ՌՈԲԵՐՏ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 25 | ՌՈԲԵՐՏ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 ապրիլի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Ռոբերտ Օրբելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Ռոբերտ Օրբելյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 5-ին) խնդրելով. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթը համարել հակասող ՀՀ Սահմանադրության 10, 28, 61, 63, 73-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր»:
2. Դիմողի կարծիքով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, որը կարգավորում է հարկադիր աճուրդը չկայացած հայտարարելու և անվավեր ճանաչելու հետ կապված հարաբերությունները, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, քանի որ այն չի ապահովում անձի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը: Դիմողը գտնում է, որ իր կողմից ներկայացված բողոքը վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է բացառապես այն պատճառով, որ գործով առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց թիվ 96 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը կամ գրավի և երաշխավորության պայմանագրերը դատարանի վճռով ճանաչված են անվավեր: Դիմողը նշում է, որ հակասահմանադրական օրենքի համաձայն ինքը պետք է վիճարկի աճուրդի արդյունքների մասին 11.08.2017 թ. թիվ 02 գոյություն չունեցող արձանագրությունը», սակայն ապացուցված է, որ թիվ ԵԿԴ/0104/04/16 սնանկության գործում այդպիսի արձանագրություն գոյություն չունի»: Դիմողի համոզմամբ ստորադաս դատարանը խախտել է նյութական իրավունքի նորմերը, քանի որ հայցը մերժելու համար կիրառել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի դրույթը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել Քաղաքացիական օրենսգրքի 304-րդ, 312-րդ, 313-րդ, 467-րդ հոդվածների դրույթները, որոնք պետք է կիրառեր:
3. Դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող իրավական ակտի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Այսպես. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 01.11.2019 թ. կայացնելով դիմողի կողմից ներկայացված գործարքն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասին վճիռ, նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածը նախատեսում է օրենքի խախտմամբ կնքված գործարքը, իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը օրենքի խախտմամբ կատարված հարկադիր աճուրդը շահագրգիռ անձի դիմումով դատարանի կողմից անվավեր ճանաչելու հնարավորություն: Դատարանը նշել է, որ գործով առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց թիվ 96 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը կամ գրավի և երաշխավորության պայմանագրերը դատարանի վճռով ճանաչված են անվավեր, իսկ սույն գործով ևս հայցվորի կողմից չի ներկայացվել դրանք վիճարկելու պահանջ: Իր հերթին, վերաքննիչ դատարանը, վկայակոչելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, նշել է, որ այն նախատեսում է օրենքի խախտմամբ կատարված հարկադիր աճուրդը շահագրգիռ անձի դիմումով դատարանի կողմից անվավեր ճանաչելու հնարավորությունը, և որ տվյալ դեպքում «Ավտովեգ» ԲԲԸ-ն և Ռոբերտ Օրբելյանը թեև պահանջել են անվավեր ճանաչել 29.08.2017 թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սակայն ներկայացրել են սնանկության վարույթի շրջանակներում աճուրդի անվավերությանը վերաբերող փաստարկներ: Վերաքննիչ դատարանը նույնպես եկել է այն եզրահանգման, որ գործարքի անվավերության նկատմամբ կիրառելի են Քաղաքացիական օրենսգրքի իրավադրույթները, այնինչ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է աճուրդի անվավերության կարգը: Այսինքն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի վկայակոչումը թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ վերաքննիչ դատարանի կողմից նպատակ է հետապնդել ցույց տալ այդ դրույթի կարգավորման առարկան, մասնավորապես այն, որ վիճարկվող նորմով նախատեսվում է աճուրդի անվավերության կարգը, մինչդեռ գործարքի անվավերության նկատմամբ կիրառելի են Քաղաքացիական օրենսգրքի իրավադրույթները: Այս պայմաններում դիմողի նկատմամբ դատարանները կիրառել են այլ իրավանորմեր, հետևաբար, առաջին ատյանի դատարանի, այնուհետև վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով վիճարկվող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի վկայակոչումը տվյալ դեպքում չի կարող համարվել կիրառում, քանի որ դիմողի համար չի առաջացրել իրավական հետևանքներ: Սահմանադրական դատարանը, իր 04.04.2008 թ. ՍԴՈ-747 որոշման մեջ անդրադառնալով օրենքի դրույթի կիրառմանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…. «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Սահմանադրական դատարանն իր 2009 թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «…. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռոբերտ Օրբելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
14 ապրիլի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
