Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-807 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-80)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 80 | «ՀՀ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 379-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի հունիսի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. Դիմումն ընդունել քննության,

2. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասին Դիմողը նշում է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխան անձի արդար դատաքննության իրավունքն իրացնելու և դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն իրացնելու, ըստ այդմ, դատական սխալները բացահայտելու և ուղղելու տեսանկյունից ելնելով, վերաքննիչ դատարանը պարտավոր է չանդրադառնալ միայն վերաքննիչ բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնք պարունակում են նոր փաստեր և/ կամ վերաբերում են այն հարցերին, որոնք 1 կարող են քննության առարկա դարձվել բացառապես գործին մասնակցող անձի կողմից դիրքորոշում հայտնելու արդյունքում, և չեն կարող վերաբերել այն հարցերին, որոնց առաջին ատյանի դատարանը պարտավոր էր անդրադառնալ անկախ գործին մասնակցող անձի կողմից դիրքորոշում հայտնելու կամ չհայտնելու հանգամանքից, 2 չեն կարող վերաբերել վճռի կամ այլ դատական ակտի պատճառաբանվածությանը և/կամ հիմնավորվածությանը և/կամ իրավունքի նորմի սխալ ընտրությանը, 3 չեն կարող վերաբերել ապացույցների հետազոտմանն ու գնահատմանը ընդհանրապես, և ապացույցների հետազոտման, գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողություններին մասնավորապես, քանի որ վերոնշյալ հարցերին առաջին ատյանի դատարանը պարտավոր է անդրադառնալ անկախ գործին մասնակցող անձանց կողմից դիրքորոշում հայտնելու հանգամանքից, իսկ այդ հարցերի մի մասին առաջին ատյանի դատարանը անդրադառնում է բացառապես վճռահատության կամ վճիռ կայացնելու փուլում, հետևաբար դատավարության մասնակիցները ողջամտորեն չեն կարող կռահել դատարանի եզրահանգումները, դրանց հիմքում դրված պատճառաբանությունները և հիմնավորումները, այսինքն ողջամտորեն զրկված են դրանց վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, հակառակ պարագայում չի կարող խոսք գնալ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացվածության, ըստ այդմ նաև անձի դատական ակտերի բողոքարկման իրավունքի, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ դատական սխալները բացահայտելու և ուղղելու առումով բավարար ու անհրաժեշտ երաշխիքների առկայության մասին»: Դիմողը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, հաշվի առնելով նաև տվյալ դրույթի վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործով 30.09.2022 թ. կայացված որոշմամբ տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով վերաբերում է բոլոր հարցերին, այդ թվում այն հարցերին, որոնց առաջին ատյանի դատարանը պարտավոր էր անդրադառնալ անկախ գործին մասնակցող անձի կողմից դիրքորոշում հայտնելու կամ չհայտնելու հանգամանքից, վերաբերում է վճռի կամ այլ դատական ակտի պատճառաբանվածությանը և/կամ հիմնավորվածությանը և/կամ իրավունքի նորմի սխալ ընտրությանը, ապացույցների հետազոտմանն ու գնահատմանը ընդհանրապես, ապացույցների հետազոտման, գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողություններին մասնավորապես, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին «(…) խոչընդոտելով դրանցով երաշխավորված իրավունքների իրացվածությանը, այդ թվում անձի դատական ակտերի բողոքարկման իրավունքին, ինչպես նաև ներպետական օրենսդրությամբ դատական սխալները բացահայտելուն և ուղղելուն»: Անդրադառնալով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին Դիմողը նշում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործով 01.02.2023 թվականին կայացված որոշման մեջ ուղղակի չնշելով, սակայն, ըստ էության առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով 08.02.2021 թվականին հրապարակված որոշմամբ տրված մեկնաբանությամբ, ըստ էության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը կիրառել է այնպիսի մեկնաբանությամբ, ըստ որի թույլատրելի է համարել ՀՀ իրավական համակարգում ոչ օրինական, ոչ հիմնավորված և ոչ պատճառաբանված դատական ակտի գոյությունը»: Արդյունքում Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հաշվի առնելով նաև տվյալ դրույթին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Անդրադառնալով վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասին Դիմողը գտնում է, որ տվյալ դրույթը, հաշվի առնելով նաև դրա վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործով 12.04.2022 թ. կայացրած վճռով և վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2022 թ. կայացրած որոշմամբ տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով բացառում է ընդհանուր գույքում անձին պատկանող իրավունքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքի իրացումը, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին: Ամփոփելով Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին ևս, քանզի դրանք չեն սահմանում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր առաջացնելով այդ իրավունքների անհամաչափ սահմանափակում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության «Սահմանադրական դատարան դիմելը» վերտառությամբ 169-րդ հոդվածը հռչակում է.

«1. Սահմանադրական դատարան կարող են դիմել

1) Ազգային ժողովը Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.

2) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում.

3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

4) Հանրապետության նախագահը Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.

5) Կառավարությունը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.

6) Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.

7) տեղական ինքնակառավարման մարմինները Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.

8) յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.

9) գլխավոր դատախազը դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.

10) Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

12) Հանրապետության նախագահի թեկնածուները Հանրապետության նախագահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.

13) Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:

2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը:

4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը: (…)» (ընդգծումները Սահմանադրական դատարանի)։

Սահմանադրական վերահսկողության հիմնարար առաքելությունը, ի թիվս այլնի, մարմնավորվում է Սահմանադրության գերակայությունն ու կայունությունն ապահովելու, իշխանությունների տարանջատման սահմանադրական հավասարակշռությունը պահպանելու, մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երաշխավորելու միջոցով: Հիշատակված սահմանադրաիրավական արժեքները կենսագործելու նպատակով սահմանադիրն ամրագրել է ինչպես սահմանադրական արդարադատություն իրականացնող բացառիկ մարմնի կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունների շրջանակը, այնպես էլ մի շարք սուբյեկտների օժտել է արդարադատություն հայցելու իրավունքով հստակ նախանշելով սույն իրավունքի իրացման Սահմանադրությամբ ամրագրված դեպքերը, այդպիսով վերջիններիս շնորհել է գործուն գործիքակազմ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի միջոցով իրենց ուրույն ներդրումն ունենալ պետական և հասարակական կյանքում սահմանադրականության հաստատման և շարունակական զարգացման գործում: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատություն է հայցել ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանը, որը թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործի (ըստ հայցի Աննետ Զաքարյանի և Նարինե Զաքարյանի ընդդեմ պատասխանողներ Վահրամ Վարդանյանի, Արտակ Հարությունյանի, երրորդ անձինք ՀՀ «Երևան» նոտարական տարածքի Աջափնյակ 2 նստավայրի նոտարի, ՀՀ կադաստրի կոմիտեի նվիրատվության պայմանագիրը և որպես հետևանք դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) շրջանակներում հանդես է եկել երրորդ անձի դատավարական կարգավիճակով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածով նոտարները իբրև Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ, նախատեսված չեն: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան համապատասխան դիմում է ներկայացրել իբրև նման իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմք դիտարկելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը յուրաքանչյուրի համապատասխան հիմքերի առկայության դեպքում սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի իրացման համատեքստում, այլ խոսքով Դիմողը խնդրո առարկա դիմումը ներկայացրել է իբրև անհատական դիմում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու նպատակով: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզաբանել նոտարների իրավական կարգավիճակի բովանդակությունը վերջիններիս անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտի կարգավիճակի առկայության համատեքստում: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը նոտարներին վերապահել է հանրային առանձին գործառույթների համալիր իրականացնելու իրավասություն այդպիսով վերջիններիս շնորհելով առանձնահատուկ հանրային-իրավական կարգավիճակ: Վերոգրյալից բխում է, որ օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ իրականացնելիս նոտարները հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դիմող Արմեն Գրիգորյանը որպես ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար, իր հանրային-իրավական գործունեության շրջանակներում է թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործով ներգրավված եղել իբրև երրորդ անձ: Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանադիրը իրավունք է շնորհել յուրաքանչյուրին կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, վիճարկել այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրաիրավական սույն կարգավորումն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրը հստակեցրել է սույն իրավակարգավորման բովանդակությունը սահմանելով, որ սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման համատեքստում: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սահմանադրաիրավական իմաստով «յուրաքանչյուր ոք» հասկացության ներքո համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիտարկելիս սահմանադիրը նկատի չի ունեցել հանրային իրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտների հանրային գործառույթներ իրականացնելու համատեքստում ծագող հարցերի Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու իրավունքը հաշվի առնելով, որ այս կապակցությամբ սահմանադիրը յուրաքանչյուրի սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը պայմանավորել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտմամբ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի, 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 հուլիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-80

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-80
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել