Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7, 8, 10 ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7, 8, 10 ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14126 նոյեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-141)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 նոյեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 141 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7, 8, 10 ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ

ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7, 8, 10 ԵՎ 12-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ

ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 2-րդ հոդվածի 7, 8, 10 և 12-րդ մասերի, 4-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2019 թվականի հուլիսի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումը, որով ներկայացվել է թիվ ՇԴ/0035/15/18 գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը:

2. Ըստ դիմողի Օրենքի վիճարկվող դրույթների համակարգային

մեկնաբանությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար դատապարտված և պատիժ կրող անձի նկատմամբ համաներման կիրառմամբ կարող է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատվել ինն ամսով, եթե այն հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ չէ, բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության, որի դեպքում համաներում չի կիրառվում, եթե այն հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ չէ, իսկ եթե հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ է, ապա պարզ չի դառնում, թե այս դեպքում համաներման որ կանոնն է ենթակա կիրառման: Դիմողի կարծիքով «Ասվածն առավել է խճճվում այն դեպքում, երբ հարցը դիտարկվում է հանցանքների համակցությամբ նշանակված պատժի նկատմամբ համաներման կիրառման տեսանկյունից»: Նախորդ 2013 թվականի համաներման ակտում սահմանված էր, որ հանցանքների համակցության դեպքում համաներումը կիրառվում է հիմք ընդունելով այդ որոշմամբ սահմանված համաներման առավել խիստ կանոնը, մինչդեռ վիճարկվող օրենքում այդ կանոնը սահմանված չէ, և առաջանում է իրավական անորոշություն համաներման մասին օրենքի կիրառման առումով այն դեպքում, երբ անձը դատապարտվել է հանցանքների համակցությամբ, որի մեջ մտնող յուրաքանչյուր հանցագործության նկատմամբ կիրառելի է հատուկ կանոն:

Վկայակոչելով Սահմանադրության 169-րդ հոդվածը դիմողը գտնում է, որ Օրենքի 2-րդ հոդվածի 7, 8, 10 և 12-րդ մասերը, 4-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում են Սահմանադրությանը:

3. Պատասխանողը, վկայակոչելով Օրենքի վիճարկվող դրույթները, նշում է, որ համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի սահմանադրական լիազորության իրացումը, որպես մարդասիրության ակտ, ենթադրում է որոշակի կատեգորիայի անձանց լրիվ կամ մասնակի ազատում քրեական պատասխանատվությունից և պատժից ելնելով ոչ միայն քաղաքական և տնտեսական նպատակահարմարությունից, այլև, առաջին հերթին ժողովրդավարական իրավական պետությունում նման մարդասիրական քայլի սոցիալական պայմանավորվածությունից:

Պատասխանողը գտնում է, որ համաներում հայտարարելու լիազորությունն իրականացնելիս օրենսդիրը բացառապես գործել է իրեն վերապահված և սահմանադրորեն որոշված հայեցողության սահմաններում, որի հիմքում ընկած են բացառապես ժողովրդավարական հասարակության մեջ գործող իրավունքի ընդհանուր սկզբունքները: Պատասխանողը հայտնում է, որ գործի վարույթը ենթակա է կարճման դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման (2019 թվականի փետրվարի 26-ի ՍԴՈ-1447) առկայության պատճառով:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում դրա անորոշությամբ պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ իրավունքի (կամ օրենսդրական) բացի և գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում: Սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914 և ՍԴՈ- 933 որոշումներում իրավունքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Իսկ 08.04.2014թ. ՍԴՈ-1143 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրությամբ կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը: Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն իր 04.09.2019թ. ՍԴՈ-1476 որոշման մեջ նշել է. «…. 1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից. 2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով. 3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից. 4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը. 5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Մինչդեռ, դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե սահմանադրականության հարց և դրան համապատասխան ներկայացնում իր կողմից վիճարկվող դրույթի

հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, այլ այդ նորմի և վերջինիս առանձին եզրույթների իրավաբանական և քրեաիրավական բովանդակության բացահայտման, իրավակիրառական պրակտիկայում դրանց միակերպ ընկալման ու կիրառման հարցեր` ներկայացնելով դրանք որպես խոչընդոտ իր վարույթում գտնվող քրեական գործով ըստ էության որոշում կայացնելու հարցում:

Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ (և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ... ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

5. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի (կոնկրետ վեճի լուծման համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կիրառման ենթակա նյութական և/կամ դատավարական նորմերի) բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի դիմողի փոխարեն կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի կամ դիմողի հետ չհամաձայնելու դեպքում դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթի կատարման, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ:

6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատարաններն իրենց բնորոշ գործառույթներին համարժեք լիազորությունների առկայության պայմաններում ունակ են լուծելու դիմողի առաջադրած խնդիրները, ի թիվս այլնի համաչափության և խտրականության արգելման սահմանադրական սկզբունքների լույսի ներքո վիճարկվող դրույթները մեկնաբանելու միջոցով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության հանցագործությունների համակցությունների պարագայում համաներման առավել խիստ կանոնի կիրառման տրամաբանությամբ է զարգացել իրավակիրառ պրակտիկան, մասնավորապես, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հանցագործությունների և դատավճիռների համակցությամբ դատապարտված անձանց նկատմամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կիրառվել է Օրենքով «նախատեսված հատուկ առավել խիստ կարգավորում կամ սահմանափակում նախատեսող կանոնը»: Այլ կերպ քննարկվող դեպքում բացակայում է նաև այնպիսի հակասական իրավակիրառական պրակտիկան, որի առկայությունը թույլ կտար ձևավորել որոշակի ողջամիտ կասկածներ խնդրո առարկա հարաբերություններում համակարգային խնդիրների առկայության մասին:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7, 8, 10 և 12-րդ մասերի, 4-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

26 նոյեմբերի 2019 թվականի

ՍԴԱՈ-141

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 նոյեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-141
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել