Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-724 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 փետրվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 7 | ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 փետրվարի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Տիգրան Պողոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Տիգրան Պողոսյանը (այսուհետ նաև Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 6-ին) խնդրելով. «1․ (...)

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող ու անվավեր հաշվի առնելով այն, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության համաձայն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պատճառաբանված համարելու համար բավարար է, որպեսզի նշված որոշման մեջ արձանագրվի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի բացակայությունը առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի մասին պատճառաբանության:

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր հաշվի առնելով այն, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության համաձայն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պատճառաբանված համարելու համար բավարար է, որպեսզի նշված որոշման մեջ արձանագրվի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի բացակայությունը առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի մասին պատճառաբանության, որպիսի հանգամանքն, իր հերթին, ստեղծում է պայման, որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը, անտեսելով առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին, այլ կերպ կամայականորեն, առանց անհրաժեշտ հիմնավորումների շեղվի իր արտահայտած նախադեպային դիրքորոշումներից»: Դիմողը ներկայացրել է թիվ ՎԴ/5815/05/19 վարչական գործի դատավարական նախապատմությունը և նշել, որ այդ գործով վերաքննիչ վարչական դատարանի կողմից 2022 թվականի մարտի 16-ին կայացված որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժել է։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու անհրաժեշտությունը Դիմողը պատճառաբանել էր Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ։ Մեջբերելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը Դիմողը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը պատճառաբանելու մասին` Վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով արձանագրված պահանջը կոչված է ապահովելու, որ այդ որոշումը` կասկածի տակ չդնի Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը․ պարունակի կոնկրետ վարչական գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համահունչ պատճառաբանություն․ չձախողի տրամաբանական շղթայի մեջ վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողությունների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում․ պարունակի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը։ Ըստ Դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին այնպիսի որոշման կայացումը, որը չի համապատասխանում նշված չափանիշներին, խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական պաշտպանության իրավունքը։ Հղում կատարելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմանը Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը, անտեսելով առաջին և վերաքննիչ ատյանների դատարանների որոշումների առերևույթ հակասությունն իր իսկ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին, վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունում, ապա այդ կերպ Վճռաբեկ դատարանը, առանց անհրաժեշտ հիմնավորումների, շեղվում է իր արտահայտած իրավական դիրքորոշումներից, ինչը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավունքի խախտմանը։ Ըստ այդմ, այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պատշաճ չի պատճառաբանվում, ապա դա իր հերթին պայման է ստեղծում, որ Վճռաբեկ դատարանը կամայականորեն շեղվի իր ձևավորած պրակտիկայից, ինչը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի խախտման։ Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5815/05/19 վարչական գործով իր ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է առանց նշելու նման եզրահանգման համար հիմք հանդիսացած դատողությունների ընթացքը և ըստ էության չպատճառաբանելով հիշատակված որոշումը: Նշվում է, որ Դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պատճառաբանվել է բացառապես այն արձանագրմամբ, որ չի հիմնավորվում Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը: Դիմողը գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասն իր նկատմամբ կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ դատական ակտերի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը հիմնավորված չլինելու մասին եզրահանգում կամ արձանագրում, և եզրակացնում, որ «(…) դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը թիվ ՎԴ/5815/05/19 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 2022թ. հուլիսի 20-ի թվագրմամբ կայացրած որոշմամբ մեկնաբանվել և կիրառվել է 2019թ. ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 և 2022թ. փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումներով Սահմանադրական դատարանի վերոհիշյալ դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, որպիսի փաստն, իր հերթին, երրորդ անձ Տիգրան Պողոսյանին զրկել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքից և ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական պաշտպանության իրավունքից ՀՀ եռաստիճան դատական համակարգի վերջին ատյանում արգելակելով երրորդ անձ Տիգրան Պողոսյանի վերոհիշյալ հիմնարար իրավունքները»: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտ-պանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանա-դրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմումով վիճարկվող Վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվել է թիվ ՎԴ/5815/05/19 վարչական գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հուլիսի 20-ին կայացրած որոշմամբ, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով Դիմողի գործով վերջնական դատական ակտն է, և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից: Մինչդեռ Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2023 թվականի փետրվարի 6-ին վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսինքն սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Տիգրան Պողոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Թունյան

Ե. Խունդկարյան

24 փետրվարի 2023 թվականի

ՍԴԴԿՈ–7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել