ՎԱՐԴԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 45 | ՎԱՐԴԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 սեպտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Վարդան Մարկոսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ.
1. Վարդան Մարկոսյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 7-ին) խնդրելով. «1. Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1282-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
2. Ճանաչել հակասող և անվավեր 1999 թվականի հունվարի 01-ի Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի» 1282-րդ հոդվածի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ և 63-րդ հոդվածներին:
3. Ճանաչել անվավեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող 1999 թվականի հունվարի 01-ի Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի» 1282-րդ հոդվածի դրույթը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/19766/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է. Օրենսգրքի 1282-րդ հոդվածը թերի է այն ձևակերպված է անորոշ, ոչ լիարժեքորեն և ոչ ամբողջական: Վերջինիս անորոշ շարադրանքի և նրա բովանդակության թերությունների հետևանքով այն աղավաղվում և դատական պրակտիկայում մեկնաբանվում է ոչ միանշանակ, ինչի հետևանքով առաջանում է հակասական պրակտիկա և իրարամերժ կիրառում: Այսինքն, Օրենսգրքի 1282-րդ հոդվածն ունի դեֆեկտ և այն հակասում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին»: Ըստ Դիմողի Օրենսգրքի 1282-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշներին, իսկ դրա իրավակիրառ պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությունը հանգեցրել է Դիմողի ժառանգության իրավունքի խախտմանը, քանի որ նորմի մեկնաբանման արդյունքում Դիմողը զրկվել է իր ժառանգությունից»: Դիմողն ընդգծում է, որ Օրենսգրքի 1282-րդ հոդվածը պետք է ավելի մանրամասն լիներ, ավելի պարզ և հստակ նկարագրեր այն դեպքերը, թե ե՞րբ է կիրառելի այլ պետության օրենքը և այն դեպքերը, թե ե՞րբ կիրառելի չէ այլ պետության օրենքը, որպեսզի օրենսդրական խառնաշփոթ չառաջանար: Անհրաժեշտ է լրացնել բացը և թերությունները պետք է կարգավորվեն: Իրավունքի պատվիրանը (մեխանիզմը) հստակ չէ»: Ըստ Դիմողի «Սույն գործի շրջանակներում ստացվել է այնպես, որ ստորադասվել է ՀՀ Օրենսգրքի 322-րդ հոդվածը, որը իմպերատիվ նորմ է և հստակ է օրենսդիրի ցանկությունը պաշտպանելու իր իմպերատիվ նորմերը այլ երկրների իրավունքի ազդեցությունից (տես Օրենսգրքի 1259-րդ հոդվածի պահանջը): Հետևաբար, հարց է առաջանում. գերակայու՞մ է արդյոք Օրենսգրքի 1282-րդ հոդվածը (կոլիզիոն նորմը) Օրենսգրքի 321-րդ և 322-րդ հոդվածների հանդեպ, թե՞ ոչ: Օրենսգրքից հստակ չէ, թե ո՞ր նորմն է գերակայում»: Դիմողը նշում է. սույն գործով Օրենսգրքի 1282-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանության հակասությունը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված Դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված ժառանգության իրավունքի խախտման»: Դիմողը եզրահանգում է, որ սույն գործով անհրաժեշտություն չի եղել Դիմողին զրկել իր սեփականության (ժառանգելու) իրավունքից ո՛չ հանրության շահերի, ո՛չ էլ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Դիմողը պարզապես զրկվել է ժառանգելու իր իրավունքից Օրենսգրքի 1282-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում ստացած մեկնաբանության միջամտության հետևանքով, ինչի արդյունքում, փաստորեն, խախտվել են նաև. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով Դիմողի համար երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով Դիմողի համար երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/19766/02/18 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2023 թվականի փետրվարի 7-ին: Սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 8-ին: Մինչդեռ, Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարանին առձեռն եղանակով հանձնվել և մուտքագրվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Անդրադառնալով Դիմողի կողմից ներկայացված այն պնդմանը, որ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի փետրվարի 7-ի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը փոստային առաքմամբ ստացել է 2023 թվականի մարտի 10-ին, հետևաբար Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետն սպառված չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը վերահաստատում է Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 15-ի ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ արձանագրված այն դիրքորոշումը, համաձայն որի «(...) ի տարբերություն քաղաքացիադատավարական, վարչադատավարական և քրեադատավարական օրենսդրության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտ չի նախատեսում»: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Մարկոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
25 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
