Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՆՈՐՎԻԿ» ԼՈՒՎԿ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՆՈՐՎԻԿ» ԼՈՒՎԿ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18825 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-188)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 188 | ««ՆՈՐՎԻԿ» ԼՈՒՎԿ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՆՈՐՎԻԿ» ԼՈՒՎԿ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 126-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Նորվիկ» ԼՈՒՎԿ ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2026 թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Նորվիկ» ԼՈՒՎԿ ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Էմմա Պետրոսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն իրավակիրառական բովանդակությամբ, ըստ որի 2017 թվականին դատաքննության նախապատրաստական փուլում հայցից հրաժարվելու հիմքով վարույթի կարճումը համարվում է նույն պահանջով հետագա դիմելու անհաղթահարելի արգելք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 73-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԱԴԴ/0156/02/17 և թիվ ԵԴ2/0808/02/26 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով այն մեկնաբանվում և կիրառվում է այնպես, որ նախկին վարույթում պահանջից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճումը համարվում է նույն պահանջով հետագայում դատարան դիմելու անհաղթահարելի արգելք նաև այն դեպքերում, երբ հրաժարումը փաստացի կատարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, և այդ ժամանակահատվածում գործող՝ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում էր կրկին դիմելու բացառություն, համապատասխանում է Սահմանադրության 61, 63, 78 և 79-րդ հոդվածներին և չի խախտում անձի արդար դատաքննության իրավունքը, արդյո՞ք Սահմանադրության 63-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ պատճառաբանված դատական ակտի իրավունքին համապատասխանում է այն իրավակիրառ պրակտիկան, որի արդյունքում ՀՀ դատարանները, լուծելով գործի ելքի համար վճռորոշ նշանակություն ունեցող փաստական հարցը (այն է՝ թիվ ԵԱԴԴ/0156/02/17 քաղաքացիական գործով հայցից մասնակի հրաժարման դատավարական պահի որակումը՝ նախապատրաստական, թե դատաքննության փուլ), սահմանափակվել են բացառապես «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա ոչ միանշանակ ձևական նշման վերարտադրմամբ՝ առանց ինքնուրույն հետազոտելու և գնահատելու համապատասխան նիստի արձանագրության բուն բովանդակությունը:

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ անկախ նրանից, թե ի՞նչ կարգավորումներ են սահմանված եղել 2017 թվականին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (թիվ ԵԱԴԴ/0156/02/17 քաղաքացիական գործով համապատասխան վճռի կայացման պահին), արգելվում է նույն անձանց միջև նույն առարկայի մասին վեճի քննությունը, վիճարկվող դրույթի հետապնդած իրավաչափ նպատակը, այն է՝ իրավական որոշակիության պաշտպանությունը և նույն վեճի բազմակի քննության կանխումը, վերածվում է բացարձակ արգելքի այն իրավիճակում, որի համար 2017 թվականին գործած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել էր բացառություն:

Նման մեկնաբանության հետևանքով, Դիմողի պնդմամբ, ինքը ոչ միայն չի ստանում իր պահանջի ըստ էության քննություն, այլև զրկվում է այն դատավարական ընտրության հետևանքից, որը 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակորեն կապել էր դատաքննության նախապատրաստական փուլում հայցից հրաժարվելու հետ: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ դատավարական արգելքն այդպիսով գործում է ոչ թե որպես իրավական որոշակիության համաչափ միջոց, այլ որպես դատարանի մատչելիության ամբողջական փակուղի:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով այն մեկնաբանվում և կիրառվում է այնպես, որ նախկին վարույթում պահանջից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճումը համարվում է նույն պահանջով հետագայում դատարան դիմելու անհաղթահարելի արգելք նաև այն դեպքերում, երբ հրաժարումը փաստացի կատարվել է դատաքննության նախապատրաստական փուլում, և այդ ժամանակահատվածում գործող՝ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում էր կրկին դիմելու բացառություն, հանգեցնում է Սահմանադրության 61, 63, 73, 74, 75 և 78-րդ հոդվածների խախտման:

Դիմողը պնդում է, որ թեև հայցադիմումը վարույթ ընդունելու պահին դատարանն այն գնահատում է այդ պահին գործող իրավակարգավորումներին համապատասխան, այնուամենայնիվ, այն պետք է կիրառվեր՝ հաշվի առնելով 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը: Հակառակ մեկնաբանության պարագայում, ըստ Դիմողի, ստացվում է, որ սահմանափակվում է հայցվորի արդար դատաքննության իրավունքն այն հիմքով, որ վերջինս կատարել է գործողություններ, որոնցով սպառել է իր այդ իրավունքը, սակայն նման գործողությունների կատարման պահին առկա չէր խնդրո առարկա իրավունքի սահմանափակումը նախատեսող օրենք: Հետևաբար՝ Դիմողը նշում է, որ նման մեկնաբանության պայմաններում խախտվում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքը, արդյունքում նաև իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:

Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ2/0808/02/26 քաղաքացիական գործի շրջանակներում ձևավորված իրավիճակը իրավական նորմի կիրառման ընթացակարգային կամայականություն է, այսինքն՝ վիճարկվող դրույթով նախատեսված չափանիշների ստուգման ընթացակարգը կիրառվել է առանց ապացուցողական հիմքի պատշաճ հետազոտման, որը վերաբերում է հենց իրավակիրառ գործընթացի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը տվյալ պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61, 63, 73, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 73, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար՝ Սահմանադրության 73, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Նորվիկ» ԼՈՒՎԿ ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԱՈ-188

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-188
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել