Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-1620 հունիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 հունիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Հ.

Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի և Արամ Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը և Արամ Հակոբյանը 2016 թվականի հունիսի 3-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի «եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը դատախազի կողմից բողոքարկվող որոշման օրինականությունը ստուգված լինելու պայմաններում դրա պահանջի պարտադիր լինելու մեկնաբանության մասով»:

Դիմողները գտնում են, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290- րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պայման` մինչև նախաքննության մարմնի որոշման դեմ դատարան բողոք ներկայացնելն սպառել արտադատական պաշտպանության միջոցը, այն բացառապես ձևական բնույթ է կրում, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման համաձայն` քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինականությունը այն կայացվելուց հետո անմիջապես ստուգվում է հսկողություն իրականացնող դատախազության կողմից:

Ըստ դիմողների` իրենք չեն կատարել օրենքով սահմանված` արտադատական բողոքարկման պահանջը, քանի որ դա կրելու էր ձևական բնույթ այնքանով, որքանով իրենց գործով նախաքննության ընթացքում նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է անմիջապես ՀՀ գլխավոր դատախազությունը, այսինքն` անմիջապես վերադասը, ուրեմն` վերադաս ատյանն արդեն (ստորադաս ատյանի առկայության բացակայությունը) բացակայում է:

Դիմողները ներկայացրել են միջնորդություն պետական տուրքի վճարումից իրենց ազատելու վերաբերյալ:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ հիշյալ դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի` «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» դրույթը, դատական պրակտիկայում դրան տրված` նաև «անգործությանը» վերագրվող բովանդակության մասով, որով գործնականում նույն հոդվածի 2-րդ մասի վրա տարածելով 1-ին մասում նախատեսված պայմանն ու նման մեկնաբանությամբ դիմողների նկատմամբ կիրառելով հոդվածի 1-ին մասը` սահմանափակվել են մարդու` դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է, որ մինչդատական վարույթում օրենսդիրը դատարանին լիազորել է քննելու ոչ միայն քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների և գործողությունների օրինականության, այլև` անգործության վերաբերյալ բողոքները, իսկ «...և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից» պայմանը բացառապես վերաբերում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումներին ու գործողություններին, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման շրջանակներում չէր կարող վերագրվել նաև հիշյալ մարմինների անգործությանը: Մինչդեռ, գործնականում դատական պրակտիկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին մասի առնչությամբ «գործողություն» եզրույթը հավասարապես վերագրել է նաև անգործությանը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը կարող է, մի կողմից` գործողությունների և որոշումների, մյուս կողմից` անգործության համար սահմանել դրանց բողոքարկման տարբեր ընթացակարգեր: Ընդ որում, սահմանադրական դատարանն իր որոշման 8-րդ կետում հստակ նշել է, որ դատարան դիմելու կարգը, ի թիվս դատարան դիմելու այլ պայմանների, կարող է իրավաչափորեն ներառել նաև օրենքով սահմանված` իրավունքների պաշտպանության արտադատարանական միջոցն սպառելու պայման:

Սահմանադրական դատարանի նշյալ որոշման վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել միայն անգործության մասով, իսկ գործողությունների և որոշումների դատական կարգով բողոքարկման համար արտադատարանական պաշտպանության միջոցի սպառման պահանջը համարվել է իրավաչափ:

Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ վերջինիս շրջանակներում իրավակիրառական պրակտիկան զարգացել է ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշման պահանջներին համապատասխան:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի և Արամ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

20 հունիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել