ԴԱՎԻԹ ԴՈԼԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 59 | ԴԱՎԻԹ ԴՈԼԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 հոկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Դավիթ Դոլինյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Դավիթ Դոլինյանը (ներկայացուցիչ փաստաբան Զորայր Հարությունյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 4-ին) խնդրելով. «Ճանաչել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ կետը ՀՀ Սահմանադրության 27-րդ, 72-րդ և 79-րդ հոդվածներին անհամապատասխանության մասով հակասող և անվավեր»: Դիմողը նշում է, որ թիվ 10194118 քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 27-ին Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով իրեն մեղադրանք է առաջադրվել: 2018 թվականի նոյեմբերի 8-ին դիմողին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դիմողը հայտնում է, որ գործով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման համար, իսկ դատարանը «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի (այսուհետ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով անհնար է համարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համաներմամբ պատժից ազատումն իր նկատմամբ կիրառելը: Նշվում է, որ 2021 թվականի մայիսի 31-ին կայացված դատավճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ մերժվել է: Վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2022 թվականի հունիսի 30-ի իր որոշմամբ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել է: Վկայակոչելով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 8-րդ, 10-րդ և 12-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը դիմողը գտնում է, որ Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի իրավակարգավորումը պետք է վերաբերի միայն այն քրեական գործերին, որոնցով քննությունն ամբողջությամբ ավարտված է, և առկա է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, այլ կերպ կիրառելի է դատապարտյալների նկատմամբ: Ըստ դիմողի «դատական ակտով նշանակված պատժաչափը» եզրույթը չէր կարող ընկալվել այն կերպ, որ քննարկվող իրավադրույթով սահմանված արարքների կատարման համար մեղադրվող անձանց նկատմամբ Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը կիրառելի չէ, քանի որ այդպիսի պնդում կատարելու համար անհրաժեշտ կլինի մատնանշել անձին ազատազրկման դատապարտելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն իր դեպքում առկա չի եղել: Դիմողը գտնում է, որ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ համաներում չկիրառելու հիմքը սահմանված է Օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով, իսկ արդեն Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասը նախատեսում է դատապարտյալների նկատմամբ համաներում չկիրառելու հիմքը: Այս առումով դիմողն օրինակ է բերում և նշում, որ այն դեպքում, երբ մինչև համաներման ակտի ընդունումն անձը երեք տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար, նրա նկատմամբ կայացված դատական ակտն ստացել է օրինական ուժ, և նա գտնվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում, Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումը պետք է բացառեր նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման կիրառումը, իսկ անձի նկատմամբ համաներումը ենթակա կլիներ կիրառման այնքանով, որքանով վերջինիս նկատմամբ նշանակված պատժի չափը կրճատվում է ինն ամսով: Ըստ դիմողի դատարանները, ղեկավարվելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափն ինն ամսով կրճատելու կանոնով, իր նկատմամբ չեն կիրառել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատելու կանոնն այն պայմաններում, երբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Դիմողը գտնում է, որ համաներման ակտը պետք է համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, և քննարկման է ենթակա այն հարցը, թե արդյո՞ք Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասն այն աստիճան հստակ է ձևակերպված, որ ինքը, կարդալով այն, կարող էր գիտակցել, որ տվյալ իրավադրույթը կիրառելի է իր նկատմամբ այն պայմաններում, երբ վերջինս դեռևս չէր հանդիսանում օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտով մեղավոր ճանաչված և ազատազրկման դատապարտված անձ, և հետևապես` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման կիրառումն իր հանդեպ բացառվում է: Դիմողը եզրակացնում է, որ իր գործով դատական ակտերով դատարանները համաներման ակտի կիրառման բացառություններ սահմանող երկու տարբեր իրավակարգավորումներ մեկնաբանել են այն կերպ, որ երկու իրավադրույթներն էլ կիրառելի են կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ, մինչդեռ այդ կանոնները, ըստ դիմողի, չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և հետևապես` խախտում են անձի Սահմանադրության 27, 72 և 79-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվում են հետևյալ կարգավորումները. «1. Համաներում հայտարարելով պատժից ազատել`
առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց. (…)
8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել ինն ամսով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 266-րդ հոդվածի 1-ին մասով, (…) նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն։ (…)
10. Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքերի)` (…)
5) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (…) նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն։ (…)
7) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն արգելվում է. (…)
12. Սույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ»: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Դիմողը գտնում է, որ Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի մեկնաբանումից հետևում է, որ այն կիրառելի է միայն նրանց հանդեպ, ում նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, իսկ գործով համաներման հարցը լուծելիս իր հանդեպ կայացված և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ առկա չէ։ Դիմողը նշում է, որ դատարանները, ղեկավարվելով Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասով, իր նկատմամբ չեն կիրառել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատելու կանոնն այն պայմաններում, երբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը Սահմանադրական դատարանին առաջադրում է այն խնդիրը, որ իր նկատմամբ Օրենքի հիման վրա համաներում կիրառելու հարցը լուծելիս դատարանները ղեկավարվել են Օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասով, որն ըստ դիմողի վերագրելի է միայն դատապարտյալներին, որպիսի կարգավիճակ ինքը չուներ։ Այսինքն դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերը, 69-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դավիթ Դոլինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Խաչատրյան
Ե. Խունդկարյան
26 հոկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
