Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿԱԶ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿԱԶ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2010 հուլիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 20 | ՀԱՅԿԱԶ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

10 հուլիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Հայկազ Գալստյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հայկազ Գալստյանը դիմել է ՀՀ սահմանադրական

դատարան խնդրելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ և 31-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։ Ըստ դիմողի վիճարկվող դրույթը, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում պարտադիր բեկանման ենթակա դատական ակտերի դեմ ներկայացվող բողոքների համար պետական տուրքի վճարումից ազատում օրենքի ուժով կամ դատարաններին տրված լիազորությունների շրջանակներում, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20- րդ և 31-րդ հոդվածներին։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։ Օրենսդրական բացի կապակցությամբ սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ այն որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Այսպիսով, սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոհիշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա,

դատական կազմը գտնում է, որ դատաքննության արդյունքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։

Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Հայկազ Գալստյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

10 հուլիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հուլիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել