ՍՎԵՏԼԱՆԱ ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հունվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 3 | ՍՎԵՏԼԱՆԱ ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 հունվարի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Սվետլանա Աբաջյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Սվետլանա Աբաջյանը 2022 թվականի հունվարի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը այնքանով, որքանով չի նախատեսում հայցադիմումը կամ դիմումը վարույթ ընդունելիս կամ գործի քննության ցանկացած փուլում ըստ ընդդատության վերահասցեագրելու իրավակարգավորում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող այդ մասով անվավեր»:
2. Ըստ դիմողի Սահմանադրությունը պետք է ապահովի դատական պաշտպանության արդյունավետությունը: Նման կարևորագույն դրույթի գոյությունը պետք է կյանքի կոչվի հենց դատական պրակտիկայում, որպեսզի այն չհանգեցնի մարդու հիմնարար իրավունքների խախտման: Ըստ դիմողի օրենքով նախատեսված սահմանափակումը գործի վարույթը կարճելու լիազորությունը և գործի ցանկացած փուլում պահանջն այլ դատարան վերահասցեագրելու լիազորության բացակայությունը, չեն որոշակիացնում անձի կողմից իր իրավունքների իրականացումը և չեն ապահովում դրանց իրացման կանխատեսելիությունը, որն անձը կունենար, եթե չլիներ օրենքի բաց: Տվյալ պարագայում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների տեսանկյունից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը, դիմողի պնդմամբ, որոշակի չէ, քանի որ սահմանափակում է վերը նշված իրավունքները: Դիմողը գտնում է, որ քաղաքացիական դատավարության կարգով վարույթ ընդունված գործը ենթակա էր լինելու կարճման վերահասցեագրման իրավակարգավորման բացակայությամբ պայմանավորված: Այսպիսով, երբ քաղաքացիական դատավարության կարգով քննության փուլում պարզվում է, որ գործը ենթակա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այլ ընդդատյա է վարչական դատարանին, անձը զրկվում է արդար դատաքննության և դատարանի մատչելիության սահմանադրորեն երաշխավորված իրավունքներից: Դիմողը գտնում է, որ դատարանը, հնարավորություն չունենալով իրականացնել վերահասցեագրման լիազորություն, ստիպված է կարճել գործի վարույթը: Վարույթը կարճելու իրավական հետևանքն այն է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն անձն այլևս իրավունք չի ունենա իրացնելու իր դատական պաշտպանության իրավունքը: Հետևաբար նման լիազորության բացակայությունը, ըստ դիմողի, արդարացված չէ և խախտում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, որոնք անձը կունենար, եթե դատարանը վերահասցեագրեր գործը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Վիճարկվող նորմերի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ քաղաքացիական դատավարության կարգով քննության փուլում վերահասցեագրման ինստիտուտի բացակայությունը հանգեցնում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Դիմողի պնդմամբ գործի ցանկացած փուլում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գործը վերահասցեագրելու լիազորության բացակայությունն անորոշ է դարձնում անձի կողմից իր իրավունքների իրականացումը և չի ապահովում դրանց իրացման կանխատեսելիությունը: Վարչական դատարանը, թիվ ՎԴ/4075/05/19 վարչական գործի շրջանակներում անդրադառնալով սույն գործի վարչական դատարանին ընդդատյա չլինելու հարցին իր 25.09.2019թ. որոշմամբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածին և Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմանը, գտել է, որ հայցվորի պահանջը վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների անգործությանը, որպիսի պահանջի քննությունն ընդդատյա է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, հետևաբար պահանջն անհրաժեշտ է վերահասցեագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին: Տվյալ դեպքում, ըստ դիմողի, վարչական դատարանի կողմից դիմումը վերահասցեագրելուց հետո պիտի վարույթ ընդունվեր քրեական գործերով դատավորի կողմից, որը տեղի չի ունեցել և, ի պատասխան դիմողի 31.01.2020թ. դիմումի, որպես վերջինիս հիմնավորում 11.02.2020թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը գրությամբ դիմողին տեղեկացրել է, որ «... ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանում է Բարձրագույն Դատական Խորհուրդը»: Թիվ ՎԴ/4075/05/19 դատական գործի բաշխումը կատարվել է համակարգչային ծրագրի միջոցով, հետևաբար դատարանի գրասենյակի աշխատակիցների անփութության կամ վրիպակի արդյունք չի կարող լինել»: Ըստ էության, դիմողի նկատմամբ հնարավոր բացասական իրավական հետևանքներն առաջացել են վերոհիշյալ կարգի կիրառման արդյունքում: Այսինքն, դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի սահմանադրականությունը, իրականում առաջ է քաշում այլ իրավական ակտի կիրառման արդյունքում իր սահմանադրական իրավունքների խախտման հարց: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար այս առումով նշյալ դրույթի մասով առկա է սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սվետլանա Աբաջյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
27 հունվարի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
