«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 փետրվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 9 | «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 փետրվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ (այսուհետ նաև` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2025 թվականի փետրվարի 10-ին, որով Դիմողը խնդրել է.
«1. Մինչև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.05.2023թ. թիվ ՀՕ-160-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը կիրառելի է նաև ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի նկատմամբ, ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 397-րդ հոդվածների և 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքում առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու հանգամանքը հիմնավորված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նկատմամբ թիվ ԵԴ/34719/02/22 քաղաքացիական գործով կայացված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/34719/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով դատարանների կողմից Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին (իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ) տրված մեկնաբանությունը խախտում է Սահմանադրության 79-րդ հոդվածը, ինչպես նաև հանգեցնում՝ Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:
Դիմողը նշում է, որ Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ ԱՕ) 265-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ այն կիրառելի է այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել կամ լուծվել է գործատուի նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում նշյալ իրավանորմում անիմաստ կլիներ օրենսդրի կողմից ընդհանրապես օգտագործել «գործատուի նախաձեռնությամբ» եզրույթը: Հետևաբար, ըստ Դիմողի, բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ոչ թե գործատուի, այլ աշխատողի նախաձեռնությամբ կամ կողմերի համաձայնությամբ, ԱՕ վիճարկվող դրույթը չի կարող համարվել կիրառելի:
Դիմողի պնդմամբ՝ ԱՕ վիճարկվող դրույթի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը գործատուի նախաձեռնությունը չէ, կարող է հանգեցնել գործատուի սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, նման պարագայում գործատուի վրա դրվող պարտականությունները կարող են հանգեցնել ինչպես վերջինիս գույքային դրության վատթարացման, այնպես էլ խախտել նրա՝ սեփականության իրավունքի հետ կապված շահերը:
Դիմողը նաև նշում է, որ մինչև «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.05.2023 թ. թիվ ՀՕ-160-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ԱՕ 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ նշյալ հոդվածը կիրառելի է նաև ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի նկատմամբ, հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին:
Դիմողը, անդրադառնալով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) վիճարկվող 6-րդ, 9-րդ հոդվածներին, 394-րդ հոդվածի 2-րդ մասին և 397-րդ հոդվածին, նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել ՔԴՕ 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, հակասում է Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին:
Միաժամանակ, Դիմողը, անդրադառնալով ՔԴՕ վիճարկվող 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքում՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու հանգամանքը հիմնավորված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, նշում է, որ այն հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 171-րդ հոդվածներին:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական նշյալ նորմն իր ամրագրումն է ստացել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ սահմանված են դիմումի ընդունելիության օրենսդրական չափանիշների իրավական առանձնահատկությունները, որոնք դիմողը պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս: Ի շարս այլ չափանիշների՝ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումի առարկայի վերաբերելիությանը Սահմանադրական դատարանի իրավասությանը և այդ համատեքստում նաև՝ դիմումի առերևույթ հիմնավորվածությանը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ «(...) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Նշված համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության կարգով քննության առնվող գործերի ընդունելիության հարցը քննելիս հիմնաքարային նշանակություն ունեն դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի կիրառումը, այսինքն՝ որոշակի իրավանորմով դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը և այդ իրավանորմի կամ դրա կիրառման հակասահմանադրականության առերևույթ հիմնավորվածությունը: Դա բխում է կոնկրետ սահմանադրական վերահսկողության խնդիրներից, որոնք են՝ Սահմանադրության անմիջական գործողության երաշխավորումն ու մարդու սահմանադրական (հիմնական) իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա կարող են դառնալ միայն այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումը ոչ թե վերաբերում է վիճարկվող՝ ԱՕ 265-րդ հոդվածի 1-ին մասի և ՔԴՕ 6-րդ, 9-րդ, 397-րդ հոդվածների կամ դրանց կիրառման պրակտիկայի հակասահմանադրականությանը, այլ Դիմողը պարզապես իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/34719/02/22 քաղաքացիական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը նշյալ իրավադրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումները, ըստ էության, վերաբերում են դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափությանը:
Ըստ այդմ՝ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
3.2. ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել հետևյալը.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հետևում է, որ Սահմանադիրն անհատական դիմումի ընդունելիության պայման է համարում Սահմանադրական դատարանում վիճարկվող իրավադրույթի՝ վերջնական դատական ակտով անձի նկատմամբ կիրառված լինելը:
Միևնույն պահանջն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ բացահայտել է «կիրառում» հասկացությունը` մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու/չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:
Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/34719/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում՝ Դիմողի կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում վերջինիս կողմից վիճարկվող՝ ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-կետի կիրառված լինելը։ Մասնավորապես՝ թիվ ԵԴ/34719/02/22 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 7-ին կայացրած որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողի վճռաբեկ բողոքում վերաքննիչ դատարանի որոշումը վիճարկվել է ՔԴՕ 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Համապատասխանաբար՝ Վճռաբեկ դատարանի կողմից Դիմողի բողոքը վարույթ չընդունելու հիմքում դրվել և այդպիսով կիրառվել է նշյալ իրավանորմը: Մինչդեռ, Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումում Դիմողը՝ որպես Վճռաբեկ դատարանի որոշմամբ իր նկատմամբ կիրառված իրավադրույթ վկայակոչել է ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, այն է՝ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ»:
Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ չի կիրառվել, հետևաբար՝ ակնհայտ է, որ Դիմողի կողմից վիճարկվող տվյալ դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը)՝ վերջինիս կողմից ներկայացված համատեքստում, սույն պարագայում չէր կարող որևէ անմիջական իրավական հետևանք առաջացնել նրա համար:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող օրինադրույթի իր նկատմամբ կիրառված լինելը։ Ուստի՝ Դիմողն այս առումով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ՔԴՕ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով ենթակա է մերժման՝ Դիմողի՝ իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Դ. Խաչատուրյան
Ե. Խունդկարյան
24 փետրվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
