Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1812 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-181)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 181 | «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 134-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի մարտի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով չի ապահովում/երաշխավորում նաև պատասխանողի հայցի ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածների, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասի և 78-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը, վկայակոչելով սահմանադրաիրավական նորմեր, Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներ, գտնում է, որ նորմաստեղծ գործունեության ոլորտում պետությունն իր պարտականությունն իրացնելիս սահմանափակել է դատարանի (արդարադատության) մատչելիությունը` խաթարելով այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համատեղելի չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջներին, քանզի չի հետապնդում իրավաչափ նպատակ, և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով: Ըստ դիմողի առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է կարգավորվի այնպես, որ ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան) վերանայման հնարավորությունը: Այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Դիմողի համոզմամբ առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու, մասնավորապես սահմանափակելու քաղաքացիական դատավարության մասնակից պատասխանողի իրավունքը բողոքարկելու հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումն այն դեպքում, երբ հայցվորին վերապահված է այդ ակտը բողոքարկելու իրավունք: Հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատական ակտը վիճարկելու հնարավորության բացակայությունը չի ապահովում իրավական պաշտպանության հավասար պայմաններ դատավարության մասնակիցների համար:

3. Պատասխանող Ազգային ժողովն անհիմն է համարել դիմողի պնդումները նորմի հակասահմանադրականության վերաբերյալ հայտնելով, որ օրենսդիրը նախատեսել է հայցի ապահովման կապակցությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության մի շարք դատավարական միջոցներ, որպիսիք են հայցի ապահովման միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, հայցի ապահովման միջոցի ձևափոխումը, հայցի ապահովման միջոցի վերացումը, հակընդդեմ ապահովումը, վնասների հատուցումը, ինչպես նաև հայցի ապահովման հետ կապված մի շարք դատավարական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Ըստ պատասխանողի օրենսդիրը նախատեսել է բողոքարկման հնարավորություն հայցի ապահովման կապակցությամբ դատարանի կայացրած այն որոշումների համար, որոնց արդյունքում էական վտանգի տակ կարող է հայտնվել գործի քննության արդյունքում կայացվելիք եզրափակիչ դատական ակտի կատարումը կամ անդառնալի վնաս պատճառվել միջնորդությունը ներկայացրած անձին, և նա չունի իր շահերի պաշտպանության այլընտրանք, հետևաբար` բողոքարկման իրավունքի սահմանափակման դեպքում օրենսդիրը նախատեսել է շահերի պաշտպանության այլ դատավարական միջոցներ: Անդրադառնալով կողմերի հավասարության խախտման վերաբերյալ դիմողի պնդումներին պատասխանողն արձանագրել է, որ դատավարության մասնակիցներից մեկի բողոքարկման իրավունքի սահմանափակումը չի կարող ոչ իրավաչափ համարվել հաշվի առնելով դատավարության առանձնահատկությունները, որպիսի դիրքորոշում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դրանից բացի, պատասխանողի դիրքորոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթով նախատեսված տարբերակված մոտեցումն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմք պայմանավորված քաղաքացիական դատավարության կողմերի դատավարական տարբեր կարգավիճակներով, հայցի ապահովման ինստիտուտի բովանդակությամբ և հետապնդում է իրավաչափ նպատակ. ապահովել գործի քննության արդյունքում կայացվելիք եզրափակիչ դատական ակտի կատարելի լինելը և այն անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որի միջնորդությամբ ընտրվել է հայցի ապահովման միջոցը: Բացի դրանից, բողոքարկման իրավունքի սահմանափակումը նպատակ ունի նաև կանխել գործի քննության անհարկի ձգձգումը և ապահովել դատավարական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումը:

4. Ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենսդրական այս պահանջը հիմք ընդունելով անձը, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում (ՍԴԱՈ-91, 04.12.2018 թվական): Միաժամանակ, 2010թ. հոկտեմբերի 19-ին կայացրած ՍԴՈ-921 որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասն ամրագրում է.

«6. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման»: Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲ ընկերությունը թիվ ԵԴ/10680/02/20 քաղաքացիական գործով ունեցել է պատասխանողի դատավարական կարգավիճակ: Դիմողը միջնորդել է վերացնել իր նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը: Դատարանի որոշմամբ հայցի ապահովումը վերացվել է մասնակի: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի իբրև քաղաքացիական գործով պատասխանողի համար իր նկատմամբ կիրառված միջանկյալ դատական ակտն անբարենպաստ է համարվում բացառապես միջնորդության մի մասի մերժման մասով: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող օրինադրույթով օրենսդիրը հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրած քաղաքացիադատավարական իրավահարաբերությունների համապատասխան սուբյեկտին դատավարական իրավունք է վերապահել բողոքարկելու հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը խնդիր ունենալով սահմանել վերջինիս իր համար անբարենպաստ դատական ակտից «պաշտպանվելու» իրավական երաշխիք: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմի խնդիրն է սահմանել բացառապես հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հանդես եկած անձի վերաքննիչ բողոքարկման իրավունքը, այսինքն խնդրո առարկա որոշման բողոքարկման իրավունքով օժտված սուբյեկտային կազմը, մինչդեռ դիմողը, վիճարկելով տվյալ իրավադրույթի սահմանադրականությունը, բարձրացնում է կոնկրետ միջանկյալ դատական ակտի իբրև վերաքննիչ բողոքարկման օբյեկտ չհանդիսանալու սահմանադրականության հարց, որը դուրս է վիճարկվող իրավանորմի կարգավորման առարկայից և կարգավորվում է քաղաքացիադատավարական օրենսդրության այլ նորմերով: Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, որ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր համապատասխան իրավունքները խախտվել են կոնկրետ վիճարկվող նորմի կիրառման արդյունքում: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի հիմնավորել բարձրացված հարցի (վիճարկվող իրավանորմի) և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը, որպիսի հանգամանքը սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-181

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-181
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել