Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-159 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 15 | ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 ապրիլի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Դավիթ Հակոբյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Դավիթ Հակոբյանը 2019 թվականի մարտի 21-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4143 հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 69-րդ հոդվածին հակասող….»:

2. Ըստ դիմողի իր նկատմանբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթների ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 4143 հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականությունը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը: Դիմողի կարծիքով ի տարբերություն ՀՀ Սահմանադրության ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որոշակի իրավիճակներում չի նախատեսում հանցանքի կատարման մեջ դատապարտված անձի կողմից իր նկատմամբ կայացված դատավճռի վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքի պատշաճ իրացում: Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումները ընդամենը հայեցողական լիազորություններ են տալիս Վճռաբեկ դատարանին բերված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցում և չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության տրամաբանությանն այնքանով, որքանով անձի նկատմանբ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում, եթե շահագրգիռ անձի կողմից բերվում է վերաքննիչ բողոք, այն բավարարվում է, և անձի նկատմամբ վերաքննիչ դատարանի դատական ակտով կայացվում է նոր դատավճիռ, իսկ Վճռաբեկ դատարանը բերված բողոքը վարույթ չի ընդունում, արդյունքում անձը ոչ իրավաչափորեն զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից, այսինքն անհիմն սահմանափակվում է դատարանի մատչելիության իրավունքը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ հոդվածին:

3. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումները հանգում են հետևյալին. բոլոր այն իրավիճակներում, երբ անձի նկատմանբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է արդարացման դատավճիռ, իսկ շահագրգիռ անձի կողմից բերվում է վերաքննիչ բողոք, որը բավարարվում է, և անձի նկատմամբ վերաքննիչ դատարանի դատական ակտով կայացվում է նոր դատավճիռ, ապա առաջին ատյանի դատարանի դատավճռով արդարացվածը պետք է հնարավորություն ունենա օգտվել վերադաս դատական ատյանի կողմից իր նկատմանբ կայացված ակտի վերանայման իրավունքից: Մինչդեռ առկա իրավակարգավորումները նախատեսում են միևնույն պայմանները, ինչի արդյունքում անհիմն սահմանափակվում են արդար դատաքննության, դատարանի մատչելիության իրավունքները: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-849 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ «…. պետք է ապահովի վճռաբեկ բողոքի պարտադիր ընդունումն ու քննությունը բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի շրջանակներում վերաքննիչ դատարանը շահագրգիռ կողմի բողոքի քննության արդյունքներով կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից տարբերվող ըստ էության նոր, դատական ակտ: Նման մոտեցումը ոչ միայն կնպաստի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորմանը, այլև էապես կբարձրացնի արդարադատության արդյունավետություն:», դիմողը շեշտադրում է, որ վիճարկվող իրավակարգավորումների արդյունքում անձը ոչ իրավաչափորեն զրկվում է իր նկատմանբ կայացված դատավճռի վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից: Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո դատական կազմը գտնում է, որ դիմողի ներկայացրած իրավական հիմնավորումներն ակնհայտ անհիմն են: Նշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն անդրադարձել է այն իրավիճակին, երբ «Արդարացման դատավճիռը բեկանելու և մեղադրական դատավճիռ կայացնելու, առաջադրված մեղադրանքի սահմաններում ավելի ծանր հանցագործության համար դատապարտելու կամ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու, ինչպես նաև հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով փոխելու, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, առաջին ատյանի դատավճիռը բեկանելու գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունների պայմաններում օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասում նախատեսված պայմանի տառացի մեկնաբանությունը փաստորեն վճռաբեկ բողոք բերելու իրավունքից կարող է զրկել դատավարության բոլոր մասնակիցներին (դատապարտյալ, պաշտպան, մեղադրող, տուժող և այլն)»: Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկումը վճռաբեկ դատարան պետք է մատչելի լինի դատավարության մասնակիցների համար»: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանի նշյալ դիրքորոշումներից չի բխում այն, որ վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկման ժամանակ Վճռաբեկ դատարան ներկայացված բոլոր դիմումները պետք է անխտիր ընդունվեն վարույթ և քննության առարկա դառնան առանց հաշվի առնելու վճռաբեկ բողոքին առաջադրված օրենսդրական պահանջների պահպանված լինելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության հանգամանքը: Հետևաբար, դիմողի ներկայացրած հիմնավորումներն ակնայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները: Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի ապրիլի 11-ին ՍԴՈ-691 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) համապատասխանող է ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո ՇԵ Ց.

Դավիթ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

9 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել