Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 27.12.2017 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԴ/3296/02/14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 27.12.2017 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԴ/3296/02/14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5523 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հուլիսի 2018թ. ՍԴԱՈ - 55 | «ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 27.12.2017 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԴ/3296/02/14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 27.12.2017

ԹՎԱԿԱՆԻ ԵԿԴ/3296/02/14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 66-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մամիկոն Ստեփանյանի դիմումի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ առկա մեկնաբանության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «…2. ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ առկա «... Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից:...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված արդարացվածին հասցված և հատուցման իրավունք ունեցող վնասների սահմանափակումները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որ չեն ներառել քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը ներառյալ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները:

4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով սահմանված դատական ակտի վերանայման համար հիմք ծառայող նոր հանգամանքների սահմանափակումները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որ չեն ներառել բարեփոխված օրենքները մասնավորաբար նոր ուժի մեջ մտած բարեփոխված ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»:

1. Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ որոշ դրույթներին տրված մեկնաբանությունը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածներում առկա սահմանափակումները հանգեցնում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը:

Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի նշյալ որոշման մեջ արձանագրված պահանջն առ այն, որ «...Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից...» առաջացնում է մեծ ֆինանսական ծախսեր, ժամանակի վատնում և հոգեկան նոր տառապանքներ, քանի որ իր արդարացվածի դեպքում, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցման գործընթացն իրականացվում է քաղաքացիական հայցով, իսկ քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն դրա ապացուցման բեռը կրում է ինքը: Նման մեկնաբանության շրջանակներում փոխհատուցման իրավունքը վերածվել է անհասկանալի, վերացական, պատրանքային իրավունքի խախտելով Սահմանադրության 62-րդ, 63-րդ և 26-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները:

Դիմողի կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չեն քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը, մասնավորապես, վերջիններիս հարկադրանքով երրորդ անձի պարտավորությունների դիմաց կատարված վճարումները:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-110-Ն) 419-րդ հոդվածը չի նախատեսում նոր ուժի մեջ մտած, բարեփոխված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որպես նոր հանգամանք, դատական ակտի վերանայման համար:

2. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.

3.1 դիմումի «Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը» վերտառությամբ հատվածում դիմողը խնդրել է Վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ առկա «... Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից:...» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

Վիճարկելով Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ արձանագրված վերոնշյալ մեկնաբանության սահմանադրականությունը դիմողը չի մատնանշել, թե Վճռաբեկ դատարանի նշված մեկնաբանությունը կոնկրետ ո՛ր դրույթին է տրված, ո՛ր դրույթին է վերաբերում: Կոնկրետ վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության օբյեկտ կարող են հանդիսանալ բացառապես նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հետևաբար, դիմողի խնդրանքի այս հատվածում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

3.2 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ.

Վիճարկվող նորմը սահմանում է, որ արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ`

1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.

2) գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը.

3) վճարված դատական ծախսերը.

4) փաստաբանին վճարված գումարները.

5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը: Նշված դրույթի մասով դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Վճռաբեկ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ սահմանել է. «Մամիկոն Ստեփանյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.03.2016 թվականի որոշման Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2015 թվականի վճիռը 102.000.000 ՀՀ դրամի որպես բարոյական վնասի հատուցման պահանջի մասով գործի վարույթը կարճելու, 1.740.000 ՀՀ դրամի որպես փաստաբանին վճարված գումարի, ինչպես նաև ճանապարհածախսի և օրապահիկի բռնագանձման պահանջների մասերով հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը և այդ մասերով գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Որոշումը մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ» :

Խնդրո առարկա դրույթի վերաբերյալ դիմողի կողմի բարձրացված սահմանադրաիրավական վեճն առ այն, թե ինչու նշյալ դրույթում նախատեսված չեն քննություն իրականացնող մարմինների հարկադրանքով կատարված ծախսերը, դեռևս չի կարող դառնալ սահմանադրական արդարադատության օբյեկտ, քանի որ առկա չէ դատարանի վերջնական ակտը, դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

3.3 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-110-Ն) 419-րդ հոդվածի վերաբերյալ.

Դիմումին կից ներկայացված Վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել:

Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պարտադիր պահանջներից, ի թիվս այլնի, մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8- րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1- ին կետի, 169–րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ՈՐՈՇԵՑ.

«Մամիկոն Ստեփանյանի դիմումի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի ԵԿԴ/3296/02/14 որոշման մեջ առկա մեկնաբանության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

23 հուլիսի 2018 թվականի

ՍԴԱՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել