Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՇԽԱՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՇԽԱՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-231 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հունվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 2 | ԻՇԽԱՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 հունվարի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Իշխան Մովսեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Իշխան Մովսեսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունվարի 20-ին) խնդրելով. «1. ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-դ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասը և 414.3-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող»:

2. Վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի, «Հանձնման մասին» 1956թ. Եվրոպական կոնվենցիայի, հանձնմանն առնչվող Մինսկի կոնվենցիայի մի շարք դրույթներ դիմողը գտնում է, որ առկա հակասության դեպքում գործում է «Հանձնման մասին» 1956թ. Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, հանձնմանն առնչվող Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի և 414.3-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության առնչությամբ դիմողը փաստարկում է, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ մերժելու վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը, քանի որ տվյալ դեպքում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխի կանոններով և արդարադատություն չի իրականացնում, այլ միայն ստուգում է հանձնման թույլտվության վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցը:

3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ ենթադրյալ հակասահմանադրականությունը փաստարկվում է նրանով, որ առկա հակասության դեպքում գործում է «Հանձնման մասին» 1956թ. Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, հանձնմանն առնչվող Մինսկի կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը: Այսինքն դիմողն անուղղակիորեն պնդում է, որ դատարանները պետք է կիրառեին, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասը, այլ ոչ թե 5-րդ մասը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի և 414.3-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փաստարկում է նրանով, որ Վճռաբեկ դատարանն իրավունք չուներ մերժելու վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը, քանի որ տվյալ դեպքում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխի կանոններով և արդարադատություն չի իրականացնում, այլ միայն ստուգում է հանձնման թույլտվության վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցը: Վերոգրյալից բխում է, որ ձևականորեն բարձրացնելով նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարց, դիմողն իրականում բարձրացնում է դատական ակտի օրինականության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Իշխան Մովսեսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

31 հունվարի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել