուծման պահից մինչև աշխատանքային վեճը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը աշխատողին միջին աշխատավարձ վճարել պարտավորեցնելը ոչ անհրաժեշտ և ոչ համարժեք միջամտություն է Դիմողի սեփականության իրավունքին»:

Դիմողը պնդում է, որ «(...) աշխատողը, ով աշխատանքից ազատվելուց հետո հետագայում որևէ պարագայում չի վերականգնվելու նախկին աշխատանքում, մինչև իր աշխատանքային վեճի վերջնական լուծումը (որը կարող է և տվյալ դեպքում տևել է տարիներ) նախկին գործատուից վարձատրություն ստանալու լեգիտիմ ակնկալիք ունենալ չի կարող»:

Հավելելով՝ Դիմողը նշում է, որ, իր հերթին, նախկին աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը որևէ փոխկապակցվածության մեջ չի գտնվում աշխատանքային վեճը լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահի հետ:

Դիմողը գտնում է, որ «(...) նախկին աշխատողին աշխատավարձի վճարումը նոր աշխատանք գտնելու համար անհրաժեշտ ողջամիտ ժամանակահատվածով սահմանափակելը ամբողջությամբ երաշխավորում է աշխատանքից զրկվելու պատճառով եկամուտներ չստանալուն վերաբերող բացասական հետևանքների չեզոքացումը՝ վերականգնելով աշխատողի խախտված իրավունքը: Այդ ողջամիտ ժամկետը գերազանցող ժամանակահատվածի համար գործատուին աշխատավարձ վճարել պարտավորեցնելը անհրաժեշտ չէ աշխատողի խախտված իրավունքը վերականգնելու (...) համար և հետևաբար՝ վիճարկվող դրույթով սեփականության իրավունքին միջամտությունը համաչափ չէ»:

Դիմողը նշում է, որ «Նախկին աշխատողը, որն առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում, բոլոր դեպքերում չի վերականգնվելու աշխատանքում, պետք է ողջամիտ ջանքեր գործադրի նոր աշխատանք գտնելու (և դրա դիմաց վարձատրվելու) համար: Նոր աշխատանք գտնելու համար ողջամիտ ժամկետը լրանալուց հետո եկամուտներ չստանալու բեռը գործատուի վրա թողնելն արդարացի չէ: Այդ պահից սկսած աշխատողի կողմից եկամուտներ ստանալու նպատակն իր նշանակությամբ զիջում է գործատուի կողմից սեփական գույքը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու՝ սահմանափակվող իրավունքին, որը տվյալ դեպքում դառնում է ավելի գերակա: Հետևաբար՝ գտնում ենք, որ վիճարկվող դրույթով սեփականության իրավունքին միջամտությունը համաչափ չէ»:

Ըստ Դիմողի՝ մինչև աշխատանքային վեճի լուծումը նոր աշխատանք գտնելու և դրա դիմաց վարձատրվելու պարագայում աշխատողը չի կարող որևէ լեգիտիմ ակնկալիք ունենալ շարունակելու ստանալ վարձատրություն նաև նախկին գործատուից: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ աշխատողի կողմից աշխատանքային վեճի քննության ընթացքում նոր հիմնական աշխատանք գտնելու և վարձատրվելու հանգամանքը հաշվի չառնելու պարագայում գործատուին մինչև աշխատանքային վեճի լուծումն ընկած ժամանակահատվածի համար նախկին աշխատողին միջին աշխատավարձ վճարել պարտավորեցնելը չի հետապնդում Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ իրավաչափ նպատակ:

Անդրադառնալով Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում առկա իրավակարգավորման պատճառով գործատուն չի կարող կանխատեսել իր դատավարական վարքագծի հետևանքները, որոնք արտահայտվելու են սեփականության իրավունքի սահմանափակմամբ, և սեփականության իրավունքի սահմանափակման բովանդակությունն ու ծավալը վերջինիս հայտնի են դառնում միայն հետագայում՝ դատական գործընթացի ավարտից հետո: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հանդիսանալով Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը սահմանափակող դրույթ, չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է(էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզված փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/47700/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 22-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով արձանագրել է. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքին չի կցել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից ու չի ներկայացրել պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն:

Բացի դրանից, բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել բողոքի պատճենը Սոնյա Գրիգորյանին, Ալեքսանդր Ղազարյանին և Վերաքննիչ դատարան ուղարկելու մասին ապացույցները, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը»:

Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը որոշել է.

«1. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության միջնորդությունը բավարարել. վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:

2․ Վերադարձնել թիվ ԵԴ/47700/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.08.2023 թվականի որոշման դեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բերած վճռաբեկ բողոքը:

3. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:

(...)»:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/47700/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 22-ին կայացված «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք՝ ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:

Գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը սահմանված հնգօրյա ժամկետում կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 10-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է. «Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.11.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերության նախկինում բերած բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը։

Միաժամանակ սահմանվել է ժամկետ նաև այդ թերությունը շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Այժմ Ընկերությունը, չվերացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.11.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունը, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք:

Ինչ վերաբերում է Ընկերության կողմից 22.11.2023 թվականին դիմումին կից ներկայացված վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ներկայացվել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» 22.11.2023 թվականի որոշմամբ սահմանված հնգօրյա ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի ուժով բողոք բերած անձն այլևս զրկվել է վերոգրյալ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն չի վերացրել Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերություններից մեկը, այն է՝ վճռաբեկ բողոքին չի կցել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը։ Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 10-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:

Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 2024 թվականի հունվարի 10-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից չօգտվելը, իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը:

Այսպիսով, Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ԵԴ/47700/02/22 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 10-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Նկատի ունենալով վերոշարադրյալ փաստերը, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ այս պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

25 ապրիլի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել