ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 24 | ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 մայիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Հասմիկ Ավետիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ.
1. Հասմիկ Ավետիսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 7-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«Ա/ Դիմումն ընդունել քննության:
Բ/ Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Գ/
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 148-րդ հոդվածի 1-ին մասի, 156-րդ հոդվածի 1-ին մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 08-ին «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով վճռաբեկ բողոքում պահանջը սահմանելու մասով բողոք բերող անձի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պահանջը չի դիտարկվել պատշաճ կերպով և ժամկետում ներկայացված, (այն պարագայում երբ բողոքաբերի պահանջը բխել է վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից և ներկայացվել է դրա համար օրենքով նախատեսված ժամկետներում) վճռաբեկ դատարանի կողմից չափազանց ձևական մոտեցում ցուցաբերելու հետևանքով սահմանափակել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելու և Դիմողի ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում նախատեսված դատական պաշտպանության և դատական մատչելիության իրավունքի իրացումը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կիրառել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ:
Ըստ Դիմողի՝ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում չկա հստակ կարգավորում (սահմանում) առ այն, թե կոնկրետ ինչպես պետք է ձևակերպվի պահանջը, ենթադրվում է, որ պետք է բխի Օրենսգրքի 169-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից:
Դիմողը գտնում է, որ թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ բողոքի պահանջի մասում Վճռաբեկ դատարանից հայցվող լիազորությունը նշված չլինելու հանգամանքը Վճռաբեկ դատարանի կողմից ընթացակարգային կանոնները խիստ նեղ և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող մեկնաբանության հետևանք է, այլ ոչ թե բողոքաբերի կողմից թույլ տրված դատական սխալ:
Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը տրվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող մեկնաբանություն, որի հետևանքով հաջորդիվ ներկայացված շտկված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, և հաշվի առնելով, որ վերոնշյալ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման, բողոքաբերն իսպառ զրկվել է իր հետագա դատական պաշտպանության սահմանադրաիրավական իրավունքն իրացնելու հնարավորությունից:
Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը խախտել է իր դատական պաշտպանության մատչելիության իրավունքը՝ «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումներում Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավադրույթները Սահմանադրության 61, 63, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ կիրառելով:
Ըստ Դիմողի՝ թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին Սահմանադրության 61, 63, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին տրված հակասող մեկնաբանությամբ լուրջ խոչընդոտներ են ստեղծվում անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար, քանի որ հենց այդ փուլում բողոքները վարույթ չեն ընդունվում, հետևաբար՝ անձն էլ զրկվում է ստորադաս դատական ատյանի կողմից թույլ տրված դատավարական կամ նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով իր բողոքի ըստ էության քննության հնարավորությունից:
Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 2023 թվականի նոյեմբերի 8-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումներով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցի առնչությամբ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում ինքը զրկվել է Սահմանադրության համապատասխան հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներից և խախտված աշխատանքային իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դիմումը և դիմումին կից ներկայացված դատական ակտերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասին և 156-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, ինչպես նաև Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողը նշել է, որ «(...) սույն դեպքում վճռաբեկ դատարանը անտեսելով Դիմողի կողմից դատարանին ուղղված խնդրանքը հանգել է այն եզրակացության, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես չի նշվել վճռաբեկ դատարանից հայցվող լիազորությունը»:
Ըստ Դիմողի՝ «Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումը և Հասմիկ Ավետիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում նշված պահանջը, իրավացիորեն հանգում եմ, որ վերջինիս կողմից ներկայացրած վճռաբեկ բողոքը համապատասխանում է դրան ներկայացվող պահանջներին, այսինքն նշված է այն լիազորությունների շրջանակը, որը սահմանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածը, հետևաբար անհասկանալի է վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, թե բողոքաբերը չի նշել դատարանից հայցվող լիազորությունը»:
Դիմողը փաստում է, որ «1. Նախ Դիմողը վճռաբեկ բողոքում հայցել է այն լիազորությունը, որը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով և բխել է դրանից, թեպետև վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի նշվել հայցվող լիազորությունը առհասարակ,
2. Երկրորդ՝ Դիմողը բացի վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները շտկելուց բացի այլ կամ նոր ձևական սխալ թույլ չի տվել, համենայնդեպս այդպիսին բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ չի արձանագրվել»:
Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Գտնում եմ, որ վճռաբեկ դատարանի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը բավականաչափ պատճառաբանված չէ, և դրանում լիովին բացահայտված չեն այն պատճառները և նոր կամ այլ ձևական սխալները, որոնք թույլ է տվել Դիմողը»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը:
Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ Օրենսգրքի 148 և 156-րդ հոդվածների 1-ին մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, ինչպես նաև Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/7829/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հասմիկ Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
17 մայիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
