ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅՍԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 32 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅՍԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 օգոստոսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հովհաննես Գասպարյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի հուլիսի 24-ին) խնդրելով. «Թեպետ ՍԴԴԿՈ-27 որոշումը հույս ու վստահություն չի թողել մարդուս և քաղաքացուս մոտ որպես ՀՀ ժողովրդի մի մասնիկի, ով ունի նույն իրավունքները, ինչ բոլորը համաձայն Սահմանադրության, այնուամենայնիվ, համոզված եմ, որ արդարացի կլիներ և օրինական, եթե Սահմանադրական դատարանը վարույթ ընդունի և արդար դատաքննություն իրականացնի սույն թվականի հուլիսի 3-ին մուտքագրված դիմումս առավելապես վերահաստատելու, որ ՀՀ Սահմանադրությունն Մայր օրենք է, որ Հայաստանն իրավական և ժողովրդավարական պետություն է: Այլապես, ինչ-որ ժամանակ անց, ՄԻԵԴ-ը հերթական անգամ կպարտադրի Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցում վճարել իր քաղաքացուն պետության դատական համակարգի ներկայացուցիչների հակասահմանադրական գործողությունների համար»:
2. Ներկայացնելով 2023 թվականի հուլիսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի հուլիսի 13-ի ՍԴԴԿՈ-27 որոշումը, որով Սահմանադրական դատարանը մերժել է տվյալ գործի քննությունը Դիմողը նշում է. «Վերահաստատելով սույն թվականի հուլիսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումում ներկայացված պահանջները և հիմնավորումները, հաշվի առնելով 13.07.2023 թվականին Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴԴԿՈ-27 որոշումը անհրաժեշտ եմ համարում ներկայացնել որոշ հիմնավորումներ, որոնցով ընդգծվում են իմ իրավասությունը Սահմանադրական դատարան դիմելու առումով, ներպետական բոլոր հնարավորությունների սպառումը և բացառում Օրենքի որևէ խախտումը, նաև նշված որոշման անհամապատասխանությունը Սահմանադրական պահանջներին: (…)
ՍԴԴԿՈ-27 որոշմամբ Սահմանադրական դատարանն, ըստ էության, նմանակել է Վճռաբեկ դատարանի գործելաոճին: (…) Տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն ի չիք է դարձրել նախկինում կայացրած իր որոշումներում ձևակերպած դիրքորոշում-պահանջները, համաձայն որոնց ընթացակարգային կամ այլ բնույթի ձևական պահանջները չեն կարող սահմանափակել մարդու և քաղաքացու սահմանադրական պահանջները: (…)
Այն պատճառաբանությունները, որ ներկայացրել է Սահմանադրական դատարանը կայացրած որոշումում, պարզապես չեն տեղավորվում Սահմանադրության տրամաբանության շրջանակներում: Երկակի ստանդարտներ կիրառած Վճռաբեկ դատարանի որոշումը պաշտպանելով Սահմանադրական դատարանը չի գործել ՀՀ-ի իրավական պետության տրամաբանությունից, կասկածի տակ դրել ժողովրդավարական պետության գաղափարը, որովհետև ժողովրդի ներկայացուցչի օրինական պահանջը լինել պաշտպանված Սահմանադրությամբ, Օրենքով, դատարաններով, զրոյացվել է»։ Միաժամանակ, ի լրումն 2023 թվականի օգոստոսի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր 2023 թվականի հուլիսի 3-ին դարձյալ Սահմանադրական դատարան մուտքագրված նույնաբովանդակ դիմումի Դիմողը նշում է. «Վերահաստատելով Սահմանադրական դատարան մեկ անգամ արդեն ներկայացված դիմումում շարադրված բոլոր հիմնավորումներն ու պահանջները, որոնք առավել քան բավարար են, որում կատարված են Սահմանադրական դատարանի առաջադրված պահանջները, կրկին ներկայացնում եմ այն: Ուզում եմ մտածել, որ ես, վերջապես կտեսնեմ իրական արդարադատություն համաձայն ՀՀ Սահմանադրության և Օրենքի»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է 2023 թվականի հունվարի 5-ին, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով Դիմողի գործով վերջնական դատական ակտն է, և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից: Մինչդեռ Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 24-ին վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսինքն սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Թովմասյան
Անդամներ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
18 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ–32
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-32
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
