«ՍԵՄԱՆԳ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 60 | «ՍԵՄԱՆԳ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 հոկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով «Սեմանգ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«Սեմանգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը այսուհետ դիմող, (ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Խուրշուդյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 13-ին) խնդրելով. «Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 61 և 63 հոդվածների համապատասխանության հարցը հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում այդ դրույթներին տրված մեկնաբանությունները»։ Դիմողը նշում է, որ Պետական եկամուտների կոմիտեն իրեն սնանկ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացրել սնանկության դատարան (թիվ ՍնԴ/0661/04/21 սնանկության գործ)։ Դիմողը հայտնում է, որ գործով սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, դիմումի օրինակը և «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով սնանկությունը գրավոր վիճարկելու իրավունքի մասին ծանուցումը ստացել է 2021 թվականի ապրիլի 6-ին։ Դիմողը նշում է, որ ելնելով օրերով որոշվող դատավարական ժամկետների հաշվարկման վերաբերյալ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգից, ըստ որի սնանկությունը գրավոր վիճարկելու 15-օրյա ժամկետը լրանում էր 2021 թվականի ապրիլի 27-ին (ժամկետի հաշվարկի մեջ չեն ներառվում թվով 6 ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերը) 2021 թվականի ապրիլի 26-ին փոստային ծառայության միջոցով սնանկության դատարան է ներկայացրել իր առարկությունները սնանկության վերաբերյալ դիմումի դեմ։ Ըստ դիմողի սնանկության դատարանը, չպահպանելով դատավարական ժամկետների հաշվարկման կարգը, 2021 թվականի ապրիլի 26-ին հրապարակել է դիմողին սնանկ ճանաչելու մասին վճիռը, իսկ վերջինիս առարկությունը 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ թողել է առանց քննության։ Դիմողը նշում է, որ գործով կայացված վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է. վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ սնանկությունը վիճարկելու վերաբերյալ առարկությունների համար «Սնանկության մասին» օրենքով սահմանվել է 15 օրացուցային օր տևողությամբ ժամկետ, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն «Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումների համաձայն։ Դիմողը նշում է, որ թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով 2020 թվականի մայիսի 15-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ «եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված է որևէ ժամկետ առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ և հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը»։ Դիմողը գտնում է, որ նման մեկնաբանությունն անհիմն է, «Սնանկության մասին» օրենքը «օրացուցային օր» և «աշխատանքային օր» բառակապակցությունների մասով սխալ է մեկնաբանվել, իսկ դատավարական ժամկետի հաշվարկը տվյալ դեպքում ենթակա է իրականացման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն։ Վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը դիմողը գտնում է, որ սնանկությունը վիճարկելու նպատակով առարկություններ ներկայացնելու համար «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է 15-օրյա ժամկետ, և հիմք ընդունելով այն, որ այդ դատավարական գործողությունը կատարելու համար նախատեսված ժամկետի հաշվարկման կարգը «Սնանկության մասին» օրենքով նախատեսված չէ, այդ ժամկետը ենթակա է հաշվարկման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն։ Ըստ դիմողի դատավարական ժամկետների հաշվարկի ընդհանուր կանոնները սահմանված են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածով, որի համաձայն օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Դիմողը նշում է, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում անձը սահմանափակված է դատավարական գործողություններ իրականացնելու իր հնարավորության մեջ, քանի որ դրանց հոսքի մեջ կարող են ընդգրկվել ոչ աշխատանքային օրեր, որոնք անհնարին են դարձնում համապատասխան վարքագծի դրսևորումը, և այդ օրերի կորուստը հանգեցնում է անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման և արդարադատության մատչելիության երաշխիքի խախտման։ Ըստ դիմողի Քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով օրերով հաշվարկվող ժամկետի մեջ ոչ աշխատանքային օրերը չներառելը թելադրված է արդար դատաքննության իրավունքի և արդարադատության մատչելիության ապահովման նպատակով։ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «(…) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Տվյալ դեպքում դիմողը նշում է, որ օրերով որոշվող դատավարական ժամկետների հաշվարկի մեջ ոչ աշխատանքային օրերը չներառելու մասին իրավակարգավորման նպատակը արդար դատաքննության իրավունքի ապահովումը և դատարանի մատչելիության երաշխավորումն է, քանի որ ոչ աշխատանքային օրերին անձը չի կարող կատարել դատավարական գործողություններ, և ուրեմն հակառակ կարգավորման դեպքում, ըստ դիմողի, չի երաշխավորվի դատավարական ժամկետից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորությունը։ Դիմումում ներկայացվում են հիմնավորումներ առ այն, որ գործող օրենսդրության համաձայն սնանկության դիմումի դեմ գրավոր առարկություններ ներկայացնելու համար սահմանված է 15-օրյա ժամկետ, որի մեջ չեն ներառվում ոչ աշխատանքային օրերը։ Նշվում է, որ դիմողի գործով դատարանները սխալմամբ գտել են, որ հիշյալ 15-օրյա ժամկետի մեջ պետք է ներառել նաև ոչ աշխատանքային օրերը, քանի որ ժամկետները հաշվարկելիս պետք է առաջնորդվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, որն էլ նախատեսում է, որ օրերով հաշվարկվող ժամկետների մեջ չեն ներառվում ոչ աշխատանքային օրերը։ Այլ կերպ դիմումում նշվում է, որ սնանկության դիմումի դեմ առարկություններ ներկայացնելու 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը դրա մեջ ներառելով դատարանները թույլ են տվել դատական սխալ, քանի որ չեն կիրառել դատավարական ժամկետների հաշվարկման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, որը ենթակա էր կիրառման։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը Սահմանադրական դատարանին առաջադրում է այն հարցը, որ «Սնանկության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված 15-օրյա ժամկետը, ըստ իր պնդման, դատարանների կողմից սխալ է հաշվարկվել ի խախտումն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի։ Այսինքն դիմողը, առանց առաջադրելու որևէ սահմանադրական վեճ, բարձրացնում է օրենքի մեկնաբանման և կիրառման ենթադրյալ սխալն ուղղելու խնդիր, որի լուծումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Սեմանգ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Ե. Խունդկարյան
26 հոկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-60
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-60
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
