Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14417 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-144)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 144 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 192-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԴ1/0361/01/24 որոշման դեմ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Մնացականյանի վերաքննիչ բողոքը, 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«Թիվ ԵԴ1/0361/01/24 քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Թիվ ԵԴ1/0361/01/24 քրեական գործով դատալսումները հետաձգել՝ մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0361/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը, շարադրելով վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը, Սահմանադրության 63, 79 և 81-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 6, 12, 24, 189 և 192-րդ հոդվածների վերաբերելի դրույթների բովանդակությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումների շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Դիմողը նշում է. «(...) քրեական հետապնդումը քրեական վարույթի առանցքն է և, եթե քրեական վարույթն իրականացվում է փաստի առթիվ, ապա քրեական հետապնդումը՝ անձի նկատմամբ:

Քրեական հետապնդման հարուցումը նույնանում է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու հետ, դրանով անձին պետության կողմից պաշտոնական մեղադրանք է ներկայացվում և այդ պահից սկսած անձի նկատմամբ կարող են կիրառվել դատավարական հարկադրանքի հիմնական միջոցները»:

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0136/11/11 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը և անդրադառնալով 1998 թվականի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների բովանդակությանը՝ Դիմողն արձանագրում է, որ գործող Օրենսգրքի պայմաններում քրեական հետապնդման սկիզբը դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելն է: Այս առնչությամբ Դիմողը փաստում է. «(...) թեև օրենսդիրը մի կողմից սահմանում է քրեական հետապնդման ժամկետներ, իսկ մյուս կողմից դրանք կապում է միայն դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնելու միջոցով անձին մեղադրյալի կարգավիճակ տալու հետ, սակայն քրեադատավարական հարաբերությունների մասնակից կարող է դառնալ նաև մեղադրյալ չհանդիսացող, սակայն հանցագործության մեջ կասկածվող անձը, մասնավորապես այն դեպքում, երբ ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ անձը կարող է փաստացի քրեական հետապնդման ենթարկվել նաև մինչև դատախազի կողմից այդ մասին որոշում կայացնելը»:

Դիմողի դիտարկմամբ՝ գործող օրենսդրական կարգավորման պայմաններում ստացվում է, որ թեև անձը ձերբակալվելով ներգրավվում է վարույթին, սակայն նրան տևական ժամանակ կարող է Օրենսգրքով սահմանված կարգով ձևական առումով չտրվել մեղադրյալի դատավարական կարգավիճակ, և քրեական հետապնդում չհարուցվել, ինչից էլ, Դիմողի կարծիքով, հետևում է, որ այդ ողջ ժամանակահատվածում անձի նկատմամբ կարող է քրեական հետապնդում չհարուցվել: Այս կապակցությամբ Դիմողը պնդում է. «Մինչդեռ հարկ է արձանագրել, որ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձին ձերբակալելիս իրականացվող փաստացի հետապնդման մասին է վկայում նաև այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալմանը վերաբերող կարգավորումներից հետևում է, որ նշված հիմքով ձերբակալվելիս անձը ձեռք է բերում մեղադրյալի վերաբերելի իրավունքները և պարտականությունները»:

Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառապես դատախազի կողմից մեղադրանք հարուցելու պահից հաշվելը և այդ պահի հետ հետապնդման ժամկետները կապելը հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատաքննության, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին, Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքին և Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների՝ ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումներին չգերազանցելու սկզբունքին:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով քրեական հետապնդման ժամկետները կապում է միայն դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու հետ և չի ներառում անձի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում իրականացնելու ժամանակահատվածը, այդ թվում՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ձերբակալելու պահից, չի համապատասխանում Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին և 81-րդ հոդվածի 2-րդ մասին:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում դատարանների ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ վերջիններիս՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, որը, ի թիվս այլնի, ներառում է վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության հիմնավորումը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող հարցին առ այն, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ՝ հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացերի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը:

«Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254):

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, այդ թվում՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական համալիրի կիրառմամբ, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման նախապայման է:

Սույն մոտեցումից տարբերվող գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը:

Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ, այդ թվում՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության վերաբերյալ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումի շրջանակներում Դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը հիմնավորող իր դատողությունների շղթան, որը պետք է հստակ արտացոլվի սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ դիմումի (որոշման) շրջանակներում: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացրած դիմումով (որոշմամբ) Դիմողը սահմանափակվել է լոկ թիվ ԵԴ1/0361/01/24 քրեական գործի դատավարական նախապատմության շարադրմամբ. տվյալ գործով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Մնացականյանի՝ վերաքննիչ բողոքի շրջանակներում ներկայացրած փաստարկները մատնանշելով, ապա վկայակոչելով նաև վիճարկվող նորմի և վերաբերելի այլ իրավակարգավորումների բովանդակությունը՝ եզրահանգելով, որ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառապես դատախազի կողմից մեղադրանք հարուցելու պահից հաշվելը և այդ պահի հետ հետապնդման ժամկետները կապելը հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված՝ արդար դատական քննության, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքին և ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումներին չգերազանցելու սկզբունքին»:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների, այդ թվում՝ վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու մեթոդաբանական համալիրի կիրառման անհնարինության բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ու հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

17 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-144

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-144
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել