«ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 14 | «ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 մարտի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով «ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Կարեն Մեժլումյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մարտի 3-ին, որը համապատասխանեցվելուց հետո վերստին ներկայացվել է 2025 թվականի մարտի 17-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողած ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությունը քննարկելիս և լուծելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր չէ անդրադառնալու վերաքննիչ բողոքի պատասխանով միջնորդության դեմ ներկայացված առարկություններին»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/11049/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ չանդրադառնալով վերաքննիչ բողոքի պատասխանին, վերաքննիչ բողոք բերած անձի միջնորդության վերաբերյալ բողոքի պատասխանում ներկայացված դիրքորոշմանը, խախտել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ գործի արդար քննության իրավունքը՝ դատավարության մասնակիցների հավասարության ու մրցակցության սկզբունքները, լսված լինելու իրավունքը: Դիմողն այս համատեքստում վկայակոչել է նաև իր՝ նշված իրավունքներն առարկայացնող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11, 13 և 32-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը:
Ըստ Դիմողի՝ թեև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 27-ի որոշման մեջ չի վկայակոչել վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված որոշումն առանձին ակտի ձևով կայացված որոշում է, Վերաքննիչ քաղաքացիական դատարանն այն կիրառել է (չէր կարող չկիրառել):
Դիմողը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո ցանկացած այլ փուլում միջնորդության դեմ առարկությանն անդրադառնալը չի ապահովում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով (հաշվի առնելով նաև Սահմանադրության 80 և 81-րդ հոդվածներն ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները) երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը՝ կողմերի մրցակցության սկզբունքը, օրենքի ու դատարանի առջև հավասարության սկզբունքը՝ առարկություն ներկայացնողին միջնորդություն ներկայացնողի համեմատ դնելով ակնհայտ անհավասար դրության մեջ, արդյունքում՝ նրա համար դատական պաշտպանությունը դարձնելով անարդյունավետ:
Դիմողի պնդմամբ՝ նման իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որով առկա է պահանջ՝ որոշման մեջ նշելու դատարանի հետևությունների հիմնավորումները, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հետ կապված հարցերի լուծման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում կիրառվում է այն մեկնաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման ժամանակ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշման հիմնավորումներում պարտադիր չէ նշել միջնորդության դեմ ներկայացված առարկությունները, ուստի նաև՝ անդրադառնալ դրանցով ներկայացված փաստարկներին:
3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ2/11049/02/23 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես, Դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ինչպես Վերաքննիչ դատարանը, այդպես էլ Վճռաբեկ դատարանը ըստ էության գտել են, որ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողած ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդության քննարկման արդյունքում կայացվող որոշմամբ (միջանկյալ դատական ակտ) Վերաքննիչ դատարանը կարող է չանդրադառնալ այդ միջնորդության դեմ ներկայացված առարկությանը և բավարար է, որ առարկությանն անդրադարձ լինի բողոքի քննության արդյունքով կայացված որոշմամբ (եզրափակիչ դատական ակտ)»:
Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/11049/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը՝ չներկայացնելով վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/11049/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
28 մարտի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
