Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5522 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 55 | ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Վ. Գրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 սեպտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Արա Խաչատրյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արա Խաչատրյանի դիմումը (ներկայացուցիչներ` Հ. Խուդոյան, Ա․ Օրբելյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի սեպտեմբերի 2-ին, որով դիմողը խնդրել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված համապատասխան մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 32-րդ և 79-րդ հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշել է. «Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը այն իրավունքների ցանկում է, որոնց տառացի և նպատակային մեկնաբանությունները համապատասխանում են: Հոդվածի տառացի շարադրանքը վեր է հանում սահմանադրի նպատակը պաշտպանել անձի բնակարանը ոչ իրավաչափ կամ ոչ օրինական ոտնձգություններից: Այս իրավունքի էությունը ամբողջապես վեր հանելու համար հարկ է անդրադառնալ reductio ad absurdum մեթոդին: Մասնավորապես եթե ընդունենք, որ բնակարանի խուզարկության իրականացման համար դատարանի որոշման առկայությունն ունի պարզապես ֆորմալ բնույթ, այն կարող է չհամապատասխանել իրավական որոշակիության չափանիշներին, ապա ստացվում է, որ բնակարանի անձեռնմխելիության դրույթը նախատեսող սահմանադրական նորմն ինքնին բովանդակազուրկ է, չի կարգավորում որևէ հասարակական հարաբերություն և ունի բացառապես հռչակագրային բնույթ: Հետևաբար Սահմանադրությանը համապատասխանող միակ մեկնաբանությունն այն է, որը թույլ է տալիս գործնականում կենսագործել սահմանադրական երաշխիքը, հանգում է նրան, որ Սահմանադրության 2-րդ գլխում ներառված իրավունքի ժամանակավոր և քրեական գործի շրջանակում սահմանափակման համար անհրաժեշտ է կիրառել ապացուցողական բարձր սանդղակ»: Դիմողի կարծիքով իրավական որոշակիության և բնակարանի անձեռնմխելիության վերաբերյալ ներպետական և միջազգային դատական պրակտիկայի հիմնական ուղղությունների համալիր վերլուծությունից պարզ է դառնում, որ անձի իրավունքների լայնածավալ սահմանափակումների առնչությամբ առկա են երկու հիմնական վավերապայմաններ, որոնց համաժամանակյա առկայության դեպքում է միայն հնարավոր իրավաչափորեն սահմանափակել օրինակ անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես

- այդօրինակ սահմանափակումը թույլատրելի է միայն համապատասխան դատական ակտի առկայության դեպքում. ընդ որում դատական ակտն ինքնին պետք է լինի պատճառաբանված, բավարարի իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի չափանիշները, լինի բավականաչափ հստակ, թույլ տա միանշանակ կերպով նույնականացնել սահմանափակման բնույթը և սահմանները, ինչպես նաև գործողությունների այն շրջանակը, որոնք կիրառվելու են սահմանափակման շրջանակներում, -իրավունքների սահմանափակումը չի կարող լինել կամայական, այն պետք է հետապնդի իրավական պետությունում և ժողովրդավարական հասարակությունում ընդունելի նպատակ: Դիմողը նշել է. «Իրավական որոշակիության հիմնարար-իրավական սկզբունքը բնակարանի անձեռնմխելիության իրավունքի լույսի ներքո դիտարկելիս նկատելի է դառնում, որ դատական ատյանը չի կարող թույլատրել խուզարկություն իրականացնել «որևէ» կամ «ինչ-որ» բնակարանում: Այլ կերպ ընդհանրական ձևակերպումներ տեղ գտնել չեն կարող: Անձի համար պետք է կանխատեսելի լինի իրավունքների սահմանափակման այն ծավալը, որը կիրառվելու է նրա նկատմամբ: Ընդ որում միանշանակ պետք է լինի ոչ միայն սահմանափակման ծավալը, այլև այն միջոցները, որոնցով անձը կարող է պաշտպանել իրեն, այն գործողությունները, որոնք հանրային իշխանության ներկայացուցիչները լիազորված են կատարել»: Դիմողը նշել է նաև, որ խնդրո առարկա դեպքում խուզարկությունն իրականացվել է դատական ակտով չնախատեսված բնակարանում: Անկախ դրա հիմքում ընկած պատճառներից (վրիպակ, բնակարանի սխալ նույնականացում և այլն), այդ գործողության բացասական հետևանքները չի կարող և չպետք է կրի բնակարանի սեփականատերը: Ընդհակառակը ընթացակարգային խնդիրները շտկելու պարտականությունը հանրային իշխանության ներկայացուցիչներինն է: Դրա բացասական հետևանքները չպետք է վերագրվեն մասնավոր անձանց, այն էլ այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է վերջիններիս հիմնարար իրավունքների ծավալուն սահմանափակումներին: Այսինքն բնակարանում խուզարկություն կատարելու օրենսդրական հիմքի առկայությունը չի կարող կամայականորեն մեկնաբանվել, իսկ որևէ դատական ակտում առկա թերությունը կամ անհամապատասխանությունը շտկվել իրավապահ մարմինների կողմից` դիտարկելով քրեադատավարական նորմերի խախտման էականության համատեքստում, ինչպիսի մեկնաբանություն տրվել է այս գործով դատական ատյանների կողմից: Իրավաչափ չէ նաև նույն քրեադատավարական նորմի իրավամեկնաբանությունն այն իմաստով, որ դատարանը կարող է թույլ տալ խուզարկությամբ առգրավել առհասարակ ամեն ինչ թողնելով խուզարկություն կատարողի հայեցողությանը: 3․ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ սույն անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող դրույթի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանի, մասնավորապես վերաքննիչ քրեական դատարանի, գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԴ/0618/11/20 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 29.12.2021 թ. որոշմամբ, և դիմումով 01.07.1998 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (օրենսգիրքն ուժը կորցրել է 01.07.2022 թ., բացառությամբ 30.06.2021 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) 225-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելով, դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության առումով: Մասնավորապես դիմողը նշել է. (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է բնակարանում (այդ թվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իմաստով ավտոմեքենայում) խուզարկության իրականացում միայն դատարանի որոշման առկայության պայմաններում: Իրավական որոշակիության վերաբերյալ իրավական կարգավորումների տրամաբանությունը, ինչպես նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին առաջադրված պահանջները թույլ են տալիս փաստել, որ խուզարկության իրականացումը թույլատրող դատական ակտերը, քանի որ նախատեսում են անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակում, պետք է համապատասխանեն իրավական որոշակիության բարձր չափանիշների»: Դիմողը նշել է նաև. Խնդրո առարկա դեպքում, ինչպես ներկայացվեց վերը, խուզարկությունը իրականացվել է դատական ակտով չնախատեսված բնակարանում: Անկախ դրա հիմքում ընկած պատճառներից (վրիպակ, բնակարանի սխալ նույնականացում և այլն), այդ գործողության բացասական հետևանքները չի կարող և չպետք է կրի բնակարանի սեփականատերը: Ընդհակառակը ընթացակարգային խնդիրները շտկելու պարտականությունը հանրային իշխանության ներկայացուցիչներինն է: Դրա բացասական հետևանքները չպետք է վերագրվեն մասնավոր անձանց, այն էլ այն դեպքում, երբ խնդիրը վերաբերում է վերջիններիս հիմնարար իրավունքների ծավալուն սահմանափակումների: Այսինքն, բնակարանում խուզարկություն կատարելու օրենսդրական հիմքի առկայությունը չի կարող կամայականորեն մեկնաբանվել, իսկ որևէ դատական ակտում առկա թերությունը կամ անհամապատասխանությունը շտկվել իրավապահ մարմինների կողմից` դիտարկելով քրեադատավարական նորմերի խախտման էականության համատեքստում, ինչպիսի մեկնաբանություն տրվել է այս գործով դատական ատյանների կողմից: Իրավաչափ չէ նաև նույն քրեադատավարական նորմի իրավամեկնաբանությունը այն իմաստով, որ դատարանը կարող է թույլ տալ խուզարկությամբ առգրավել առհասարակ ամեն ինչ թողնելով խուզարկություն կատարողի հայեցողությանը»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն առաջ է քաշում վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արա Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

22 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել