Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՖԵԼԻՔՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՖԵԼԻՔՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1321 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 13 | ՖԵԼԻՔՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 մարտի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով Ֆելիքս Հայրապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ֆելիքս Հայրապետյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մարտի 6-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«Ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0428/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) իմ 6 ընտանիքները կոռուպցիոն հիմքով զրկվել են հողի նկատմամբ սեփականության ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավունքից (այսօր ապօրինի զավթված հողամասերը վերադարձվում են պետությանը, իսկ քաղաքացուց ապօրինի վերցված հողատարածքը հնարավոր չէ՞ արդյոք վերադարձնել տիրոջը, հիմք՝ ՀՀ պետական արբիտրաժի 1992թ.-ի նոյեմբերի 26-ի թիվ 1/1198 և ՀՀ արբիտրաժային դատարանի 1995թ. 0-195 որոշումները: (...))»:

Ըստ Դիմողի՝ իր հիմնավորումները չեն քննարկվել ՀՀ դատարանների կողմից և «(...) չեն հիմնավորել, թե արբիտրաժային դատարանի 1995թ.-ի վճիռը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, նրա դատական համակարգին թե ոչ, իրենց որոշումներում բացարձակապես բացակայում է իմ հիմնավորումների համար պատճառաբանական մասը և վերացականորեն գրել են, որ հիմքերը բավարար չեն, այդ դեպքում ինչ հիմքով են կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքները Հայաստանի Հանրապետությանը և նրա դատական համակարգին չպատկանող փաստաթղթի նկատմամբ՝ գիտակցաբար խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան Քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 4-րդ հոդվածները, որոնց համաձայն ՀՀ օրենքները գործում են ՀՀ տարածության և ժամանակի մեջ, Պետության դրոշի կամ տարբերանշանի ներքո (...)»:

Դիմողը գտնում է, որ «(...) դատավորները դիտմամբ նշված խախտումները չեն նկատել և իմ բողոքը դիտարկել են քննիչի և դատախազի սուտ որոշումների հիմքով՝ թե բողոքը չի վերաբերում հիմնարար խախտման և բացառիկ վերանայման ենթակա չէ, ավելին, դատախազ Ս. Բեգլարյանը ոչ միայն չի անդրադարձել բողոքաբերի 25.07.2024թ.-ի դիմումին (...), փոխել է բողոքաբերի անուն, ազգանունը, սեռը՝ գիտակցելով, որ իր նախորդը՝ Դ. Կարապետյանը 2012թ.-ին կարողացել է փոխել պետության «անուն, ազգանունը» և չի ենթարկվել պատասխանատվության, գործել են նույն մտածելակերպով, հաշվի չառնելով ոչ մի օրենք, խախտելով ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջը»:

Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը՝ թույլ է տվել մարդու իրավունքների հիմնարար խախտում: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ «(...) Վճռաբեկ դատարանի դատավորները որոշումներում նշել են, որ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, պետք է նշեմ, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր, որը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, բացի այդ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, (...)»:

Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քանի որ ՀՀ արբիտրաժային դատարանի կողմից 1995 թվականին կայացված թիվ 0-195 որոշումը «չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը և նրա դատական համակարգին», ինչի հետևանքով, ըստ Դիմողի, խաթարվել է արդարադատության բուն էությունը: Դիմողն այս համատեքստում հարցադրում է կատարում այն մասին, թե նշված պայմաններում «(...) հայցվորն արդյոք զրկված է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքն իրականացնելու հնարավորությունից»:

Դիմողը նաև գտնում է, որ դատարանների կողմից չեն պահպանվել Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածների պահանջները:

Միաժամանակ Դիմողը դիմումով ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն այս կապակցությամբ արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Իմ (...) հիմնավորումները չեն քննարկվել նշված դատարանների դատավորների կողմից և չեն հիմնավորել, թե արբիտրաժային դատարանի 1995թ.-ի վճիռը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, նրա դատական համակարգին թե ոչ, իրենց որոշումներում բացարձակապես բացակայում է իմ հիմնավորումների համար պատճառաբանական մասը և վերացականորեն գրել են, որ հիմքերը բավարար չեն, այդ դեպքում ինչ հիմքով են կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքները Հայաստանի Հանրապետությանը և նրա դատական համակարգին չպատկանող փաստաթղթի նկատմամբ՝ գիտակցաբար խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան Քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 4-րդ հոդվածները, որոնց համաձայն ՀՀ օրենքները գործում են ՀՀ տարածության և ժամանակի մեջ, Պետության դրոշի կամ տարբերանշանի ներքո (...)»:

Բացի դրանից, Դիմողը նշում է ՝ «(...) դատավորները դիտմամբ նշված խախտումները չեն նկատել և իմ բողոքը դիտարկել են քննիչի և դատախազի սուտ որոշումների հիմքով՝ թե բողոքը չի վերաբերում հիմնարար խախտման և բացառիկ վերանայման ենթակա չէ, (...)»:

Միաժամանակ, ըստ Դիմողի՝ «(...) վճռաբեկ դատարանները ակտը կայացնելիս թույլ են տվել դատական սխալ (արբիտրաժային դատարանի 1995թ.-ի թիվ 0-195 որոշումը չի պատկանում ՀՀ-ին և նրա դատական համակարգին), որը խաթարել է արդարադատության բուն էությունը, (...)»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0428/11/24 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածների հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով՝ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Ֆելիքս Հայրապետյանի՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Ֆելիքս Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

21 մարտի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել