Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-54 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 5 | ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 4 փետրվարի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Աննա Նազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Աննա Նազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունվարի 17-ին) խնդրելով. «...ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև հայցի ապահովման ներքո հայցային պահանջները քննարկելու ու լուծելու իրավակիրառ պրակտիկան ճանաչել Սահմանադրությանը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 1561 որոշմանը հակասող»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հայցի ապահովման ներքո կատարելով հայցապահանջի ամբողջական բավարարում դատաքննության նշանակությունն իմաստազրկվում է, որովհետև չի իրականացվում դատաքննություն, և համապատասխանաբար չի իրացվում դատավարական յուրաքանչյուր փուլին բնորոշ իրավունքների և պարտականությունների ամբողջությունը: Ըստ դիմողի` վիճարկվող նորմով աղավաղվում է հայցի ապահովման միջոցի էությունը, և այն նույնացվում է հայցապահանջի նախնական բավարարման հետ, իսկ նշված պարագայում ակնհայտ է դառնում նաև դատավորի ոչ անաչառ կամ կանխակալ մոտեցումը դիմողի որպես դատավարական կողմի նկատմամբ, ինչը վտանգում է արդար դատաքննության սկզբունքը: Դիմողի համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է առանց արդարադատություն իրականացնելու վեճեր լուծելու արատավոր պրակտիկա, ինչը անընդունելի է և անթույլատրելի: Դիմողը նշում է, որ արդարադատությունը սահմանափակվում է բացառապես հայցի ապահովման նորմերով. բացառվում են ապացույցների հետազոտման, ինչպես նաև դատավարության հետագա փուլերը, այդ թվում վճռահատության փուլը: Այս առումով վիճարկվող նորմը, ըստ դիմողի, հակասում է նաև Սահմանադրության 61-րդ հոդվածին, որով յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Դիմողի տեսանկյունից դատարանի կողմից չեն մեկնաբանվել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահի առկայությունը, դրա ապահովման անհրաժեշտությունը, ինչը Վճռաբեկ դատարանի պահանջն է երեխայի գերակա շահին վերաբերող գործերը քննելիս: Ըստ դիմողի դատարանն իր որոշման մեջ օգտագործել է «միայն երեխայի ցանկությամբ» արտահայտությունը, սակայն չի նշել, թե ինչպես պետք է դրսևորվի երեխայի կամքի արտահայտումը, իսկ երեխայի կողմից իր կամքի գրավոր շարադրանքը միջանկյալ դատական ակտը վերացնելու հիմք չի հանդիսացել դատարանի համար: Դիմողը նշում է, որ հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի որոշմամբ երեխայի բնակության վայր է սահմանվել հոր բնակության վայրը, ինչը, սակայն, պետք է ներկայացվեր առանձին հայցի ձևով և պետք է քննարկվեր հայցային վարույթի կանոններով:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Օրենքների, դրանց դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, որոշում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումներով (անհատական դիմումներ)։ Անհատական դիմումների ընդունելիության հարցերը լուծելիս Սահմանադրական դատարանը ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով, որոնցով նախատեսված պայմաններից թեկուզ և մեկի բացակայությունը բացառում է անհատական դիմումի քննությունը Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դատալեքս տեղեկատվական համակարգում զետեղված տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սույն թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործի քննությունը դեռևս գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Մասնավորապես, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Վարդանյանի 2021 թվականի հունվարի 21-ի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ 71200519 քրեական գործի վերջնական լուծումը կամ օրենքով սահմանված այլ հանգամանքների վրա հասնելը: Այնուհետև ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի օգոստոսի 31-ի «Գործի վարույթը վերսկսելու մասին» որոշմամբ թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, և պատասխանող Աննա Նազարյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննելու համար հրավիրվել է դատական նիստ։ Նույն դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Աննա Նազարյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժվել է, և «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ գործի վարույթը կրկին կասեցվել է մինչև թիվ 71200519 քրեական գործի վերջնական լուծումը կամ օրենքով սահմանված այլ հանգամանքների վրա հասնելը: Իսկ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի «Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ դատավոր Ա. Մկոյանը որոշել է թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և թողնել կասեցված վիճակում, մինչև գործի վարույթի կասեցման հիմքերի վերանալը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է որևէ դատական ատյան, որը կարող է քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այս իրավական պահանջի նպատակն այն է, որ կոնկրետ անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցին բոլոր իրավասու դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում անդրադառնան, որից հետո միայն Սահմանադրական դատարանը, ունենալով նաև տվյալ հարցի վերաբերյալ իրավասու բոլոր դատական ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայում կիրառված նորմերի մեկնաբանությունները, անհատական դիմումի շրջանակներում անդրադառնա այդ հարցին և գտնի հանրային իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար պարտադիր լուծումներ: Վերահաստատելով 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որոնց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար դիմողն իրավասու սուբյեկտ չէ: 3.2. Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է դատական ակտի օրինականության, դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր: Մասնավորապես, դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ թիվ ԼԴ/0435/02/20 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ չի մեկնաբանվել երեխայի լավագույն շահի հասկացությունը և չի նշվել, թե ինչպես պետք է դրսևորվի երեխայի կամքի արտահայտումը, և այդ որոշմամբ սահմանվել է երեխայի բնակության վայրը, որը սակայն, ըստ դիմողի, պետք է ներկայացվեր առանձին հայցի ձևով, քննարկվեր հայցային վարույթի կանոններով: Մասնավորապես, դիմողը նշում է. «... Դատարանի կողմից չի մեկնաբանվել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահի հասկացությունը, դրա ապահովման անհրաժեշտությունը, ինչը Վճռաբեկ դատարանի պահանջն է երեխայի գերակա շահին վերաբերող գործեր քննելիս: Դատարանն իր որոշման մեջ օգտագործել է միայն երեխայի ցանկությամբ արտահայտությունը, սակայն չի նշել, թե ինչպես պետք է դրսևորվի երեխայի կամքի արտահայտումը, գլխով կամ ձեռքով մերժողական ժեստ անելով, …թե՞ փորձաքննությամբ, հայտնի չէ, սակայն փաստ է, որ երեխայի կողմից իր կամքի գրավոր շարադրանքը հիմք չի հանդիսացել դատարանի համար միջանկյալ դատական ակտը վերացնելու: Հայցի ապահովման որոշմամբ սահմանվել է երեխայի բնակության վայր հոր մոտ, Երևան քաղաքում, ինչը սակայն պետք է ներկայացվեր առանձին հայցի ձևով, պետք է քննարկվեր հայցային վարույթի կանոններով...»: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը չի ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, և դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները և վիճարկվող դրույթի հնարավոր հակասահմանադրականության փաստարկները վերաբերում են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման օրինականությանը, դատարանի գործողությունների իրավաչափությանը: Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, դիմողը բարձրացնում է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի օրինականության, դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (հետագայում այլ որոշումներով վերահաստատելով) արտահայտել է իրավական դիրքորոշում է առ այն` որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Աննա Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա.Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

4 փետրվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել