«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մարտի 2024թ. ՍԴԱՈ - 40 | «ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 119-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Գարիկ Մհերյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին: Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառվելուց կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգել՝ առանց մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:
Օրենսգրքի՝ «Կալանքի ժամկետը» վերտառությամբ 119-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.
«4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով»:
Ընդունումից ի վեր Օրենսգրքի 119-րդ հոդվածի վիճարկվող դրույթը չի փոփոխվել/ լրացվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
Թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
2.1. Հակակոռուպցիոն դատարանը, նախնական դատալսումների ընթացքում քննարկման առարկա դարձնելով մեղադրյալ Գարիկ Գագիկի Մհերյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը, 2023 թվականի օգոստոսի 22-ին որոշել է մեղադրյալ Գարիկ Գագիկի Մհերյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով՝ եռամսյա ժամկետի սկիզբը հաշվելով 2023 թվականի սեպտեմբերի 4-ից, իսկ մեղադրյալի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք, կամ այլընտրանքային այլ խափանման միջոցներ կամ դրանց համակցությունն ընտրելու վերաբերյալ, մերժել։
Հակակոռուպցիոն դատարանը սույն որոշմամբ արձանագրել է.
«(...) վերլուծելով սույն քրեական գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Գարիկ Գագիկի Մհերյանի նկատմամբ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և դատավորի կողմից ստանձնվել է քրեական գործով վարույթը, Դատարանը, հիմք ընդունելով անմեղության կանխավարկածի սկզբունքի առաջնայնությունը, արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու պայմաններն առերևույթ առկա են:
(…)
Անդրադառնալով մեղադրյալ Գարիկ Մհերյանի կալանքի հիմքին՝ Դատարանը գտնում է, որ տվյալ փուլում շարունակում է առկա լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին Դատարանի որոշմամբ հաստատված հիմքը՝ մասնավորապես այն, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին: (…) Միաժամանակ Դատարանը հաշվի է առնում հիշյալ ենթադրյալ հանցանքներով պատճառված վնասի չափը, հանցանքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև այն, որ գործով անցնող մի շարք անձինք տվել են Գարիկ Մհերյանի կողմից իրեն մեղսագրվող արարքների կատարման մեջ մերկացնող ցուցմունքներ և այդ անձինք Գարիկ Մհերյանի հետ գտնվել են ընկերական սերտ կապերի մեջ, որպիսի հանգամանքները Դատարանին թույլ են տալիս գալ այն եզրահանգման, որ դեռևս առկա է և բարձր է մեղադրյալի կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը»:
2.2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, գրավոր ընթացակարգով քննության առնելով Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի օգոստոսի 22-ի՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» որոշման դեմ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական վարույթով մեղադրյալ Գարիկ Գագիկի Մհերյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը և դրա հիման վրա ստացված թիվ ՀԿԴ/0095/01/23 վարույթի նյութերը, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշել է Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշումը թողնել անփոփոխ։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սույն որոշմամբ արձանագրել է.
«(…) դատարանը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ստուգել որպես խափանման միջոց կիրառված կալանքի շարունակականության անհրաժեշտությունը՝ կայացնելով այն երկարաձգելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումներ: Նման մոտեցումն ուղղված է քրեական գործի քննության հետագա ընթացքի անհրաժեշտ պայմանների ապահովմանը: Այլ խոսքով՝ գործի ըստ էության քննության ընթացքում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու հարցերի լուծումը գտնվում են նրա՝ արդարադատության իրականացման պատշաճ կազմակերպման լիազորության ոլորտում:
Ինչ վերաբերվում է հատուկ վերանայման բողոքի այն փաստարկին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այն հարցերի կարգավորումը, թե (...) մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը քանի օր առաջ պետք է քննության առնի ու լուծի մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը: (...)»՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ հարցի քննարկման ու լուծման համար դատավարական հստակ ժամկետ առկա չէ, սակայն վերջինը չի կարող ինքնին դատական ակտը ոչ իրավաչափ դարձնել, քանի որ դատական քննության արդյունավետ կազմակերպման շրջանակներում դատարանը միջոցներ է ձեռնարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը կենսագործելու և հարցը նախապես քննարկելու ու լուծելու համար՝ հատկապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների առկայության պայմաններում:
Վերը շարադրված իրավական վերլուծությունների համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն նաև պաշտպանի ներկայացրած այն փաստարկները, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է ոչ թե մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով երկարաձգելուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դատավարական կարգը, այլ բացառապես այն, թե դատական վարույթում առավելագույնը որքան ժամկետով կարող է երկարաձգվել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը:
Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքի այն փաստարկին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ու 316-րդ հոդվածով սահմանված կարգով երկարաձգվելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելը չի կարող ունենալ օրենքի անալոգիայի կիրառմամբ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անալոգիայի կիրառման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, եթե առկա լինի դրա նախապայմանը, այն է՝ օրենսդրական բացը, մինչդեռ քննության առարկա դեպքում, հիմք ընդունելով սույն որոշման վերը ներկայացված վերլուծությունը, օրենսդրական բաց առկա չէ:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրյալ Գարիկ Մհերյանի կողմից իրեն վերագրված արարքներում հիմնավոր կասկածի շարունակական առկայությունը, ինչն էլ Բողոքաբերի կողմից չի վիճարկվել»։
2.3. Վճռաբեկ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 29-ին որոշել է թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Գարիկ Գագիկի Մհերյանի պաշտպան Ա. Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
3. Դիմողի դիրքորոշումները
Ներկայացնելով թիվ ՀԴԿ/0095/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է․ «(…) այն դեպքում, երբ նախնական դատալսումների ընթացքում դատարանի կիրառած կամ երկարաձգած կալանքի ժամկետն ավարտվում է, և անհրաժեշտ է կրկին քննարկման առարկա դարձնել ու լուծել կալանքի ժամկետի երկարաձգման հարցը, դատարանն այլևս չի կարող հիշյալ հարցը քննարկել ու լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված՝ վերոհիշյալ կարգով, քանզի (…) հիշյալ հոդվածները կիրառելի են բացառապես նախնական դատալսումների ընթացքում առաջին անգամ կալանքի կիրառմանը կամ մինչդատական քրեական վարույթում կիրառված կալանքի ժամկետի՝ դատական վարույթում առաջին անգամ երկարաձգմանը»:
Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը չի պարունակում կարգավորում առ այն, որ դատարանը կարող է Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով նախատեսված կարգով նախնական դատալսումների ընթացքում կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո տվյալ հարցը կրկին քննության առնել և լուծել:
Դիմողը նշում է. «(…) ինչպես քրեադատավարական օրենքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի վերոհիշյալ կարգավորումից է հետևում, նշված նորմը, ի տարբերություն նախնական դատալսումների ընթացքում դատարանի կողմից մեկ անգամ կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 316-րդ հոդվածի, չի նախատեսում, թե դատական վարույթում ինչ կարգով է քննարկվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված վերոհիշյալ կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի հետագա երկարաձգման հարցը»: Այս հանգամանքն էլ, ըստ Դիմողի, հանգեցնում է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 27-րդ հոդվածին անհամապատասխանության, քանի որ Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանվում է, որ՝ «Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան (...) օրենքով սահմանված կարգով», մինչդեռ քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի իրացման կարգը:
Դիմողի դիտարկմամբ՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի վիճարկվող դրույթը չի սահմանում, թե նախնական դատալսումների ընթացքում Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելուց կամ կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո դատարանը կալանքի ժամկետը լրանալուց քանի՞ օր առաջ պետք է քննության առնի և լուծի դատական վարույթում մեղադրյալի կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու հարցը: Այս իրավիճակում, Դիմողի գնահատմամբ, ստեղծվում է հնարավորություն, որ մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը դատարանը քննության առնի ու լուծի կալանքի ժամկետը լրանալուց անորոշ ժամկետ առաջ և կրկին երկարաձգի կալանքը՝ չնայած այն հանգամանքին, որ կալանքի ժամկետի ավարտին դեռևս ժամանակ կա, առկա է հավանականություն առ այն, որ այդ ժամանակահատվածում կվերանային կամ էապես կնվազեին նախնական դատալսումների ընթացքում Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի հիմքերը:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա է օրենսդրական բաց՝ կապված Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգելուց հետո մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու դատավարական կարգի հետ, որը կանխորոշում է այն հարցին պատասխանելու անհրաժեշտությունը, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում առկա օրենքի վերոհիշյալ բացն արդյոք կարո՞ղ է հաղթահարվել անալոգիայով, թե ոչ:
Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառվելուց կամ երկարաձգվելուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետն Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սակայն Օրենսգրքի 316-րդ հոդվածով սահմանված կարգով կրկին երկարաձգելը, այսինքն՝ դատական վարույթում մեղադրյալի կալանքի ժամկետը երկարաձգելու կարգի կապակցությամբ անալոգիայի կիրառումը, սահմանափակում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ մեղադրյալի անձնական ազատության իրավունքն այնքանով, որքանով թույլ չի տալիս, որ մեղադրյալը Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ազատվի կալանքից և նույն Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կրկին չկալանավորվի:
4. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) գտնում է, որ վիճարկվող դրույթը և դատարանների կողմից դրան տրված մեկնաբանությունը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չեն և համապատասխանում են Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներին:
Պատասխանողը նշում է. «(…) յուրաքանչյուր անգամ քննության առարկա դարձնելով խափանման միջոցի ժամկետի երկարաձգման նպատակահարմարության հարցը՝ հաշվի չառնելով քննության այս կամ այն փուլում գտնվելու հանգամանքը, Դատարանը ելնում է առաջնահերթորեն հենց անձի իրավունքների ապահովման կենսագործման խնդրից՝ առաջնային համարելով անձնական ազատության իրավունքի և դրա սահմանափակման հարցի կարևորությունը՝ ի համեմատ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված այլ հարցերի կամ օրենքով սահմանված հարցերի քննարկման այս կամ այն հերթականության»։
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված այն հարցին, թե կալանքի ժամկետի լրանալուց քանի օր առաջ պետք է քննության առնվի և լուծվի մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը՝ Պատասխանողը նշում է. «(…) կալանքի ժամկետի երկարաձգումն այն լրանալուց, օրինակ 15 օր առաջ, կարող է ողջամիտ գնահատվել, քանի որ դատական ծանրաբեռնվածության պայմաններում, չի բացառվում, որ հերթական նիստը հաջորդող 15 օրերի ընթացքում նշանակելն անհնարին լինի»։
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթում օրենսդրական բացի առկայության հարցին՝ Պատասխանողը նշում է. «(…) առկա է դատական վարույթի յուրաքանչյուր ենթափուլում կալանքի հարցը լուծելու օրենքով սահմանված իրավունքը, հետևապես օրենքի անալոգիա կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ այն փաստարկը, որ հստակ ժամկետներ նշված չեն համապատասխան միջնորդություն ներկայացնելու և այն քննարկելու համար, ապա նման ժամկետների բացակայությունը չի կարող առաջացնել նորմի սահմանադրականության հարց։ Ավելին, նման հարցի քննարկումը հստակ ժամկետներով չսահմանափակելը պայմանավորված է այդ հարցի բոլոր դեպքերում առաջնահերթ քննարկման ենթակա լինելու հանգամանքով։
Վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում հարկ է փաստել, որ վիճարկվող նորմը Սահմանադրության 27-րդ հոդվածի լույսի ներքո Սահմանադրության տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնում և առկա չէ օրենքի բաց»։
Եզրափակելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, ուսումնասիրելով Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (...) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է․ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից ակներև է, որ դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:
Այսպես՝ Օրենսգրքի՝ «Կալանքի ժամկետը» վերտառությամբ 119-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատական վարույթում կալանքի կիրառման կամ յուրաքանչյուր դեպքում դրա երկարաձգման առավելագույն ժամկետը, այն է՝ երեք ամիս։
Սույն իրավակարգավորմանը զուգահեռ՝ Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են Օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։
Հիշատակված օրենսդրական կարգավորումները միտված են անձի անձնական ազատության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության հնարավոր դեպքերի բացառմանը։ Վերոբերյալ իրավակարգավորումների համադրումը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին եզրակացնել, որ խափանման միջոց կալանքի կիրառելիության իրավաչափությունը պայմանավորված է վարույթի ցանկացած փուլում բավարար հիմքերի առկայությամբ և վարույթն իրականացնող մարմնի կողմից սույն խափանման միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառաբանվածությամբ։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումում շեշտվող հիմնական գաղափարը, որով ենթադրաբար խախտվում է Դիմողի անձնական ազատության իրավունքը, Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատության իրավունքի՝ Օրենսգրքով չնախատեսված «կարգով» սահմանափակումն է։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Դիմողի կողմից դատական վարույթում կալանքի (դրա ժամկետի երկարաձգման) «կարգի բացակայության» արձանագրումը միայն Օրենսգրքի դրույթների ոչ համակարգային վերլուծության հետևանք է։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ՝
1. Օրենսգրքով սահմանված են խնդրո առարկա հարցերի քննարկման կարգի էական մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ Օրենսգրքով սահմանված է այդպիսի որոշում կայացնելու սուբյեկտը․
- անձին կալանավորելը (կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը) թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ (Օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մաս), դատարանին տրվում է վարույթն իրականացնելիս խափանման և անվտանգության միջոցներ, գույքի արգելադրում կիրառելու նյութական լիազորություն (Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ),
2․ Օրենսգրքով սահմանվում է այդպիսի որոշումը «զենքերի հավասարության» և կողմերի մրցակցության սկզբունքի կենսագործմամբ կայացնելու պահանջը, մասնավորապես՝
- դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա (Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մաս),
- դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ (Օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մաս),
- դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով։ Օրենսգրքով սահմանվում է նաև, որ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ (Օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս),
- Օրենսգրքով դատական վարույթում և, մասնավորապես՝ նախնական դատալսումներում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կիրառված լինելու դեպքում՝ դրա ժամկետը երկարաձգելու, այն վերացնելու կամ փոփոխելու հարցի քննարկման ընթացակարգը սահմանվել է այնպես, որ դրանցում ևս, որպես կանոն, ապահովվում է մեղադրյալի (Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մաս, 272-րդ հոդված), նրա պաշտպանի մասնակցությունը (Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մաս, 273-րդ հոդվածի 3-5-րդ մասեր),
3. Օրենսգրքով նախատեսվում է նշված հարցի քննության բանավոր ընթացակարգ (Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մաս, 264-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասեր),
- Օրենսգրքով սահմանվել է բոլոր ապացույցների և վարույթի այլ նյութերի դատական նիստում դատարանի և դատական վարույթի մասնակիցների, այդ թվում՝ մեղադրյալի և նրա պաշտպանի կողմից անմիջականորեն հետազոտման ենթակա լինելու պահանջ՝ օրենսդրորեն ամրագրվելով, որ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված ապացույցները (Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մաս, 268-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր)։
Ընդ որում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է, որ խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը նախապես պետք է լսի դատական նիստին մասնակցող կողմերի կարծիքները (Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մաս, 270-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր):
Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի այն «մտավախությունը», թե հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ կալանքի ժամկետը լրանալուց այնպիսի անորոշ ժամկետ առաջ դատարանը քննարկման առարկա դարձնի և երկարաձգի մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը, ինչպիսին, օրինակ, կալանքի ժամկետի ավարտին «դեռ 1 կամ 2 ամիս ժամանակի» առկայության ժամկետն է (տե՛ս դիմումի էջ 9), ապա այդպիսի մտավախությունը հիմնված է Օրենսգրքի դրույթները դատարանների կողմից ձևախեղված մեկնաբանելու ու կիրառելու՝ Դիմողի ենթադրությունների վրա, և մյուս կողմից՝ որևէ առնչություն չունի Դիմողի գործի հետ, քանի որ Դիմողի նկատմամբ 2023 թվականի մայիսի 31-ին կայացված որոշմամբ երեք ամսով երկարաձգված կալանքի կրկին երկարաձգելու հարցը քննարկման առարկա է դարձել, ոչ թե կալանքի ժամկետի ավարտից «մեկ կամ երկու ամիս առաջ», այլ ընդամենն օրեր առաջ՝ օգոստոսի 22-ին։
Դիմումի 4․1․2-րդ կետով բարձրացված Դիմողի այն մտահոգության առնչությամբ, որ՝ «(…) օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի այն կարգավորման բացակայության պայմաններում, թե դատարանն արդյոք իրավասու է ընդհատել նախնական դատալսումներում կամ հիմնական դատալսումներում օրենքով նախատեսված որևէ հարցի քննարկումը կամ քննությունը կամ ընթացքը՝ նախնական դատալսումների ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով և 316-րդ հոդվածով սահմանված կարգով կիրառված կամ երկարաձգված կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հարցը քննության առնելու ու լուծելու համար, հենց նախնական դատալսումներում կամ հիմնական դատալսումներում օրենքով նախատեսված որևէ հարցի քննարկված չլինելը կարող է հանդիսանալ հիմք՝ մեղադրյալի կալանքի ժամկետը դատական վարույթում կրկին երկարաձգելու հիմքում դնելու համար (…)», Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն այն ներկայացնում է՝ առանց հիմնավորելու դրա վերաբերելիությունն իր կոնկրետ գործին։ Ավելին, իր այդ «մտավախությունները» Դիմողը հիմնավորում է՝ այլ դատարանի վարույթում գտնվող, սույն գործի հետ չառնչվող գործին հղում անելով (տե՛ս դիմումի 4․1․2-րդ կետը), ուստի՝ այս առումով դիմումը ևս չի բավարարում Սահմանադրական դատարանի կողմից դրա ընդունելիության չափանիշները:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Գարիկ Մհերյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 մարտի 2024 թվականի
ՍԴԱՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
