Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1026 մարտի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 10 | ՎԱՀԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

26 մարտի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Վահե Հախվերդյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Վահե Հախվերդյանը 2019 թվականի մարտի 6-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված «իրավագիտության բակալավրի և» դրույթը` այնքանով որքանով, որ սահմանափակում է իրավագիտության ավելի բարձր աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող անձի (մագիստրոսի) դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 38-րդ, 39-րդ, 81-րդ, 28-րդ, 29-րդ, 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորման առկայության պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ իրավագիտության ավելի բարձր աստիճանի մասնագիտական որակավորում ունեցող անձը երկար տարիներ իրավունքի ոլորտում իրականացնում է մասնագիտական գործունեություն և զբաղեցնում է բարձր պաշտոններ, սակայն հետագայում պարզվում է, որ ինքը չի կարող աշխատել դատավորի պաշտոնում, քանի որ պետք է ձեռք բերի նաև ավելի ցածր մասնագիտական որակավորման աստիճան, դրանից հետո հինգ տարի աշխատելուց հետո միայն ստանա դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք:

Դիմողը նշում է, որ պետական միասնական չափորոշիչների տեսանկյունից պետությունը ժամանակին չի որոշակիացրել կապը բարձրագույն մասնագիտական համարժեք որակավորման ու դրա իրավական փաստը վկայող պետական նմուշի հավաստագրի միջև, և մինչև օրս սահմանված չեն իրավագիտության բակալավրի միասնական չափանիշներ: Արդյունքում խախտվում է անձի օրինական ակնկալիքների իրավունքը: Դիմողի կարծիքով վիճարկվող իրավակարգավորման արդյունքում խախտվում են օրենքի առաջ բոլորի հավասարության, խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքները, չի երաշխավորվում Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սահմանադրական պահանջը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այսպես, գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ առկա է միայն ՀՀ վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՎԴ/10480/05/18 գործով վճիռը: Նշյալ վճռով ՀՀ վարչական դատարանը դիմողի հայցն ընդդեմ ՀՀ դատական դեպարտամենտի ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 05.10.2018թ. թիվ 131-Ա որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին մերժել է, սակայն դիմողը վերաքննության կարգով չի վիճարկել այն: Այս համատեքստում դիմողի ներկայացրած հիմնավորումներն առ այն, որ «…03.11.2018թ.-ին գրավոր քննության արդյունքները հրապարակվելուց հետո հարցազրույցի փուլ չանցնելու փաստի ուժով արդեն իսկ 26.09.2018թ.-ին ներկայացված Հայտի ընդունելության առնչությամբ առաջացած վեճն ըստ էության սպառված է եղել և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 05.10.2018թ.-ի թիվ 131-Ա որոշման անվավերության պահանջը դարձել է առարկայազուրկ: Ավելին, նշված փաստի ուժով վերացած է եղել այդ գործով վիճարկվող վարչական ակտի միջամտող ներգործող բնույթը….: Ուստի, Դատարանի 30.10.2018թ.-ի վճիռը վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելու պարագայում անգամ դատարանն անխուսափելիորեն կարճելու էր թիվ ՎԴ/10480/05/18 վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով…», հիմնազուրկ են, և դիմողը չի պահպանել անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները:

Այսպես, անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որոնք պայմանավորված են դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար պետք է պահպանի այն ընթացակարգային պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.

ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Վահե Հախվերդյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

26 մարտի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մարտի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել