ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 օգոստոսի 2025թ. ՍԴԴԿՈ - 41 | ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 13 օգոստոսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Գայանե Գասպարյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գայանե Գասպարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի օգոստոսի 4-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«(...)
Բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը և որոշել դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության (2015թ.-ի փոփոխություններով) 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/10247/05/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասն ունի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդիր, քանի որ իրավակիրառ պրակտիկայում այն կիրառվել է իր սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ, այն է՝ անշարժ գույքի նկատմամբ անձի օգտագործման իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված դրույթը կիրառման ենթակա չէ և խոչընդոտ է հանդիսանում տվյալ գույքը տիրապետող անձի կողմից այն որպես սեփական գույք «բարեխղճորեն տիրապետելու» վավերապայմանի պահպանման և համապատասխան անշարժ գույքի նկատմամբ վերոգրյալ դրույթով սահմանված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու համար:
Դիմողը, ըստ էության, բարձրացնում է հետևյալ հարցերը՝
ա) արդյոք վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակության հիման վրա անձի խնդրո առարկա անշարժ գույքի օգտագործման իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ տվյալ գույքը տիրապետող անձի կողմից այն որպես սեփական գույք «բարեխղճորեն տիրապետելու» վավերապայմանի պահպանված լինելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու համար,
բ) արդյոք անշարժ գույքն ավելի քան 30 տարի տիրապետելու և ըստ այդմ՝ սեփականատերերի կողմից դրանից հրաժարվելուն ուղղված գործողությունների իրականացման պարագայում անձը չի կարող ունենալ այն համոզմունքը, որ ինքը համապատասխան անշարժ գույքը տիրապետում է որպես սեփականը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է հետևության, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 1-ին, 3, 10, 60, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքը: Մասնավորապես՝ տվյալ դրույթով սահմանվում է, որ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Ընդ որում՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է տվյալ դրույթով սահմանված բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Ավելին՝ տվյալ վավերապայմաններից յուրաքանչյուրի առկայությունն ապացուցելու պարտականությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով, կրում է հայցվորը: Դատարանն էլ, իր հերթին, վերոգրյալ ապացույցների հիման վրա գնահատում է դրանցից յուրաքանչյուրի առկայությունը և կատարում ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ համապատասխան եզրահանգում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները: Սույն պարագայում թիվ ՎԴ/10247/05/18 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ևս, հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները, գնահատել է այդ վավերապայմանների առկայությունը/բացակայությունը և կատարել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ համապատասխան եզրահանգում:
Խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ արձանագրել է. «(…) տվյալ դեպքում գործով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ հայցվորը վեճի առարկա բնակարանը սկսել է տիրապետել որպես սեփականը, իսկ գույքի սեփականատերը դրսևորել է այնպիսի վարքագիծ, որը կվկայեր գույքի հանդեպ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին։ Ընդհակառակը՝ գործի փաստերից հետևում է, որ հայցվոր Գայանե Գասպարյանը բնակարանը տիրապետել է վճռի հիմքով, այն է՝ օգտագործման իրավունքով, ինչից էլ հետևում է, որ տվյալ դեպքում վերջինս չէր կարող համոզմունք ունենալ առ այն, որ գույքը տիրապետում է որպես սեփականը, քանի որ վճռով ձեռք է բերել գույքի հանդեպ օգտագործման իրավունք։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը սույն պարագայում կիրառելի չէ, քանի որ դրա կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի տիրապետողը գույքը տիրապետի որպես սեփականը, մինչդեռ այս դեպքում տիրապետողը գույքը տիրապետել է օգտագործման իրավունքով, ինչպես որ դատարանը վճռով հատկացրել է իրեն»:
Ստացվում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ հայցվորի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ բացակայում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ վավերապայմաններից մեկը, այն է՝ հայցվորը գույքը չի տիրապետել որպես սեփականը: Ասվածի հիմքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դրել է այն հանգամանքը, որ հայցվորը (Դիմողը) գույքը տիրապետել է օգտագործման իրավունքով:
Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով սեփականության իրավունք ձեռք բերելու մասին խոսք չի կարող լինել այն պայմաններում, երբ անձին դատարանի վճռով ընձեռվել է համապատասխան անշարժ գույքն օգտագործելու իրավունք, հակառակը կհակասեր ձեռքբերման վաղեմության ինստիտուտի էությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը վերոգրյալի հաշվառմամբ գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդման պարզապես վկայակոչմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության սահմանափակման լույսի ներքո:
Ինչ վերաբերում է Դիմողի վկայակոչած՝ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 10-րդ հոդվածներին, ապա հարկ է նշել, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելիս անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գայանե Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
13 օգոստոսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-41
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-41
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
