Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1027 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 10 | ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 դեկտեմբերի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Սիրանուշ Պապյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Սիրանուշ Պապյանը 2018 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան և խնդրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը ճանաչել հակասող և անվավեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 23-րդ, 29-րդ, 30-րդ, 61-րդ, 63-րդ, 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին նախադասության «քաղաքացիական իրավունքներ» հասկացությունը չի ներառում խտրականության արգելքի հիմնարար իրավունքը սահմանող դրույթ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, …ինչպես նաև չի ներառում տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանող դրույթ»:

2. Ըստ դիմողի իր հասցեին վիրավորական արտահայտություն է արվել, որը կատարվել է սեռի հատկանիշով պայմանավորված, այսինքն կոնկրետ իրավիճակում իր նկատմամբ ցուցաբերվել է առավել վատ կամ անբարենպաստ այնպիսի վերաբերմունք, որը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածում բացակայում են խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ իրավունքի պաշտպանության եղանակները: Դիմողի կարծիքով խտրականության արգելքի մասին առանձին օրենքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ իրավիճակներում քաղաքացիները զրկված են արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից: Գոյություն ունեցող իրավանորմերը, որոնք ցրված են տարբեր օրենսդրական ակտերում, չեն կարող իրավական պաշտպանության արդյունավետ հնարավորություններ տրամադրել, և դրանց կիրառությունը դեկլարատիվ բնույթ է կրում: Մինչդեռ, հասարակական հարաբերություններում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պահանջում են գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիներին խտրական վերաբերմունքից պաշտպանելու ուղղությամբ: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմը չի ապահովում նաև տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Նախ ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի օգոստոսի 3-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումից հետևում է, որ վճռաբեկ բողոքում դիմողն ինքը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածն իր նկատմամբ չի կիրառվել, որը, իր կարծիքով, պետք է կիրառվեր: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով անհատական դիմումին առաջադրվող պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ կայացված դատական ակտով կիրառվել է նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթը: Երկրորդ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ ըստ էության, դիմողն առաջ է քաշել օրենսդրական բացի խնդիր մատնանշելով, որ « .... վիճարկվող հոդվածում բացակայում են խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ իրավունքի պաշտպանության եղանակները.…, .…ինչպես նաև վերջինս չի ապահովում տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը….»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, դիմողի գործով 03.05.2018թ. կայացրած որոշմամբ արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցվորին վիրավորելու հանգամանքը չի հիմնավորվել, միաժամանակ նշել է, որ օրենսդիրը չի նախատեսել վերը նշված հանգամանքներն առանձին փաստի ճանաչման վարույթով հաստատելու հնարավորություն, բայց այն «կարող էր դրվել արժանապատվության վերականգնման հայցի քննության ընթացքում հայցի հիմքում»: Սահմանադրական դատարանը 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չէ Սահմանադրական դատարանի` վերոնշյալ որոշման մեջ ամրագրված պայմաններից որևէ մեկը, որի դեպքում հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առարկա դարձնել Սահմանադրական դատարանում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սիրանուշ Պապյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

27 դեկտեմբերի 2018 թվականի

ՍԴԴԿՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել