Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4830 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 48 | ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան

30 սեպտեմբերի 2020 թ.

Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի (նախագահող), Ա. Դիլանյանի և Ա. Թունյանի, քննության առնելով Սուրեն Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սուրեն Ավետիսյանը 2020 թվականի օգոստոսի 26-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ, 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 199-200-րդ, 362-րդ, 380-րդ, 381-րդ և 382-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրության 1, 3, 23, 29, 62, 63 հոդվածներին ճանաչել հակասող և անվավեր»:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

2. Դիմողը հայտնել է, որ իր կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ին ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցադիմումը վերադարձվել էր դրանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու հաշվարկի սկզբնաժամկետը կետանցի օրը, և նույն հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը դատարան ներկայացված չլինելու հիմքով։ Նշված թերացումը դիմողի կողմից ուղղվելուց և հայցադիմումը դատարան ներկայացվելուց հետո նույն դատարանն այլ կազմով 2020 թվականի հունվարի 13-ին հայցադիմումի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ նույն կողմերի միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Այս հանգամանքը, ըստ դիմողի կողմից վիճարկվող իրավանորմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է ծառայել ընդհանուր իրավասության դատարանի համար։ Այնուհետև, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում իր վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դատարանը, ըստ դիմողի, անտեսել է այն հանգամանքը, որ ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն չէր կարող կիրառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները, այլ պարզապես պետք է ուսումնասիրության առարկա դարձներ այն հանգամանքը, թե շտկվել են արդյոք դիմողի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ արձանագրված թերությունները, և այդ պահանջը պահպանված լինելու դեպքում հայցադիմումն ընդուներ վարույթ։ Դիմողի պնդմամբ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ թերությունը շտկելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումը ստանալով այլ կազմով նույն դատարանը արձանագրել է իր հայցադիմումի վարույթ ընդունելն այլ հիմքով մերժելու որոշում, իրեն զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

Դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող մյուս դրույթների Սահմանադրությանն անհամապատասխանության վերաբերյալ իրավական հիմնավորումներ չի ներկայացրել:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը և դրան կից դիմողի ներկայացրած նյութերն ու հիմնավորումները, գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մասով

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նշյալ դրույթների մասով բարձրացրել է դրանց կիրառման իրավաչափության հարց: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը անհամապատասխանության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումների առանցքում նշված նորմերի կիրառման իրավաչափության բացն է։ Այսինքն այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չէր կարող կիրառել դրանք, այլ պետք է միայն ուսումնասիրեր, թե արդյո՞ք դիմողը վերացրել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ի ընդհանուր իրավասության դատարանի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները: Այսինքն դիմողը քննարկման առարկա է դարձրել ընդհանուր իրավասության դատարանի կողմից վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցը վերջիններիս ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն եթե դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր այս նախկինում արտահայտած դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով: Հետևաբար սույն դիմումով ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության ստուգման մասով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199- 200-րդ, 302-րդ, 362-րդ, 380-րդ, 381-րդ և 382-րդ հոդվածների մասով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ դրույթների մասով դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները, հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ, 302-րդ, 362-րդ, 380-րդ, 381-րդ և 382-րդ հոդվածների սահմանադրականության ստուգման պահանջի մասով անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որի հիմքով և դիմումի այդ մասի քննությունը նույնպես ենթակա է մերժման:

Հետեւաբար, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Սուրեն Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Դատավորներ

30 սեպտեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-48

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-48
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել