ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 36 | ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 հունիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ`
Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Արտակ Գալստյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Գալստյանը 2019 թվականի հունիսի 7-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «08.01.2019թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1107/02/16 քաղաքացիական գործով որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի ընդունված օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, 10-րդ հոդվածի 1-ին, 60-րդ հոդվածի 1-ին և 4- րդ, 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին հակասող»:
2. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը իր որոշմամբ արտահայտած
մեկնաբանությամբ փաստացի ապօրինի զրկել է դիմումատուին իր սեփականության հանցագործության հետևանքով կորստի հարցը դատական ճանապարհով վիճարկելու հնարավորությունից, օրինականացրել է հանցագործությամբ գույքի ձեռքբերումը և իրավակիրառ պրակտիկայում կատարել է նորամուծություն, սահմանելով փաստացի նոր նախադեպ, ըստ որի օրինական է համարել ՀՀ քաղաքացու սեփականությունից զրկումը նաև հանցագործության միջոցով»:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` դատական կազմը գտնում է, որ նշված գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին կամ առկա է նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերից մեկը:
Ընդ որում, ելնելով անհատական դիմումի հիման վրա սահմանադրական վերահսկողության կոնկրետ ձևի նպատակներից, դիմումի հիմնավորվածության պահանջը ներառում է նաև վիճարկվող նորմի և դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29- րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմողն իր դիմումում, ըստ էության, երկու փաստարկ է ներկայացնում վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես դիմողը նշում է, որ «Վճռաբեկ Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով օրինական ուժ ստացած դատավճիռով հիմնավորված է, որ դիմումատուն զրկվել է իր սեփականության իրավունքից օրենքով չնախատեսված կարգով հանցագործության եղանակով», և նկարագրում է դրա հետևանքները: Այս փաստարկը ցույց է տալիս, որ դիմողը բարձրացնում է Վճռաբեկ դատարանի դատական ակտի իրավաչափության հարց. Վճռաբեկ դատարանը չպետք է անտեսեր, բայց անտեսել է որոշակի հանգամանք: Սահմանադրական դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածում, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի դատական ակտի իրավաչափության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Երկրորդ փաստարկը վերաբերվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված այն մեկնաբանությանը, ըստ որի «Հետևաբար նույն անձինք» արտահայտության մեկնաբանությունը չի կարող սահմանափակվել միայն դատավարության կողմերով և պետք է ներառի նաև երրորդ անձանց, իսկ որպես ուղղորդող չափանիշ պետք է դիտարկվի հակադիր շահերի առկայությունը գործին մասնակցող անձանց միջև: Նման մեկնաբանությունն արդարացված է, քանի որ դատական պրակտիկայում հանդիպում են իրավիճակներ, երբ վեճի կողմերը, ցանկանալով վերաբացել նախկինում քննված գործը, ձևականորեն փոփոխում են քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակը և նոր հայց հարուցում»: Դիմողն իրավացի է, որ Վճռաբեկ դատարանը կիրառված նորմին տվել է նոր, ավելի լայն մեկնաբանություն: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է. «Հաշվի առնելով դատական պրակտիկայի միտումները Վճռաբեկ դատարանը հարկ է համարում զարգացնել իր մեկնաբանությունը արձանագրելով, որ տվյալ իրավիճակում հակադիր շահերով օժտված անձինք բացառապես չեն նույնանում դատավարությունում կողմերի հայցվորի և պատասխանողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց հետ: Գործին մասնակցող անձինք են նաև երրորդ անձինք, որոնք ևս վեճի ելքով կարող են ունենալ նյութական և դատավարական շահագրգռվածություն, իսկ առանձին դեպքերում նաև ընդհանուր շահ հայցվորի կամ պատասխանողի կողմում հանդես եկող սուբյեկտի հետ»: Սակայն, անհրաժեշտ է արձանագրել, որ կիրառված դրույթի մեկնաբանության փաստն ինքնին չի կարող սահմանադրաիրավական վեճ դիտարկվել: Դիմողը պարտավոր է հիմնավորել, թե նման մեկնաբանության արդյունքում (տրված մեկնաբանության և հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված ո՛ր հիմնական իրավունքով երաշխավորված ո՛ր իրավազորությունից է զրկվել, այսինքն դիմողի ո՛ր հիմնական իրավունքն է խախտվել, և այդ հիմնական իրավունքը չէր խախտվի, ու դիմողն արդյունավետորեն կօգտվեր այդ իրավունքից, եթե նման մեկնաբանություն չլիներ: Սույն դիմումի շրջանակներում դիմողը նման հիմնավորումներ չի ներկայացրել: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Արտակ Գալստյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող`
Անդամներ`
27 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-36
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-36
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
