Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3618 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 ապրիլի 2023թ. ՍԴԱՈ - 36 | «ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 213-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի ապրիլի 7-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Դիմողը խնդրել է. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: (…)»։

Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 6-ի մեկ այլ որոշմամբ հիշյալ գործի վարույթը կասեցվել է մինչև Սահմանադրական դատարանի ընդունած որոշման ուժի մեջ մտնելը:

2. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2022 թ. ապրիլի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բերած վճռաբեկ բողոքը: Հետագայում, հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասը, վերոնշյալ գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատին: Ըստ Դիմողի նշված գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու հարցի լուծումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորման կիրառմամբ, որի սահմանադրականության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներն ունեցել են հիմնավոր կասկած այնքանով, որքանով նշված նորմը չի նախատեսում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման և վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք: Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը (սույն դիմումով վիճարկվող դրույթը) համաձայն որի ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչպես նաև նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` (...)», Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալների առկայությունը կարող է խաթարել դատարանի իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը, իսկ դատավարական սխալների առկայության կամ բացակայության վերաբերյալ վերադաս դատական ատյանը կարող է եզրահանգումներ կատարել և անհրաժեշտության դեպքում նաև դրանք վերացնել միայն գործն ըստ էության քննության առնելու պայմաններում: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համաձայն ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են և բողոքարկման ենթակա չեն, ուստի նույնիսկ ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով դատական ակտի բողոքարկման պայմաններում բողոքի ընդունումը ենթակա է մերժման վերադաս դատական ատյանի կողմից»: Այդ առնչությամբ Դիմողը, մասնավորապես, արձանագրում է. «Նշված գործով հայցվոր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում մասնավորապես ընդգծել է, որ օրինական դատարանի կազմով գործի քննությունը համարվում է արդար դատաքննության իրավունքի կարևոր տարր, իսկ սույն գործով վճռի կայացումը, ստորագրումը և հրապարակումը տեղի է ունեցել այնպիսի կազմով և եղանակով, որոնք սահմանված չեն օրենքով: Բողոքաբերը գտել է, որ տեղի է ունեցել արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական խախտում (…): ՀՀ վերաքննիչ դատարանը (...) 07.01.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում զետեղված դատավարական կարգավորումների ուժով Դատարանը 21․12․2021 թվականին կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Հատկանշական է, որ քննարկվող վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետում Դատարանը նույնպես նշել է, որ «վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Ընդ որում, նշյալ գործն ըստ էության լուծող դատական ակտը ստորագրված ու կնքված է կոլեգիալ` հինգ դատավորի կողմից։ Ավելին, վերաքննիչ բողոքով բողոքաբերը նույնպես վկայակոչում է Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն ընդգծում, որ նշված սահմանափակումը մեկնաբանելիս պետք է առաջնորդվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տրված բազմաթիվ և հստակ մեկնաբանություններով, որ առավել էական խախտումների դեպքում բողոքարկման իրավունքը պետք է գործի։ Մինչդեռ, ներկայացված տեսակետի համատեքստում Վերաքննիչ դատարանը նպատակահարմար է գտնում նկատել այն, որ վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով (Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ գործող դատավարական կարգավորումների իմաստով ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից /տվյալ դատավարական նորմը չի ճանաչվել նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող ու անվավեր/։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վարչական դատարանի 21․12․2021 թվականի վճռի դեմ այն պարագայում, երբ այն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար, հիմք ընդունելով Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, եզրահանգում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման: (…)

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները և անձի սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության իրացման անհրաժեշտությունը, այդուհանդերձ բարձրացնում է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման անհնարինության սահմանադրականության հարցը (...)»: Վկայակոչելով Սահմանադրության 61, 63, 80, 81-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին վճիռներ «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի մասով, Դիմողը բարձրացնում է այն հարցը, թե արդյո՞ք դատարանին ներկայացվող «օրենքի հիման վրա ստեղծված» կոնվենցիոն պահանջը կասկածի տակ դնելու դեպքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և հրապարակման պահից ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները ենթակա են քննության վերադաս դատական ատյանի կողմից նկատի ունենալով ենթադրյալ հիմնարար թերությունը, որը կարող էր ազդել գործի արդյունքի վրա: Դիմողը բարձրացնում է այն հարցադրումը, թե արդյո՞ք ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերջնական լինելու հանգամանքը կարող է սահմանափակել անձի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման և, ըստ այդմ, վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքը: Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության գործող իրավակարգավորումների պայմաններում ընտրական իրավունքի պաշտպանության գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը բոլոր դեպքերում բողոքարկման ենթակա չեն: Արդյունքում խախտվում է նշված գործով վճռաբեկ բողոք ներկայացրած անձի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող բողոքարկման և վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքը, ինչը մտահոգություն է առաջացնում նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մոտ:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը, գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրված է նաև սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադրության վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): 3.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բերած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2022 թ. ապրիլի 6-ի որոշմամբ (հետագայում գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատին): Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումն ընդունել է 2023 թ. ապրիլի 6-ին, այսինքն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց մեկ տարի անց: Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունած լինելով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը, Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատարանի Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն իրացնելու պարտադիր պայմաններից է հիմնավորումներ ներկայացնելը, որ իր վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/դրույթի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ»: Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-176 աշխատակարգային որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանը փաստել է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) համատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (դատարանների կողմից վիճարկվող նորմի ձևական կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել իր 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ ՍԴԱՈ-81 որոշման մեջ): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն»: Տվյալ դեպքում թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթում գտնվելու (վարույթ ընդունված լինելու) պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի (նկատի առնելով վերջինիս բովանդակությունը) ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի ներկայացրած փաստարկներից/դատողություններից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները, չի հետևում, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի սույն դիմումով վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Դիմումում, մասնավորապես, նշված է. «(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման համաձայն ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են և բողոքարկման ենթակա չեն, ուստի նույնիսկ ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով դատական ակտի բողոքարկման պայմաններում բողոքի ընդունումը ենթակա է մերժման վերադաս դատական ատյանի կողմից: (...)

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով (...) անձի սուբյեկտիվ իրավունքների արդյունավետ պաշտպանության իրացման անհրաժեշտությունը, այդուհանդերձ բարձրացնում է ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման անհնարինության սահմանադրականության հարցը (...): (...)

(...) Վճռաբեկ դատարանը բարձրացնում է այն հարցը, թե արդյո՞ք դատարանին ներկայացվող «օրենքի հիման վրա ստեղծված» կոնվենցիոն պահանջը կասկածի տակ դնելու դեպքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և հրապարակման պահից ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները ենթակա են քննության վերադաս դատական ատյանի կողմից նկատի ունենալով ենթադրյալ հիմնարար թերությունը, որը կարող էր ազդել գործի արդյունքի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացվող դատական ակտի առանձնահատկություններին վերաբերող իրավադրույթներն այնքանով, որքանով սահմանափակում են նշված դատական ակտերի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով անձի բողոքարկման իրավունքը, անձի սահմանադրաիրավական և կոնվենցիոն իրավունքների իրացման տեսանկյունից խնդիր են հարուցում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բարձրացնել այն հարցադրումը, թե արդյո՞ք ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերջնական լինելու հանգամանքը կարող է սահմանափակել անձի ոչ օրինական կազմով գործի քննության պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման և, ըստ այդմ, վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքը»: Վերոնշյալ վարչական գործով վճռաբեկ բողոք ներկայացրած անձի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող բողոքարկման և վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքի ենթադրյալ խախտման հարցով Դիմողի մտահոգությունների առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում այդ խնդիրը կարող է/էր բարձրացվել Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի շրջանակում, քանզի խոսքն ըստ էության վերաբերում է անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանը (արդյունավետ պաշտպանությանը), ինչի մասին հիշատակված է նաև սույն դիմումում: Վերադաս դատական ատյանի կողմից համապատասխան դատական ակտի դեմ ներկայացված բողոքի քննության հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշմամբ թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վարչական դատարանի 2021 թ. դեկտեմբերի 21-ի վճռի դեմ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասում զետեղված դատավարական կարգավորումների ուժով Դատարանը 21․12․2021 թվականին կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հատկանշական է, որ քննարկվող վճռի եզրափակիչ մասի 3-րդ կետում Դատարանը նույնպես նշել է, որ «վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: Ընդ որում, նշյալ գործն ըստ էության լուծող դատական ակտը ստորագրված ու կնքված է կոլեգիալ` հինգ դատավորի կողմից»։ Թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2022 թ. հունվարի 7-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 2022 թ. ապրիլի 6-ին: Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողի հարցադրումները (նկատի առնելով կոնկրետ գործի հանգամանքները), մի կողմից ընդհանրական են, հավակնում են վերացական սահմանադրական վերահսկողության առարկա դառնալուն, մյուս կողմից Դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վիճարկվող դրույթի (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն) կիրառման միջոցով հնարավոր լինելու» վերաբերյալ պայմանը: Դիմողի կողմից բարձրացված ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերջնական լինելու պայմաններում անձի ոչ օրինական կազմով գործի քննության հանգամանքով պայմանավորված նշված դատական ակտերի պարտադիր բեկանման հիմքով բողոքարկման և, ըստ այդմ, վերադաս ատյանի կողմից գործի վերանայման իրավունքի հնարավոր սահմանափակման հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թ. ապրիլի 14-ի ԲԴԽ-20-Ո-Կ-4 որոշմամբ Արդարադատության նախարարի միջնորդությունը` Վարչական դատարանի դատավոր Դ. Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժվել է: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Է. Մարուքյանի կողմից 2021 թ. դեկտեմբերի 24-ին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարել անդրադառնալ նաև այն հարցադրմանը, թե արդյո՞ք թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով դատավորը խախտել է դատավարական իրավունքի նորմ: Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ դատավորի կողմից թույլ չի տրվել դատավարական նորմի խախտում, ինչը կհանգեցներ կարգապահական պատասխանատվության: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելիս Դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, հետևաբար Դիմողը տվյալ հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

18 ապրիլի 2023 թվականի

ՍԴԱՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել