ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 48 | ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 սեպտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Արտակ Խաչատրյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Մ. Դանիելյան, Հ. Հակոբյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…)
(…) Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի, 165-րդ հոդվածի 5-րդ կետի և 265-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 82-րդ հոդվածին և/կամ այլ հոդվածներին»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) անձի՝ ամենամյա վճարովի արձակուրդ ունենալու սահմանադրական իրավունքը ենթադրում է ոչ միայն փաստացի աշխատանքից հանգստի իրավունք, այլև չտրամադրված կամ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցում ստանալու իրավունք, ընդ որում՝ աշխատողն արձակուրդի իրավունքը վաստակում է աշխատանքային հարաբերությունների տևողության ժամանակահատվածի յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար, իսկ այդ աշխատանքային տարվա մեջ պետք է ներառվեն նաև այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում աշխատողը աշխատանքից բացակայել է՝ իր կամքից անկախ պատճառներով:
(...) անձն արձակուրդի իրավունք պետք է ձեռք բերի նաև այն ժամանակահատվածների համար, երբ իր կամքից անկախ պատճառներով՝ փաստացի աշխատանք չի կատարել, եթե նույնիսկ փաստացի աշխատանք կատարած չլինելու պարագայում մեծ հաշվով չունի նաև հանգստանալու, աշխատունակությունը վերականգնելու խնդիր:
(...)
Այնուհանդերձ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպման մեջ ամենամյա արձակուրդի տրամադրման նպատակի մասին նշումը բացառում է անձի՝ իր կամքից անկախ պատճառներով աշխատանքի մեջ չգտնվելու ընթացքի համար ամենամյա արձակուրդ կուտակելու, հետևաբար նաև՝ դրա դիմաց դրամական հատուցում ստանալու իրավունքը»:
Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ինչպես տառացի, այնպես էլ իմաստաբանական վերլուծությունը հանգում է այն մտքին, որ եթե աշխատողը չունի հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու կարիք, ապա չունի նաև ամենամյա արձակուրդի իրավունք: Դիմողի պնդմամբ՝ վերոնշյալ իրավադրույթը թիվ ԵԴ/0727/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում տվյալ կերպ է մեկնաբանվել և կիրառվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից:
Ըստ Դիմողի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ կետից հետևում է, որ եթե աշխատանքից ապօրինաբար ազատված աշխատողը վերականգնվում է նախկին աշխատանքում, ապա հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար ունենում է ձեռք բերված, կուտակված ամենամյա արձակուրդ, սակայն աշխատանքից ապօրինաբար ազատված նույն աշխատողի՝ նախկին աշխատանքում չվերականգնվելու դեպքում համարվում է, որ տվյալ աշխատողը հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար չի վաստակել ամենամյա արձակուրդի իրավունք, մինչդեռ այդպիսի տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ հիմքեր առկա չեն:
Դիմողը նշում է. «(...) եթե աշխատողը վերականգնվի նախկին աշխատանքում, իսկ որոշ ժամանակ՝ թեկուզ մեկ օր անց վերջինիս և գործատուի աշխատանքային հարաբերությունները կրկին դադարեցվեն որևէ հիմքով, ապա այդ աշխատողը դրամական հատուցում կստանա նաև հարկադիր պարապուրդի ընթացքում կուտակած արձակուրդի դիմաց, մինչդեռ եթե աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են ապօրինաբար, իսկ աշխատողը, իրենից անկախ որոշ պատճառներից ելնելով, չի կարող վերականգնվել նախկին աշխատանքում՝ համաձայն Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի, և աշխատանքային պայմանագիրը լուծված է համարվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, ապա այդ դեպքում աշխատողը չի ունենում հարկադիր պարապուրդի ընթացքում կուտակած ամենամյա արձակուրդ և դրա դիմաց դրամական հատուցում ստանալու իրավունք»:
Դիմողը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի իրացման արդյունքում աշխատողը կարող է զրկվել ամենամյա արձակուրդի, ինչպես նաև դրա դիմաց դրամական հատուցում ստանալու իրավունքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող հիշյալ դրույթը սահմանափակում է աշխատողին վճարվող հատուցումների ցանկը, չի նախատեսում այլ հատուցում ստանալու իրավունքի իրացման հնարավորություն:
Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը, 165-րդ հոդվածի 5-րդ կետը և 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում են Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին և 82-րդ հոդվածին այնքանով, որքանով չեն ապահովում լիարժեք, արդյունավետ և բավարար պաշտպանություն աշխատանքից ապօրինի ազատված և իր կամքից անկախ պատճառներով նախկին աշխատանքում չվերականգնված աշխատողների համար, ինչպես նաև չեն ապահովում յուրաքանչյուր աշխատողի ամենամյա արձակուրդի իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է նշված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարաններում դատավարության մասնակից,
բ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի կողմից,
գ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արտակ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի, 165-րդ հոդվածի 5-րդ կետի և 265-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
18 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
