Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՓԻԿ ԲԱԼԱՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՓԻԿ ԲԱԼԱՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6613 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 66 | ԱՐՓԻԿ ԲԱԼԱՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Արփիկ Բալաչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արփիկ Բալաչյանը (այսուհետ նաև՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 3-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 397 հոդվածի 1-ին մասի դրույթները, թիվ ԵԴ/13427/02/23 քաղաքացիական գործի քննության շրջանակում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից առ «24 դեկտեմբերի 2025թ.» Որոշմամբ վերջիններիս տրված մեկնաբանության հաշվի առմամբ, ճանաչել հակասող.

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին` այնքանով, որքանով որ դրանք դատական բարձրագույն ատյանին անվերապահ հնարավորություն են ընձեռում թույլ տալ դատարանի մատչելիության էական սահմանափակում 394 և 397 հոդվածների այնպիսի կիրառմամբ, որի արդյունքում, ձևական/ընթացակարգային պատճառաբանությամբ, տեղի է ունենում փաստացի հրաժարում՝ ավելի քան ինը տարվա անօրինական քրեական հետապնդման դիմաց տրված 5,53%-անոց խորհրդանշական փոխհատուցման իրավաչափությունը լիարժեք դատական ընթացակարգով ըստ էության ստուգելուց, այդպիսով՝ դատական պաշտպանության իրավունքը դարձնելով ձևական և պատրանքային։

2. ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածին՝ այնքանով, որքանով որ դրանք դատական բարձրագույն ատյանին անվերապահ հնարավորություն են ընձեռում թույլ տալ անօրինական քրեական հետապնդմամբ պատճառված վնասի արդարացի և համաչափ հատուցման իրավունքի ակնհայտ խախտման փաստի անտեսում։

3. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին՝ այնքանով, որքանով որ դրանք դատական բարձրագույն ատյանին անվերապահ հնարավորություն են ընձեռում թույլ տալ անձի արժանապատվության նսեմացում՝ 9 տարուց ավելի անձին անօրինական մեղադրանքի տակ պահելուց հետո 5,53%-անոց հատուցում սահմանելով և դրա վերանայումից հրաժարվելով»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/13427/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 397-րդ հոդվածի 1-ին մասը՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանության հաշվառմամբ, հակասում են Սահմանադրության 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածին, 62-րդ հոդվածի 2-րդ մասին և 63-րդ հոդվածին այնքանով, որքանով դրանք բարձրագույն դատական ատյանին դատարանի մատչելիության էական սահմանափակում թույլ տալու անվերապահ հնարավորություն են ընձեռում վիճարկվող դրույթների այնպիսի կիրառմամբ, որի արդյունքում ձևական (ընթացակարգային) պատճառաբանությամբ տեղի է ունենում ավելի քան ինը տարվա անօրինական քրեական հետապնդման դիմաց տրված՝ իր կողմից ներկայացված հայցագնի 5,53%-ի չափով խորհրդանշական փոխհատուցման իրավաչափությունը լիարժեք դատական ընթացակարգով ըստ էության ստուգելուց փաստացի հրաժարում, դրանով իսկ դատական պաշտպանության իրավունքը դարձնելով ձևական և պատրանքային:

Դիմողը պնդում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով հայցագնի 94,47%-ի մերժումը (հատկապես փաստաթղթերով հիմնավորված գույքային վնասի մասով) չի կարող համարվել սահմանադրական իմաստով «հատուցում»։ Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ օրենսդրական այն իրավակարգավորումները, որոնք բարձրագույն դատական ատյանին թույլ են տալիս աչք փակել այսպիսի ծայրահեղ անհամաչափության վրա, խաթարում են Սահմանադրության 62-րդ հոդվածի 2-րդ մասի էությունը:

Ըստ Դիմողի՝ 9 տարուց ավելի անձին անօրինական մեղադրանքի տակ պահելուց հետո իր կողմից ներկայացված հայցագնի 5,53%-ի չափով հատուցում սահմանելը և այն վերանայելուց հրաժարվելը նսեմացնում են մարդու արժանապատվության և պատվի արժեքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Տվյալ դեպքում դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2025 թվականի դեկտեմբերի 24-ը, որպիսի պայմաններում էլ դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2026 թվականի հունիսի 25-ին։ Մինչդեռ սույն գործով դիմումը Սահմանադրական դատարան առաքելու համար փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի հուլիսի 22-ին (հիմք՝ դիմումին կցված ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքը՝ 2026 թվականի հուլիսի 22-ին առաքանին փոստային ծառայությունում ընդունելու մասին): Նման պայմաններում դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի համաձայն, մերժելու համար։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արփիկ Բալաչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել