Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6129 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 61 | ԴՄԻՏՐԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Դմիտրի Անդրիասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դմիտրի Անդրիասյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ռոբերտ Առաքելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 17-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով» ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 340-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում ստացել է այնպիսի նորմատիվ բովանդակություն, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես քաղաքացիական դատավարության կարգով հարուցված հայցով, իսկ վարչական դատավարության կարգով իրավասու դատարան ներկայացված և վարույթ ընդունված հայցը նման հետևանք չի առաջացնում, և պնդում, որ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

Դիմողը նշում է, որ իր կողմից 2019 թվականի ապրիլի 22-ի հ.19/34212, 2019 թվականի մայիսի 27-ի հ. 19/46490 և 2019 թվականի հունիսի 27-ի հ. 19/58321 դիմումներ են ներկայացվել Երևանի քաղաքապետարան անվավեր ճանաչված պայմանագրերով ենթակա գումարը վերադարձնելու պահանջով, որոնք սակայն Երևանի քաղաքապետարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի հ.465-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 13-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» հ.1788-Ն որոշումը:

Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հարցին, թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընթացքի ընդհատման կարգը և հիմքերը, մասնավորապես՝ Օրենսգրքի 340-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով հայցը հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն՝ երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից:

Ըստ Դիմողի՝ Վճռաբեկ դատարանի՝ վկայակոչված իրավական դիրքորոշումից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար Վճռաբեկ դատարանը, չունենալով համապատասխան լիազորություններ և իրականացնելով իրավաստեղծ գործունեություն, «ավելացրել է» նշված պայմանը, այն է՝ հայցը հատկապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հարուցված և դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու փաստը, այդպիսով սահմանափակելով անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, հատկապես՝ տնօրինչականության իրավունքը։ Արդյունքում՝ օրենսդրի կողմից օգտագործված՝ «սահմանված կարգով հայցը հարուցելով» արտահայտությունը «մեկնաբանել է» այնպես, որ հայցը պետք է հարուցվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվի դատարանի կողմից, որպիսի պայմանի լրացմամբ Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ, ինչպես նաև անհամաչափորեն սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները՝ խաթարելով մատնանշված իրավունքների գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը։

Դիմողը գտնում է, որ վերոնշյալ համատեքստում Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանումն այն իմաստով, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հարուցված և դատարանի կողմից վարույթ ընդունված հայց, առնվազն անտրամաբանական է և անհամաչափորեն սահմանափակում է խախտված իրավունքների վերականգնման համար անձի կողմից «ընտրված» իրավասու դատարանում դատական պաշտպանություն հայցելու իրավունքը, քանի որ չի հետապնդում օրենսդրորեն ամրագրված որևէ նպատակ՝ սահմանափակելու այն անձանց իրավունքները, որոնք իրենց իրավունքները պաշտպանել են այլ դատավարությունների կարգով, հատկապես այն պարագայում, երբ որոշ դեպքերում անձինք իրավաչափորեն հնարավորություն ունեն ընտրելու իրավունքների պաշտպանության այլ տարբերակներ՝ վարչական կամ քրեական դատավարության շրջանակներում, քանի որ կոնկրետ իրավիճակների համար նման իրավունքը սահմանված է օրենքով։

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը անհրաժեշտ է մեկնաբանել նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված կանոնների կիրառմամբ, այն է՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի՝ ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Դիմողն անդրադառնում է Օրենսգրքի 340-րդ հոդվածին համանման իրավահարաբերություն կարգավորող «Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց քննության թողնելու դեպքում» վերտառությամբ Օրենսգրքի 341-րդ հոդվածին, մասնավորապես՝ նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման: Ժամանակը, որի ընթացքում վաղեմությունը կասեցվել էր, չի հաշվվում հայցային վաղեմության ժամկետի մեջ: Ընդ որում, եթե ժամկետի մնացած մասը վեց ամսից պակաս է, այն երկարաձգվում է մինչև վեց ամիս։

Դիմողի համոզմամբ՝ «(...) «Հայցային վաղեմության» ինստիտուտի մաս կազմող համանման իրավահարաբերություններ կարգավորող իրավանորմերը՝ Օրենսգրքի 340-րդ և 341-րդ հոդվածները, էապես տարբեր մեկնաբանելը /օրինակ քրեական հայցն առանց քննության թողնելը հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու հիմք է հանդիսանում, իսկ նույն հայցն ըստ էության քննելն ու լուծելը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատելու հիմք չի հանդիսանում/ անհամատեղելի է՝ չի բխում քաղաքացիական իրավունքի սկզբունք հանդիսացող տնօրինչականության սկզբունքից, այլ կերպ ասած՝ չի կարող հարուցված և վարույթ ընդունված քրեական /գույքային/ հայցն առանց քննության թողնելը իրավաչափորեն համարվել հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնող հանգամանք, սակայն հարուցված, վարույթ ընդունված, ըստ էության քննված և լուծված քրեական /գույքային/ հայցի առկայությունը /այն դեպքում, երբ քրեական հայցը չի թողնվել առանց քննության/ չհանդիսանա հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատող հանգամանք»։

Դիմողը, անդրադառնալով այն հանգամանքին, որ Օրենսդիրը, նախատեսելով, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով՝ առանց առանձնացնելու, թե «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով նախատեսված ո՞ր դատարան սահմանված կարգով հայց հարուցելով է հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում, գտնում է, որ «առանձին դատարանի» մատնանշումը բացակայում է այն պատճառով, որ Սահմանադրությամբ երաշխավորված է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների բաղադրատարր հանդիսացող անձի տնօրինչականության իրավունքը, և «նման «առանձնացումը» ոչ իրավաչափորեն, ոչ համաչափորեն կմիջամտի, կսահմանափակի մատնանշված իրավունքը»։

Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասին՝ դատարանների կողմից տրված վերոնշյալ մեկնաբանումը հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես՝ «(...) ոչ իրավաչափորեն, անհամաչափ սահմանափակվում են 61-րդ և 63-րդ հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավունքները՝ ուղղակի ազդեցությամբ միջամտում են անձի տնօրինչականության սկզբունքին՝ ոչ համարժեքորեն, առանց անհրաժեշտության «նեղացնելով» դատական կարգով իրավունքների պաշտպանության հնարավոր տարբերակների շրջանակը, որպիսի պայմաններում խախտվում է նաև Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքը (...)»:

Վերոնշյալի հիման վրա Դիմողը բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները.

«(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը այնպիսի մեկնաբանությամբ, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով և դատարանի կողմից վարույթ ընդունվելով /վիճարկվում է իմ կողմից ընդգծված մասով/», և

«Կարո՞ղ է արդյոք օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ներկայացված և վարույթ ընդունված հայցը չառաջացնել հայցային վաղեմության ընթացքի ընդհատում միայն այն պատճառաբանությամբ, որ այն ներկայացվել է վարչական, այլ ոչ թե քաղաքացիական դատավարության կարգով, և արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համանման մեկնաբանությունը համատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների հետ»:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը գտնում է, որ Սահմանադրական դատարանը պետք է Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի այն մեկնաբանությունը, որ «հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով», ճանաչի Սահմանադրությանը հակասող և անվավեր։

3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը բարձրացրել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան հայց հարուցելով, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վիճարկում է դատարանների այն մեկնաբանությունը, որ օրենսդիրը որպես քաղաքացիական հայց ներկայացնելու՝ հայցային վաղեմության ընթացքի ընդհատման հիմք նախատեսել է նույն տեսակի, այն է՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում հայց ներկայացնելու և այն դատարանի կողմից ընդունվելու հանգամանքը՝ վիճարկվող դրույթի սեփական մեկնաբանությունը հիմնավորելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անմիջական կիրառման անհրաժեշտությամբ, ընդ որում՝ առանց հիմնավորելու իր մեկնաբանման հիմքում ընկած այն պնդումը, որ հայցը և այն ներկայացնելու համար անհրաժեշտ՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման պայմանը, դատավարական ինստիտուտներ լինելով հանդերձ, կարող են կարգավորվել դատավարական տարբեր օրենսգրքերով, ինչպես նաև՝ որ հակառակ մեկնաբանությունը, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներին, ըստ Դիմողի, հակասելուց բացի, ի հայտ է բերում նաև դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ՝ Սահմանադրությանը հակասող միջամտության խնդիր։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/4641/02/24 քաղաքացիական գործով դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Դմիտրի Անդրիասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

29 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել