Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2113 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 21 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Հովհաննես Գասպարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի ապրիլի 30-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«1. Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 319-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝ դատարանի կողմից այլ մեկնաբանությամբ կիրառված լինելու հիմքով, ճանաչել Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր.

2. Սահմանադրական դատարանի դատական նիստն իրականացնել դռնբաց՝ բանավոր ընթացակարգով»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/24983/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) կայացրած որոշման մանրակրկիտ և անաչառ վերլուծությունից ակնհայտորեն պարզ է դառնում, որ այդ որոշման հիմքում ընկած է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածը՝ սխալ մեկնաբանությամբ:

Ըստ Դիմողի՝ վերոնշյալ հոդվածը չի ծառայել իր նպատակին, խեղաթյուրվել են դրա իմաստն ու նպատակը, քանի որ ոչ ճիշտ մեկնաբանություն է տրվել դրան, ինչի հետևանքով էլ չի իրականացվել օբյեկտիվ, օրինական դատաքննություն:

Դիմողի պնդմամբ՝ օրենքի տառին հետևելը նշանակում է, որ թե՛ դատարան դիմող սուբյեկտը, թե՛ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանը, որը որոշում է կայացնում, պարտավոր են հետևել օրենսդրական պահանջներին, ինչի շնորհիվ երաշխավորվում է ինչպես դատարանի կողմից կայացված դատական ակտի հիմնավորվածությունը, այնպես էլ արդարադատության այնպիսի սկզբունքների ապահովումը, ինչպիսիք են անկողմնակալությունը, անաչառությունը, Սահմանադրության գերակայությունը:

Դիմողը գտնում է, որ սուբյեկտի կողմից դատական ակտում թույլ տրված որևէ ձևական սխալ չի կարող և չպետք է վճռորոշ ազդեցություն ու նշանակություն ունենա կայացվելիք որոշման վրա, իսկ դատարանի անկախությունը պետք է ծառայի արդարադատության անխոչընդոտ իրականացմանը:

Դիմողն ընդգծում է, որ «Դիմում» վերտառության ձևական պահանջի գերագնահատումն արդարադատություն իրականացնող դատավորի կողմից չափազանցված ձևականություն է, քանի որ սահմանադրական, օրենսդրական և միջազգային իրավանորմերը ստորադասվել և, ի վերջո, զրոյացվել են նշված ձևական պահանջի համեմատ:

Դիմողը նաև նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 319-րդ հոդվածը չի երաշխավորում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, «բացառապես չեղյալ ճանաչելու» եզրույթի օգտագործումը բացարձականացնում է «չեղյալ» տերմինի նշանակությունն ու կշիռը:

Դիմողի կարծիքով՝ այս ամենով հանդերձ՝ վնաս է հասցվել ոչ միայն արդարադատությանը, այլև արժեզրկվել են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, փաստացի կասկածի տակ է դրվել Սահմանադրության 1-ին հոդվածը, մասնավորապես՝ իրավական պետության գաղափարը:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումով միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից` հաշվի առնելով, որ ինքը թոշակառու է, և ներկա դրությամբ իր միակ գույքային միջոցը կենսաթոշակն է:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմնադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դիմումը և կից դատական ակտերը, գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 319-րդ հոդվածի և Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողը նշել է, որ «(...) դատավորը պարտավոր էր ստուգել և քննության առնել ստորադաս դատական ատյանի կայացրած որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, ինչը չի արել»:

Ըստ Դիմողի՝ «Դատավորը, օրենքի պահանջների բացակայության և օգտագործված կեղծ փաստաթղթի վրա իր ուշադրությունը սևեռելու փոխարեն, կենտրոնացել է միայն իմ կողմից օգտագործված «ճանաչել առոչինչ» եզրույթի վրա»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/24983/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի դատական ակտերի բովանդակության հետ:

Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Հայաստանի Հանրապետության դատարանների, մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Վերաքննիչ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ:

Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Բավարարել Հովհաննես Գասպարյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

13 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել