ՄԱՆՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 35 | ՄԱՆՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 հունիսի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Մանյա Գասպարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մանյա Գասպարյանը (այսուհետ` դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունիսի 13-ին) խնդրելով. «1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Նախորդ կետում նշված խնդրանքը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 91-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»:
2. Ըստ դիմողի` Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ վերջինս նախ նույնացնում է աշխատանքի ընդհանուր պայմանները փորձաշրջանի պայմանների հետ, և երկրորդ, ըստ այդմ, պարտադիր չի համարում փորձաշրջան նախատեսված լինելու դեպքում փորձաշրջանի պայմանների սահմանումը, այլ դրանց բացակայության դեպքում այդպիսիք է համարում հենց աշխատանքի ընդհանուր պայմանները` աշխատանքային պայմանագրում փորձաշրջանի պայմանները սահմանելու պահանջը պահպանված դիտարկելով: Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի նպատակային և համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ փորձաշրջանի պայմաններն այն չափանիշներն են, որոնք առաջադրվել են աշխատողին նախատեսված աշխատանքում վերջինիս համապատասխանությունը ստուգելու նպատակով: Միևնույն ժամանակ, փորձաշրջանի կարևորագույն պայման է նաև այն, թե ու՞մ նախաձեռնությամբ է սահմանվում փորձաշրջանը, որը երբևէ չի կարող դիտարկվել որպես աշխատանքի ընդհանուր պայման: Հետևաբար աշխատանքի ընդհանուր պայմանները չեն կարող դիտարկվել որպես փորձաշրջանի պայմաններ, իսկ աշխատանքի ընդհանուր պայմանների սահմանումը` փորձաշրջանի պայմանների սահմանում, հակառակ պարագայում, նախ, չկարգավորված է մնում այն հարցը, թե ու՞մ նախաձեռնությամբ է սահմանվել փորձաշրջանը, և, ըստ այդմ ո՞վ պետք է գնահատի փորձաշրջանի արդյունքները, և երկրորդ` ինչ չափանիշների հիման վրա է գնահատվելու աշխատողի աշխատանքին համապատասխանությունը: Ըստ այդմ գործատուն հնարավորություն է ստանում իր նպատակահարմարությամբ կամ սուբյեկտիվ բնույթի այլ գործոններից ելնելով աշխատողի աշխատանքին անհամապատասխանության պատճառաբանությամբ կամայականորեն աշխատանքից ազատել աշխատողին, իսկ աշխատողը չի ունենում գործուն երաշխիքներ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում արդյունավետ իրականացնել իր պաշտպանությունը: Դիմողի կարծիքով` վերոգրյալից բխում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից մեջբերված իրավական դիրքորոշմամբ փաստացի բովանդակազրկվել են փորձաշրջանի պայմաններ սահմանելու վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրավական նորմերը, որոնցով սահմանված կառուցակարգերն անհրաժեշտ, պիտանի, համարժեք և գործուն երաշխիք պետք է լինեն աշխատանքից կամայականորեն չազատվելու աշխատողի իրավունքի ապահովման համար: Դիմողի պնդմամբ` արդյունքում խախտվել է Սահմանադրությամբ նախատեսված աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքների վերաբերյալ դրույթների էությունը: Հետևաբար դիմողի համոզմամբ «(…) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ և, ըստ այդմ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենքների և այլ նորմատիվ ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով օժտված լինելը, նաև իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին»: Ըստ դիմողի` անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգմանն առ այն, որ գործատուի և դիմողի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը չի պարունակում փորձաշրջան սահմանելու նախաձեռնություն իրականացրած անձի վերաբերյալ նշում, որպիսի պայմաններում գործատուն չի ունեցել իրավասություն գնահատելու աշխատողի փորձաշրջանի արդյունքները, Վճռաբեկ դատարանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի` սույն դիմումով վիճարկվող դրույթների` Սահմանադրությանը հակասող մեկնաբանության կիրառմամբ, անտեսելով այն հանգամանքը, որ փորձաշրջան սահմանելու նախաձեռնող սուբյեկտի սահմանումը փորձաշրջանի կարևորագույն պայման է, ուստի դրա մասին ուղղակիորեն պետք է նշվեր աշխատանքային պայմանագրում, որպիսին առկա չի եղել կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների յուրօրինակ մեկնաբանման արդյունքում կատարել է տարօրինակ եզրահանգում առ այն, թե գործատուն իրավասու է եղել գնահատելու փորձաշրջանի արդյունքները: Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գործատուն, գտնելով, որ աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, իրավունք է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի և 109-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-րդ կետի հիմքով լուծելու դիմողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, և, ըստ այդմ, վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը և այն փոփոխել` դիմողի ներկայացրած հայցը մերժել: Ամփոփելով իր դիրքորոշումը դիմողը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող նորմերի Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ կիրառման արդյունքում խախտվել են իր` Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ սույն անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանի գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը, մասնավորապես Վճռաբեկ դատարանի: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԴ/40356/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.12.2021թ. որոշմամբ և դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մանյա Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Վաղարշյան
30 հունիսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ–35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
