Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4927 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 49 | «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Լուսինե Մհերյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 6-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

««Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածն այն մեկնաբանությամբ, որ ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու հիմքով հիմնական պարտավորությունը, ինչպես նաև երաշխավորությունը դադարում են, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2․ Ներկայացնելով թիվ ԵԴ2/4324/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է պարտավորության դադարման հիմքերը՝ դրանք սահմանափակելով օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով։

(...)

Ստացվում է առաջին հերթին պետք է ուսումնասիրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի և վարկառուի, ինչպես նաև երաշխավորների միջև կնքված պայմանագրերը, որոնցում բացակայում է պարտավորությունը՝ սնանկության գործն ավարտելու հետևանքով դադարած համարելու հիմքը: Հետևաբար՝ պետք է անցել հաջորդ իրավական հիմքին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքին, որը նույնպես չի պարունակում որևէ դրույթ պարտավորությունը դադարած համարելու մասին։ Մյուս՝ վերջին հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է: Հատկանշական է այն հանգամանքը, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված պարտավորության դադարման հիմքերի սպառիչ ցանկում (...) ներառված չէ պարտապանի սնանկության գործն ավարտելու հանգամանքը:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ սնանկության գործի ավարտը հիմք չէ պարտապանի պարտավորությունը դադարած համարելու համար՝ նման իրավական հիմքեր նախատեսված չլինելու պատճառաբանությամբ»:

Դիմողը փաստում է, որ «(...) պարտապանն ազատվում է պարտատիրոջը վճարում կատարելու պարտականությունից, իսկ պարտատերը պարտապանից չի պահանջում պարտավորության կատարում, սակայն պարտավորությունը շարունակում է գոյություն ունենալ մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և պայմանագրով սահմանված դադարման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը:

Ստացվում է, որ Օրենսդիրը իրավական օրենքներում օգտագործել է երկու տարբեր եզրույթներ, որոնք նույնացնելը և նույն կերպ կիրառելը հակասում է օրենսդրական կարգավորումներին և այն օրինական շահերին, ինչի համար ըստ էության նախատեսված են այդ կարգավորումները: Այդ երկու եզրույթներն են՝ «պարտավորության կատարումից ազատում» և «պարտավորության դադարում»։ Եթե դրանք լինեին նույնական, ապա Օրենսդիրը կկիրառեր նույն ձևակերպումները և դրանց միջև չէր լինի որևէ տարբերակում

Ողջ վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ պարտավորության ազատումը և պարտավորության դադարումը տարբեր իրավական հետևանքներ ունեն և չեն կարող նույնացվել»։

Ըստ Դիմողի՝ «(…) երաշխավորը համապարտ պարտավորություն ստանձնած ինքնուրույն պարտապան է, և նրա պատասխանատվությունը չի կարող նույնացվել սնանկ ճանաչված պարտապանի սնանկության վարույթի ավարտի հետևանքով ստացած իրավական կարգավիճակի հետ: Սնանկության վարույթի ավարտից հետո հիմնական պարտապանը կարող է որոշ պարտավորությունների կատարումից ազատվել, սակայն այդ հանգամանքը չի վերացնում նույն պարտավորությունից բխող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված պահանջը երաշխավորի նկատմամբ:

Ինչ վերաբերում է երաշխավորության դադարեցմանը՝ կարող ենք արձանագրել, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, երաշխավորության դադարման հիմք է սահմանել հիմնական պարտավորության դադարելը, իսկ այն վերը նշված պատճառաբանության դադարած չլինելու դեպքում երաշխավորության պայմանագիրը շարունակում է պահպանել իր ուժը մինչև հիմնական պարտավորության դադարումը:

Անդրադառնալով սնանկ ճանաչված հիմնական պարտապանի (վարկառուի) սնանկության վարույթի ավարտման հետևանքներին՝ գտնում ենք, որ դրանք խոչընդոտ չեն երաշխավորից գումարը պահանջելու համար, քանի որ սնանկության գործն ավարտելու վճռով դատարանը պարտավորության կատարումից ազատում է միայն մեկ անձի՝ սնանկ ճանաչված հիմնական պարտապանին և պարտատիրոջ գործողությունները սահմանափակվում են միայն սնանկ ճանաչված անձի նկատմամբ, հետևաբար՝ կարելի է եզրահանգել, որ սնանկության գործի ավարտը չի կարող հիմք հանդիսանալ պարտապանի պարտավորությունը դադարած համարելու համար»:

Դիմողը, անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայում «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածին տրված մեկնաբանությանը՝ եզրահանգում է, որ «(...) վիճարկվող դրույթն այն մեկնաբանությամբ, որ պարտավորությունների կատարումից սնանկության հատկանիշով ազատվելը ենթադրում է պարտավորության դադարում, սահմանափակում է Բանկի՝ որպես պարտատիրոջ սեփականության իրավունքը, քանզի նման մեկնաբանության պարագայում Բանկը, ունենալով օրինական ակնկալիք՝ պահանջելու պարտավորության կատարում երաշխավորից, փաստացի զրկվում է պահանջ ներկայացնելու իրավունքից այն դեպքում, երբ հիմնական պարտավորությունը ոչ թե դադարել է, այլ ընդամենը սնանկ ճանաչված պարտապան վարկառուն վճռով ազատվել է պարտավորությունների կատարումից»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» օրենքի 97-րդ հոդվածի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

27 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-49

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-49
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել