Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1412 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 14 | ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 փետրվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Մանուկ Մանուկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մանուկ Մանուկյանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 23-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասը և 563-րդ հոդվածի 2-րդ մասն ինքնին , ինչպես նաև այդ նորմերին դատական ատյանների կողմից տրված հակասական մեկնաբանությունները ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահ է դիտարկվում միայն իրավունքի պետական գրանցման պահը և երրորդ անձանց հետ հարաբերություններում այլևս հաշվի չի առնվում իրավունքի պետական գրանցմանը խոչընդոտող հարգելի պատճառների առկայությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/2899/04/23 սնանկության գործի նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի և 563-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցն այնքանով, որքանով վիճարկվող դրույթները չեն ամրագրում անձի իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական հնարավորություն:

Դիմողը սույն դիմումով բարձրացվող վիճելի հարցերի շրջանակում առաջադրում է հետևյալ հարցադրումները, թե այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահ է դիտարկվում միայն իրավունքի պետական գրանցման պահը, սակայն, երբ երրորդ անձանց հետ հարաբերություններում հաշվի չի առնվում իրավունքի պետական գրանցմանը խոչընդոտող հարգելի պատճառների առկայությունը, կառուցակարգի բացակայությունն արդյոք խնդրահարույց է Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածների՝ անշարժ գույքի ձեռքբերման համար արդյունավետ ընթացակարգերի և կառուցակարգերի օրենսդրական ամրագրման սահմանադրական պահանջի տեսանկյունից, և սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի իրավունքի սահմանափակումն արդյոք հետապնդում է Սահմանադրությամբ սահմանված իրավաչափ նպատակ:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք չեն երաշխավորում այն անձանց շահերը, որոնք հարգելի պատճառներով կամ տեխնիկական վրիպակների պատճառով զրկվել են կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության հիման վրա կնքված պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման իրական հնարավորությունից: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքի իրացման արդյունավետ կառուցակարգ այն անձանց համար, որոնք հարգելի պատճառներով (օրինակ՝ փաստաթղթերի կորստի, տեխնիկական սխալի և այլն) չեն հասցրել կամ չեն կարողացել պայմանագրից բխող իրավունքը ենթարկել պետական գրանցման, իսկ հետո զրկվել են իրենց իրավունքի իրացման իրական հնարավորությունից (օրինակ՝ գույքի նկատմամբ կիրառվել է սահմանափակում, արգելանք, վաճառողը ճանաչվել է սնանկ և այլն):

Դիմողը նշում է, որ ինքը նոտարական կարգով կնքել է առուվաճառքի պայմանագիր, պայմանագրի կնքման պահին վճարել է անշարժ գույքի արժեքը, օրենսդրությամբ սահմանված 30-օրյա ժամկետում դիմել է պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման համար, սակայն պետական գրանցումն սկզբում կասեցվել է տեխնիկական պատճառով (պետական տուրքը վճարվել է մասնակի), իսկ հետո, երբ ինքը սահմանված 30-օրյա ժամկետում շտկել է թերությունը և կրկին դիմել ՀՀ Կադաստրի կոմիտե, իրավունքի պետական գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ գույքի նկատմամբ այլ գործով արդեն իսկ կիրառված է սահմանափակում։ Ըստ Դիմողի՝ պետական տուրքը մասնակի վճարված չլինելու պարագայում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրից բխող իրավունքը չի ենթարկվել պետական գրանցման, հետևաբար՝ ստացվում է, որ ինքը՝ որպես գնորդ, տեխնիկական վրիպակի պատճառով զրկվել է իր սեփականության իրավունքից։

Ըստ Դիմողի՝ տվյալ իրավիճակը փաստացի հանգեցնում է գնորդի սեփականության իրավունքի իրացման անհնարինությանը, մինչդեռ պետությունը, որի պարտականությունն է ապահովել գույքային հարաբերությունների կանխատեսելիությունն ու կայունությունը, փաստացի չի երաշխավորում գնորդի համապատասխան իրավունքի պաշտպանությունը՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս կողմից կատարվել են «(...) բոլոր իրավական և փաստական քայլերը»։ Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ օրենսդրությունը, տվյալ պարագայում սահմանելով պետական գրանցման պարտադիր պահանջ, չի նախատեսում պատշաճ մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ պետական գրանցման անհնարինությունը (դրա բացակայությունը) պայմանավորված է ոչ թե գնորդի կամքով, մեղքով, այլ՝ հարգելի կամ տեխնիկական պատճառներով։

Միաժամանակ Դիմողի կարծիքով՝ որևէ հարցի վերաբերյալ հակասական իրավակիրառ պրակտիկա ձևավորվելու պարագայում նշվածը կարող է հանգեցնել անձի՝ իր գործի կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքի պահպանմամբ քննության իրավական հնարավորությունից զրկման, որի հետևանքով կխախտվի վերջինիս արդար դատաքննության իրավունքը, քանի որ անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննությունը ենթադրում է իրավական միատեսակ մոտեցում և հավասար վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը խախտում են իր սեփականության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Միաժամանակ 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով:

Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջից բխում է, որ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, ինչը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալին.

Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի և 563-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին համապատասխանությունը, սակայն իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության վերը վկայակոչված հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումներին ներկայացվող վերոգրյալ պահանջները սույն դիմումում պահպանված չեն:

Այսպես՝ Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի և 563-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները բխում են նույն օրենսգրքի՝ 10, 135 և 301-րդ դրույթներով սահմանված կանոններից և վիճարկվող նորմերի փոխկապակցվածության, փոխլրացված դրույթներով ամբողջացել են սեփականության իրավունքի՝ որպես հիմնարար իրավունքի երաշխիքները:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում բավարար պաշտպանական մեխանիզմներ կամ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքների իրացման արդյունավետ կառուցակարգ Դիմողի իրավիճակում հայտնված անձանց համար, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողացել պայմանագրից բխող իրենց իրավունքները ենթարկել պետական գրանցման, իսկ հետո զրկվել են իրենց իրավունքի իրացման իրավական հնարավորությունից:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն է ընտրում իր դատական պաշտպանության եղանակը, իրավունքի իրացման իրավական մեխանիզմները, կատարում հայցի առարկայի ընտրությունը և ապահովում իրավական գործիքակազմերը: Հարկ է նշել, որ պետական գրանցում ստացած սեփականության իրավունքը չի նույնացվում գույքի նկատմամբ օրինական ակնկալիքի հետ, հետևապես՝ իրավական պաշտպանության այլ գործիքակազմերի ներդրումը՝ որպես սույն գործով հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտումը վերացնող միջոցի ընտրություն, պետք է համապատասխանեցվի օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Սահմանադրական դատարանի դատական կազմը նկատում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ ամրագրված է, որ բոլոր այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման (ինչպես սույն պարագայում է), տվյալ գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագումը պայմանավորվում է պետական գրանցման պահով (սեփականության իրավունքը ծագած է համարվում պետական գրանցման պահից):

Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նաև ամրագրված է իրավակարգավորում առ այն, որ քանի դեռ անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցումը չի ստացել պետական գրանցում, վաճառքի պայմանագրի կատարումն ինքնին հիմք չէ երրորդ անձանց՝ տվյալ պայմանագրի կողմերի հետ ունեցած հարաբերությունների փոփոխման համար: Այս կարգավորումը նախատեսվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 135-րդ հոդվածների իրավակարգավորումը գնահատելով. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, դրա ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման, ինչը՝ որպես պահանջ, հիմնաքարային նշանակություն ունի սեփականության իրավունքի ամրագրման առումով, ուստի՝ այս կարգավորման տրամաբանական հետևությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի ամրագրումն է:

Սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացող պետական գրանցման կանոնի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանությունները հանգում են նրան, որ «(…) պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է իր իրավունքների իրականացման «օրինական սպասելիք», իսկ վերջինն առկա է բոլոր այն դեպքերում, երբ անձն ունի բավարար իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտի իրավաչափությանը, որն ուղղված է իր համար որոշակի իրավունքների առաջացմանը, անձի մոտ ստեղծում է իրավաչափ ակտի տպավորություն և վերաբերում է սեփականության իրավունքին: Այլ կերպ ասած՝ պահանջի իրավունքն Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն իրավաբանորեն կարող է իրացվել»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումում Դիմողը հղում է կատարում Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, և 63-րդ հոդվածի 1-ին մասին, սակայն չի ներկայացնում բավարար հիմնավորումներ, թե ինչպես է վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը խախտում իր սեփականության իրավունքի, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, այսինքն՝ չի ներկայացնում վիճարկվող նորմին հաղորդած մեկնաբանության և իր իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը:

Քննարկվող համատեքստում հարկ է նաև փաստել, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խնդրո առարկա թիվ ՍնԴ/2899/04/23 սնանկության գործով 2025 թվականի ապրիլի 18-ին կայացրած որոշմամբ արձանագրել է հետևյալը.

«(...) ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գ. Բաղյան փ. 9/3 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` կնքված, և այդ պայմանագրից Մանուկ Մանուկյանի ակնկալած իրավունքը` ծագած համարվել չեն կարող, քանի որ դիմողն ինքն էլ չի վիճարկել այդ իրավունքի պետական գրանցում կատարված չլինելու և պարտապանի` սնանկ ճանաչվելու պահի դրությամբ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գ. Բաղյան փ. 9/3 հասցեում գտնվող անշարժ գույքի տիտղոսակիր սեփականատեր հանդիսանալու փաստերը: Ինչ վերաբերում է պայմանագիրը կողմերի կողմից կատարված լինելուն, ապա այդ փաստն ինքնին բավարար չէ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Գ. Բաղյան փ. 9/3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Մանուկ Մանուկյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի պահանջների շրջանցմամբ ճանաչելու համար, քանի որ ճանաչվել կարող է միայն ծագած իրավունքը, իսկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը պայմանավորող միակ փաստն այդ իրավունքի պետական գրանցման փաստն է, որի բացակայությունը տվյալ դեպքում չի վիճարկվում»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ գործի նյութերից հետևում է, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքի կնքման պահին գույքի նկատմամբ բացակայել է սահմանափակումը, ինչը թույլ է տվել կողմերի ազատ կամքի ձևակերպումը, սակայն իրավունքի պետական գրանցման փուլում սահմանափակում արգելքի սահմանումը զրկել է Դիմողին կատարել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում: Սակայն Դիմողը չի հիմնավորում, թե ո՛ր կառուցակարգն է ի զորու իրագործել իր իրավունքի պաշտպանությունը, և արդյո՞ք սպառված է այլ իրավական գործիքակազմով սեփականության իրավունքը ճանաչելու հարցը:

Դիմողը, ըստ էության, օրենսդրական բացի հարցը պայմանավորում է օրենքով սահմանված առուվաճառքի պայմանագրի, պայմանագրից ծագած իրավունքի՝ պետական գրանցում իրականացնելու ընթացքում (նաև՝ ժամանակագրային առումով) առաջացած՝ իր կամքից անկախ հարգելի պատճառով ստեղծված խոչընդոտները հաղթահարելու իրավական ճանապարհի կառուցակարգի բացակայության հանգամանքով, որը, ըստ դիմողի, հանգեցրել է իր՝ սեփականության իրավունքի նկատմամբ ունեցած օրինական ակնկալիքի ձախողման, ինչն օրենսդրական բացի իմաստով բնորոշել է որպես սեփականության իրավունքի իրացման արդյունավետ կառուցակարգի բացակայություն:

Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին, 3 և 10-րդ հոդվածների կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը.

Սահմանադրության 1-ին, 3 և 10-րդ դրույթներն ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, ինչը բացառում է անհատական դիմումներով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության վիճարկում: Կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու դեպքում՝ օրենսդրական պահանջն է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները, սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Սահմանադրական դատարանի դատական կազմը Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 80-րդ հոդվածների կապակցությամբ արձանագրում է, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Ամփոփելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի և 563-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75 և 80-րդ հոդվածներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մանուկ Մանուկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ս. Սաֆարյան

Անդամներ՝ Հ. Թովմասյան

Ա. Վաղարշյան

12 փետրվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել