ԱՐՍԵՆ ՉԻՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 16 | ԱՐՍԵՆ ՉԻՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 մարտի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Արսեն Չիչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արսեն Չիչյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անուշ Շահրամանյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2025 թվականի մարտի 14-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) 05.05.1998թ. ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի «հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով» դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/53013/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որպես հայցը «սահմանված կարգով հարուցված» լինելու պայման է մատնանշել միայն այդ հայցի՝ դատարանի կողմից քննության առնված լինելու հատկանիշը: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ այն հայցը, որի կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բացահայտել է «սահմանված կարգով հայց հարուցել» եզրույթը, ներկայացվել է խնդրո առարկա՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջից էականորեն տարբերվող՝ իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջով: Դիմողի պնդմամբ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, «մտքում ունենալով» այս երկու՝ տրամագծորեն տարբեր պահանջները, մեկ պահանջի հայցային վաղեմությունն ընդհատվելու միակ պայման է սահմանել մեկ այլ՝ ավելի վաղ ներկայացված պահանջը դատարանի կողմից քննության առնված լինելը:
Դիմողը գտնում է, որ վերոգրյալով հաստատվում է իր այն ընկալումը, որ խնդրո առարկա որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանության համաձայն՝ միևնույն անձի՝ հայցվորի կողմից ցանկացած այլ հայց ներկայացնելն ընդհատում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիման վրա ձևակերպված և միևնույն հայցվորի կողմից ներկայացված ցանկացած պահանջի հայցային վաղեմության ժամկետը:
Դիմողը գտնում է, որ բացի նրանից, որ նշվածի հետևանքով իր ֆինանսական վիճակը կարող է էապես տուժել, ինքը նաև հայտնվում է նյութական ծանր դրության մեջ, եթե պարտավորվի երրորդ կողմին փոխհատուցել վնասները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճահարույց գործարքը կնքելուց յոթ տարի է անցել, և ստացված միջոցներն արդեն օգտագործված են: Ըստ Դիմողի՝ սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքները խախտվում են, երբ հայցային վաղեմության ժամկետի անտեսմամբ հարցականի տակ է դրվում արդեն իրականացված գործարքների իրավաչափությունը՝ իրեն զրկելով իրավական որոշակիության և կանխատեսելիության հնարավորությունից:
Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, գրեթե ի չիք է դարձնում պատասխանողի՝ դատական պաշտպանության իրավունքի տարրերից մեկը՝ հայցային վաղեմությունը: Դիմողի պնդմամբ՝ նշվածը լավագույն դեպքում հայցվորին թույլ է տալիս «զբաղվել» սխալ մարտավարության հետևանքով հարուցված անարդյունավետ դատական գործերով և ավելի ուշ բուն գործում դա վկայակոչել որպես հայցային վաղեմության ընդհատման հիմք, իսկ վատագույն դեպքում՝ պարզապես վկայակոչել իր կողմից նախկինում ներկայացված հայցի հիման վրա որևէ դատարանում հարուցված որևէ գործ՝ որպես բուն գործով հայցային վաղեմության ընդհատման հիմք: Նշվածը, Դիմողի համոզմամբ, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավա
կան ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արսեն Չիչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
31 մարտի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
