ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հոկտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 90 | ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևան 14 հոկտեմբերի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Վ. Վարդանյանի
Քննության առնելով Արտակ Ղազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտակ Ղազարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 25-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին՝ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային կապում, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը՝ այնքանով, որքանով մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման հատուկ վերանայման ընթացքում, բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի շրջանակում, վերադաս դատարանը կարող է ինքնուրույն դատական ստուգման առարկա դարձնել նաև առաջին ատյանի դատարանի կողմից բողոքաբերի օգտին լուծված, սակայն հատուկ վերանայման բողոքով կամ դրա պատասխանով չվիճարկված նախադրյալային իրավական հարցը, մասնավորապես՝ վիճարկվող մինչդատական վարութային ակտի՝ նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների առարկա լինելու հարցը՝ դրանով իսկ որպես հետևանք՝ հնարավորություն ստեղծելով բողոքաբերի բողոքի հիման վրա այդ հարցը նրա համար առավել անբարենպաստ կերպով լուծելու, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին հակասող և անվավեր։
(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը այնքանով, որքանով դրանով վարույթն իրականացնող քննիչի (վարույթի հանրային մասնակցի) ինքնության, վարույթի ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու տուժողի միջնորդության կապակցությամբ վարույթի հանրային մասնակցի դրսևորած անգործությունը, դուրս է բերվում մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների առարկայի շրջանակից, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0517/11/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերին` նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային կապում, խնդրո առարկա գործի շրջանակներում տրված մեկնաբանության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ստորադաս դատարանում հետազոտված նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա հիմնվելու իրավասությունը, նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի շրջանակներում, վերադաս դատարանին իրավասություն է վերապահում իր դատական ստուգման առարկայի մեջ ներառելու նաև այդ հիմքին և փաստերին վերաբերող այնպիսի իրավական հարցեր, որոնք հատուկ վերանայման բողոքով կամ դրա պատասխանով ուղղակիորեն չեն բարձրացվել:
Դիմողը գտնում է, որ վերը նշված վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված նման մեկնաբանության պայմաններում բողոքում նշված հիմքը և այն հաստատող փաստերը կանխորոշում են հատուկ վերանայման ընդհանուր սահմանները, մինչդեռ այդ շրջանակի ներսում դատական ստուգման առարկան ինքնաբերաբար ներառում է նաև տվյալ հիմքին և փաստերին առնչվող՝ ստորադաս դատարանում քննարկված և լուծված, սակայն հատուկ վերանայման բողոքով կամ դրա պատասխանով ինքնուրույն չբարձրացված իրավական հարցերը:
Բացի դրանից, Դիմողը պնդում է, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերին՝ 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային կապում, իրավակիրառ պրակտիկայում տրված նման մեկնաբանության պայմաններում անձի կողմից վերադաս դատարանի առջև դատական պաշտպանության նպատակով բարձրացված իրավական հարցերը կարող են մնալ չքննարկված ոչ թե բողոքի ընդունելիության՝ օրենքով նախատեսված պայմանների չպահպանվածության հետևանքով, այլ բողոքով ընդհանրապես չբարձրացված մեկ այլ՝ նախադրյալային իրավական հարցին տրված անբարենպաստ պատասխանի պատճառով:
Արդյունքում՝ Դիմողը քննարկվող համատեքստում եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերով՝ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ համակարգային կապում, սահմանված իրավակարգավորումն այնքանով, որքանով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ թույլ է տալիս մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման հատուկ վերանայման ընթացքում, բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի շրջանակում ինքնուրույն դատական ստուգման առարկա դարձնել նաև առաջին ատյանի դատարանի կողմից բողոքաբերի (կոնկրետ դեպքում՝ իր) օգտին լուծված, սակայն հատուկ վերանայման բողոքով կամ դրա պատասխանով չվիճարկված նախադրյալային իրավական հարցը, մասնավորապես՝ վիճարկվող մինչդատական վարութային ակտի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների առարկա լինելու հարցը՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով բողոքաբերի բողոքի հիման վրա այդ հարցը նրա համար առավել անբարենպաստ կերպով լուծելու, հակասելով «դեպի վատթարացման շրջադարձի արգելքի» սկզբունքին, խախտել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը։
Դիմողը գտնում է, որ քրեական վարույթի ընթացքում տեղեկատվության տրամադրումը տուժողին՝ կապված դատավարության մասնակիցների ինքնության վերաբերյալ, տուժողի հիմնարար իրավունքների արդյունավետ իրականացման համար երաշխիք են, հետևապես վարույթի հանրային մասնակիցների, վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու կապակցությամբ դրսևորված անգործությունը դատական վերահսկողությունից դուրս թողնելու դեպքում դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում այլևս չի կարող ապահովել Դիմողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, քանի որ այդ ընթացքում տուժողն արդեն իսկ զրկված կլինի իր դատավարական կարգավիճակից բխող մի շարք իրավունքներից, այդ թվում՝ հիմնական իրավունքների իրականացման հնարավորությունից:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին համահունչ կլինի վիճարկվող համապատասխան դրույթի այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական բողոքարկման ենթակա՝ վիճարկվող դրույթով սահմանված՝ մինչդատական ակտերի շրջանակում ներառվում է նաև վարույթն իրականացնող մարմնի (վարույթի իրավասու հանրային մասնակցի) կողմից տուժողին վարույթն իրականացնող մարմնի և դատախազի ինքնության մասին տեղեկություն տրամադրելու միջնորդությանը չարձագանքելու, ինչպես նաև վարույթի ընթացքի և արդյունքների վերաբերյալ ընդհանուր բնույթի տեղեկություն չտրամադրելու ձևով դրսևորած անգործությունը։
Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ1/0517/11/25 գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասին տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ տուժողի՝ վարույթն իրականացնող քննիչի ինքնության, վարույթի ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն ուղղված միջնորդության կապակցությամբ դրսևորված անգործությունը, որպիսի տեղեկատվությունն անհրաժեշտ էր մինչդատական վարույթում տուժողի՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող մի շարք իրավունքների արդյունավետ իրացման համար, ի թիվս այլնի՝ բացարկ հայտնելու և միջնորդություններ ներկայացնելու, դուրս է թողնվել մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակից, խախտվել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքը։
3. Ուսումնասիրելով դիմումը, կից ներկայացված դատական ակտերը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
բ) Դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է՝
- Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
- Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,
- Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
- Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում (որոշումներ),
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
զ) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արտակ Ղազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի, 359-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Վ. Վարդանյան
14 հոկտեմբերի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-90
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-90
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
