Մարտիրոսյան — ՀԿԴ/0225/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխվել է, և նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և գրավ՝ 10․000․000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: 2․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա․Մուրադյանի հատուկ վերանայման բող
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0225/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Տ․Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա․Նահապետյան
2024 թվականի հոտկեմբերի 30-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Վարդան Նշանի Մարտիրոսյանի վերաբերյալ
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխվել է, և նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն, պաշտոնավարման կասեցում և գրավ՝ 10․000․000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: 2․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա․Մուրադյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։ 3․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 3․1․ Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներակայացվել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ և 116-119-րդ հոդվածները՝ թույլ տալով դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքը և, բացի այդ, Վերաքննիչ դատարանի հիմնավորումները հակասում են Վ․Պողոսյանի վերաբերյալ թիվ ԿԴ1/0062/06/12, Դ․Վարդանյանի վերաբերյալ թիվ ԵԱՔԴ/0056/06/14, Ա․Գոմցյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0015/01/22, Վ․Մարտիրոսյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0173/06/23, ինչպես նաև Ա․Աբրահամյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0030/01/16 գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արձանագրված հիմնավորումներին։ 4․1․ Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ պատշաճ գնահատման չեն ենթարկվել մեղադրյալի նկատմամբ կալանքի կիրառման իրավաչափության տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող արարքը խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում դրանց հեղինակությունը և նվազեցնում հանրային վստահությունը պետական համակարգի կառույցների նկատմամբ: Բացի այդ, Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող հանցանքների արդյունքում խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության գնումների բնականոն ընթացքը, արդյունքում ՀՀ զինված ուժերը ստացել են անորակ, իսկ որոշ դեպքերում՝ ոչ պիտանի ապրանքներ, որոնց հասցեատերերը եղել են զինծառայողները։ 4.2․. Բողոքաբերը փաստել է, որ Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող արարքների հանրային բարձր վտանգավորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ կաշառքի չափը կաշառք տվողի և ստացողի միջև ձևավորվել է նախապես մշակված «մեթոդիկայով», որի մասին են վկայում «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալները, որոնց զննության արձանագրությունները ևս կցված են եղել դատարան ներկայացված միջնորդությանը Նշված հանգամանքը վկայում է այն մասին, որ կոռուպցիոն հանցանքները կրել են պարբերական բնույթ, իսկ Վ.Մարտիրոսյանն իրեն մեղսագրվող արարքները կատարել է հանցավոր սխեմայում ընդգրկված այլ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ: 4.3. Անդրադառնալով մեղադրյալի՝ հասարակությունում ունեցած դերին, կապերին և վարույթի բնականոն ընթացքի վրա հնարավոր ազդեցությանը՝ բողոքաբերը նշել է, որ Վ.Մարտիրոսյանը ՀՀ պաշտպանության նախարարության իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարն է, ինչը Վճռաբեկ դատարանի՝ թիվ ՀԿԴ/0015/01/22 գործով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի: Բացի այդ, բողոքի հեղինակն ընդգծել է, որ Վ.Մարտիրոսյանը երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարությունում, վարույթով մեղադրյալ Վ․Մովսիսյանը նրա ենթական է, իսկ խնդրո առարկա անորակ, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի ապրանքներն ընդունած հանձնաժողովի անդամները ևս ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողներ են: 4.3. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այնքան բարձր չէ, որ առկա լինի մեղադրյալին կալանավորելու բացարձակ անհրաժեշտություն՝ բողոքի հեղինակը փաստել է, որ նման հետևությունն անհիմն է և ակնհայտորեն չի բխում քրեական վարույթի նյութերից՝ հաշվի առնելով, որ դատաքննության ընթացքում դեռևս չեն հարցաքննվել առանցքային նշանակություն ունեցող մի շարք անձինք, այդ թվում՝ խնդրո առարկա անորակ և ոչ պիտանի ապրանքներն ընդունած հանձնաժողովի անդամները, դրանց վերաբերյալ մասնագիտական դրական եզրակացություն տված մասնագետները և այլն: Միևնույն ժամանակ, համաձայն բողոքաբերի պնդումների՝ Վերաքննիչ դատարանը ևս փաստել է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը շարունակում է առկա լինել, սակայն առանց պատշաճ հիմնավորումների հանգել է հետևության, որ այդ հավանականությունն այնքան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումն ի զորու չլինի ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: 4.4. Ի հիմնավորումն բողոքի հիմքերի՝ բողոքաբերը նաև նշել է, որ տվյալ դեպքում մեղադրյալի կողմից իր վրա դրված պարտականությունները չկատարելու, այն է՝ քրեական վարույթին խոչընդոտելու հավանականությունը ոչ միայն չի նվազել, այլև վարույթով ձեռք բերված տվյալներով հաստատվել է դրա շարունակական առկայությունը, և ամրապնդվել այն եզրահանգումը, որ կալանքից բացի որևէ այլընտրանքային խափանման միջոց, այդ թվում՝ դրանց համակցված կիրառումը, չի կարող բավարար լինել մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի պատշաճ վարքագիծը և վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար: Բողոքաբերի պնդմամբ՝ վիճարկվող որոշման կայացման պահին դատավարությունը փուլային առումով որևէ փոփոխության ենթարկված չի եղել, քրեական գործի քննությունը դեռևս գտնվել է նախապատրաստական փուլում, հետևաբար չեն հարցաքննվել դատակոչված անձինք, չի հետազոտվել որևէ ապացույց, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործով անցնող գրեթե բոլոր անձանց հետ Վ․Մարտիրոսյանն ունեցել է որոշակի փոխհարաբերություններ, ինչը վկայում է վարույթի ընթացքին խոչընդոտելու բարձր հավանականության մասին: 4.5. Ինչ վերաբերում է մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին, բողոքի հեղինակը փաստել է, որ դրանք քրեական վարույթում առկա՝ վերը վկայակոչված փաստական տվյալների պայմաններում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն: Հետևաբար դրանք ի զորու չեն երաշխավորելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման պայմաններում։
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. 2023 թվականի հոկտեմբերի 11-ին կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ Վ․Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-549-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար և կատարել պաշտոնեական կեղծիք: Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք և դրդել է պաշտոնատար անձանց իշխանության չարաշահմանը: Այսպես.
ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև 2022 թվականի փետրվարի 23-ին կնքվել է ծառայությունների մատուցման պետական գնման թիվ ՓՊՄԾՁԲ-22-7/1-1 պայմանագիրը՝ ի թիվս այլնի՝ 18.000 լրակազմ «Դերձակի ծառայություն /կոստյում ձմեռային դաշտային/» ապրանքատեսակը մատակարարելու մասին, որը «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը 10 խմբաքանակներով՝ 2022 թվականի մայիսի 5-ից մինչև 2023 թվականի ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, մատակարարել է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 98360 զորամաս: Բացի այդ, 2023 թվականի փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ միջև կնքվել է պետության կարիքների համար ապրանքների մատակարարման ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-1 պայմանագիրը՝ 7000 հատ «Ներքնակ (185*65*7)» ապրանքատեսակը մատակարարելու մասին: Այդ պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը 3 խմբաքանակով՝ 2023 թվականի մայիսի 5-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, մատակարարել է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 98360 զորամաս: Նման պայմաններում, վերը թվարկված պայմանագրերով նախատեսված ապրանքատեսակները մինչև կատարողի կողմից պատվիրատուին մատակարարելը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտոնատար անձանց՝ ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի և նույն զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու պայմաններում պատվիրատուի կողմից դրանք անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ խոստանալով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար տալ առանձնապես խոշոր չափի, ընդհանուր՝ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վաղինակ Եղիազարյանը մինչև 2023 թվականի մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում անձամբ, ինչպես նաև «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության աշխատակից Ռուբեն Վարդանյանի օժանդակությամբ, այն է՝ նրա միջոցով, պայմանավորված 6.500.000 ՀՀ դրամից 3.700.000 ՀՀ դրամը մաս-մաս, տարբեր օրերի ընթացքում փոխանցել են Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին։ Այնուհետև, Վաղինակ Եղիազարյանը, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ 2023 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Վարդան Մովսիսյանին է տվել ևս 500.000 ՀՀ դրամ՝ Վարդան Մարտիրոսյանին փոխանցելու նպատակով։ Դրանից հետո՝ 2023 թվականի ապրիլի 5-ին և 6-ին, Վաղինակ Եղիազարյանը, կրկին նույն պայմանավորվածության շրջանակներում, կաշառք տվողին օժանդակող Ռուբեն Վարդանյանին է տվել համապատասխանաբար 1.000.000 և 800.000 ՀՀ դրամ՝ Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին փոխանցելու նպատակով, որն էլ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի ապրիլի 6-ին փոխանցել է Վարդան Մովսիսյանին: Արդյունքում, թիվ ՓՊՄԾՁԲ-22-7/1-1 պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս է մատակարարվել տեխնիկական բնութագրի չափս-հասակային սանդղակին չհամապատասխանող խմբաքանակներով, այն է՝ չափս-հասակային սանդղակով նախատեսված չափսերի խախտմամբ, իսկ թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/19.1 պայմանագրով նախատեսված ապրանքատեսակը մատակարարվել է տեխնիկական բնութագրերին անհամապատասխան՝ առանց պիտակավորման, ոչ սպիտակ բամբակից և արդեն իսկ օգտագործված ներքնակների տեսքով: Այնուհետև, 2023 թվականի փետրվարի 16-ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված վերը նշված ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-1 պայմանագրով նախատեսված մատակարարման ենթակա 7000 հատ ներքնակներից 3-րդ խմբաքանակով 800 հատը «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից 2023 թվականի հունիսի 20-ին ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս մատակարարվելու ժամանակ, ի պահ ընդունելու գործընթացում, հանձնաժողովի անդամների կողմից իրականացված զգայաբանական ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց զանգվածը չի համապատասխանում՝ տեխնիկական բնութագրով նախատեսվածին: Սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող խմբաքանակը անխոչընդոտ ընդունելու նպատակով Վարդան Մարտիրոսյանը և Վարդան Մովսիսյանը Վաղինակ Եղիազարյանից պահանջել են 200.000 ՀՀ դրամ կաշառք: Վաղինակ Եղիազարյանը, ընդունելով կաշառք տալու պահանջը, 2023 թվականի հունիսի 28-ին կաշառք տվողին օժանդակող, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության վարորդ Ռուբեն Վարդանյանի միջոցով 200.000 ՀՀ դրամ կաշառքը փոխանցել է Վարդան Մովսիսյանին: Արդյունքում, ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասի նյութատեխնիկական միջոցների ընդունման հանձնաժողովի անդամները նախնական համաձայնությամբ իրենց ծառայողական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, ինչպես նաև իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով՝ չեն արձանագրել թիվ ՓՊՄԾՁԲ-22-7/1-4 և ՓՊՄԱՊՁԲ-23-7/19-1 պայմանագրերով մատակարարված ապրանքատեսակներում հայտնաբերված վերը նշված շեղումները, չեն նախաձեռնել մատակարարված նյութատեխնիկական միջոցներն ամբողջությամբ կամ մասնակի վերադարձման գործընթաց, այլ խմբի կազմում կազմել են պաշտոնական շրջանառության ենթակա՝ ի պահ ընդունելու և ընդունման մասին ակտերը՝ դրանցում չարձանագրելով մատակարարված ապրանքների՝ պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու հանգամանքը, իսկ այդ ակտերը սահմանված կարգով հաստատվել են նաև Վարդան Մարտիրոսյանի կողմից: (…) Բացի այդ, 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված գնանշման մրցույթին մասնակցելու հրավերի հիման վրա «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը մասնակցել է 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած մրցույթին և ճանաչվել է ընտրված մասնակից: Մրցույթի արդյունքներով, 2023 թվականի մայիսի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-3 պայմանագիրը՝ 10.273 լրակազմ «Ներքնաշոր տաք» ապրանքատեսակը մատակարարելու վերաբերյալ, իսկ նույն թվականի մայիսի 11-ին՝ թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2 պայմանագիրը՝ 61.338 լրակազմ «Ներքնաշոր տաք» ապրանքատեսակը մատակարարելու մասին: Այնուհետև, Վարդան Մարտիրոսյանը և Վարդան Մովսիսյանը, քաջատեղյակ լինելով «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության ընտրված մասնակից ճանաչված լինելու մասին, խմբի կազմում, իրենց կողմից նախապես մշակված գործողությունների պլանին համապատասխան Ընկերության կողմից տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքատեսականու հանձնումն անխոչընդոտ իրականացնելու համար, 2023 թվականի մարտի 24-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ: Հիշյալ հանդիպումների արդյունքում Վարդան Մարտիրոսյանը և Վարդան Մովսիսյանը Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության, այն է` տեխնիկական բնութագրին համապատասխանող, 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով 71.611 լրակազմ «Ներքնաշոր տաք» ապրանքատեսակի անխոչընդոտ մատակարարումն ապահովելու համար վերջինիցս պահանջել են տալ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչին Վաղինակ Եղիազարյանը համաձայնել է: Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, Վարդան Մովսիսյանը և Վաղինակ Եղիազարյանը նպատակադրվել են Ռուբեն Վարդանյանի օժանդակությամբ, այն է՝ միջոցներ տրամադրելով, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար, որի նպատակով նախաձեռնել են ՀՀ ՊՆ և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-3 և թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/29-2 պայմանագրերի շրջանակներում ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս մատակարարման ենթակա «Ներքնաշոր տաք» ապրանքատեսականուց 3019 լրակազմ չմատակարարելու և դրա դիմաց ստացման ենթակա գումարները հափշտակելու հանցավոր գործընթացը: Մասնավորապես, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վաղինակ Եղիազարյանն իր ստորագրությամբ և ընկերության կնիքով հաստատել է իրականությանը չհամապատասխանող՝ կեղծ տեղեկություններ պարունակող Ա8185287281 սերիա-համարի ելքի հաշիվ ապրանքագիր, որի համաձայն՝ իբր ընկերության կողմից 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս է մատակարարվել 12․900 լրակազմ քանակությամբ «Ներքանաշոր տաք» ապրանքատեսականի: Արդյունքում, ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամասում գործող նյութատեխնիկական միջոցներն ընդունող հանձնաժողովը 2023 թվականի հունիսի 07-ի թիվ 32 ի պահ ընդունման, նույն թվականի հունիսի 16-ի ընդունման թիվ 39 ակտերում չի արձանագրել ապրանքատեսականու՝ 3.019 լրակազմ քանակությամբ պակաս մատակարարված լինելու հանգամանքը, այդ ակտերում տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության կողմից մատակարարվել է 12.900 լրակազմ «Ներքնաշոր տաք» ապրանքատեսականի, այն դեպքում, երբ մատակարարված ապրանքների` փաստացի քանակը եղել է 3.019-ով պակաս՝ 9.881 լրակազմ: Վարդան Մարտիրոսյանը քաջատեղյակ լինելով վերը նշված ակտերում առկա տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու մասին, իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է վերոգրյալ ակտերը, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտականություն է ստանձնել 12․900 լրակազմ տաք ներքնաշորի համար «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը փոխանցելու 32.121.000 ՀՀ դրամ, որից 7․517․310 ՀՀ դրամը՝ փաստացի չմատակարարված թվով 3019 տաք ներքնաշորերի համար: Այնուհետև, Վաղինակ Եղիազարյանը 2023 թվականի հուլիսի 6-ին Ռուբեն Վարդանյանի միջոցով Վարդան Մովսիսյանին է տվել 6․900.000 ՀՀ դրամ Վարդան Մարտիրոսյանին փոխանցելու նպատակով։ Արդյունքում՝ Վարդան Մովսիսյանը, Վարդան Մարտիրոսյանը և Վաղինակ Եղիազարյանը Ռուբեն Վարդանյանի օժանդակությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունից խմբի կազմում նախնական համաձայնությամբ խաբեության եղանակով խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 6.900․000 ՀՀ դրամ գումար: (…) Բացի այդ, 2022 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգում ճանաչվել է ընտրված մասնակից՝ «Կոշիկ կանացի խրոմե» ապրանքատեսակը մատակարարելու և գնման ընթացակարգում, որի արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության միջև կնքվել է Պետության կարիքների համար ապրանքների մատակարարման թիվ ՓՊՄԱՊՁԲ-23-7/6-1 պայմանագիրը: 2023 թվականի ապրիլի 4-ին «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ լիազորված անձ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի փետրվարի 2-ին կնքված թիվ 1 համաձայնագրի ու 2023 թվականի ապրիլի 4-ին դուրս գրված թիվ Ա9215174062 հաշիվ ապրանքագրի հիման վրա ՀՀ ՊՆ թիվ 98360 զորամաս է մատակարարել 924 զույգ կանացի կոշիկներ: ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 177 հրամանով սահմանված կարգով նյութատեխնիկական միջոցներն ընդունող հանձնաժողովը մատակարարված ապրանքատեսականին ի պահ ընդունելու գործընթացը կազմակերպելու նպատակով մատակարարված կոշիկները ենթարկել է զգայաբանական ուսումնասիրության, որի արդյունքում պարզել է, որ դրանք չեն համապատասխանում կնքված պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին, ինչի մասին հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մովսիսյանը զեկուցել է զորամասի հրամանատար Վարդան Մարտիրոսյանին, ով Սերգեյ Մովսիսյանին հանձնարարել է մատակարարին վերադարձնել տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակը: Դրանից հետո Վարդան Մարտիրոսյանը և Վարդան Մովսիսյանը խմբի կազմում մատակարար ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող վերոհիշյալ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար վերջինիցս Ռուբեն Վարդանյանի միջոցով պահանջել են խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Վաղինակ Եղիազարյանը, ընդունելով կաշառք տալու պահանջը, հաջորդ օրը՝ 2023 վականի ապրիլի 20-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Ռուբեն Վարդանյանի միջոցո` կաշառքի գումարը տվել է Վարդան Մովսիսյանին, իսկ Վարդան Մովսիսյանը նույն օրը կաշառքի գումարը փոխանցել է Վարդան Մարտիրոսյանին: Այնուհետև, Վարդան Մարտիրոսյանը նյութատեխնիկական միջոցներն ընդունող հանձնաժողովի նախագահին հանձնարարել է անխոչընդոտ ընդունել տեխնիկական բնութագրին չհամապատասխանող և վերադարձման ենթակա կոշիկները՝ այդ կերպ դրդելով հանձնաժողովի նախագահին չարաշահել ծառայողական լիազորությունները՝ չկատարել ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի թիվ 177 հրամանով վերապահված նյութատեխնիկական միջոցների ընդունման հանձնաժողովի պարտականությունները, այն է՝ իրականացված զգայաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերելով շեղումներ պայմանագրին կից թիվ 1 հավելվածով նախատեսված տեխնիկական բնութագրի հետ, չարձանագրել դրանք ու չնախաձեռնել մատակարարված նյութատեխնիկական միջոցներն ամբողջությամբ կամ մասնակի վերադարձման գործընթացը: Արդյունքում, հանձնաժողովի նախագահը նույն հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում կազմել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ 2023 թվականի թվականի ապրիլի 20-ի թիվ 19 կեղծ ակտը՝ դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով այն մասին, թե իբր մատակարարված ապրանքատեսականին համապատասխանում է պայմանագրում նշված տեխնիկական բնութագրին, իսկ Վարդան Մարտիրոսյանն իր հերթին պաշտոնական կեղծ փաստաթուղթ կազմելու դիտավորությամբ իր ստորագրությամբ հաստատել և շրջանառության մեջ է դրել հիշյալ ակտը: Հանձնաժողովի հիշյալ գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է էական՝ 7․007.616 ՀՀ դրամի գույքային վնաս: (…):»[1]:
7. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ «(...) [Դ]ատարանը, անդրադառնալով մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու նպատակին, գտնում է, որ այն առաջին հերթին պետք է մեկնաբանման ենթարկել մեղադրյալի պարտականությունների սահմաններում։ (…) Դատարանը գտնում է, որ սույն փուլում ևս խոչընդոտելու՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու, վտանգն առկա է, սակայն այն էականորեն նվազել է: Այսպես՝ մեղադրյալի նկատմամբ կալանք խափանման միջոցն ընտրելիս ՀՀ վճռաբեկ դատարանն ինչպես նշվել է հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ քրեական վարույթը գտնվել է սկզբնական փուլում, և դեռևս անհրաժեշտ է կատարել մի շարք ապացուցողական գործողություններ, որի պայմաններում (...) գործի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու բարձր հավանականության ռիսկ, ինչը չի կարող չեզոքացվել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Դատարանն արձանագրում է, որ այս մասով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն էականորեն նվազել է, քանի որ նախաքննությունն այլևս չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն՝ հնարավոր բոլոր ապացույցները հավաքված են, իսկ մեղադրական եզրակացության կազմումը և քրեական գործը դատարան ուղարկելը վկայում է, որ դեպքի բոլոր հանգամանքներն ըստ նախաքննական մարմնի պարզված են և ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձինք բացահայտված են, ինչն իր հերթին վկայում է, որ առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ (…) Այլ կերպ ասած՝ քննչական և դատավարական ամբողջ գործողությունների կատարված լինելու փաստն էականորեն նվազեցնում է գործի քննությանը խոչընդոտելու՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու հավանականությունը: Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ խոչընդոտելու հավանականությունը պետք է գնահատման ենթարկվի ոչ թե վերացարկված, այլ ապացույցների որոշակի ամբողջությամբ հաստատված տվյալների հիման վրա, որոնք հնարավորություն կտան հիմնավորված ենթադրություններ անել առ այն, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է խոչընդոտել քրեական վարույթի բնականոն ընթացքին։ Ավելին՝ եթե գործի քննության որոշակի փուլում խափանման միջոց կիրառելու հիմքերը գնահատելիս հնարավոր է բացառապես հիմնվել ենթադրությունների վրա՝ հաշվի առնելով քրեական գործի բնույթը, վարույթի ընթացքը, գործով անցնող անձանց շրջանակը և այլ հանգամանքներ, ապա քննության հետագա փուլերում, առավել ևս՝ նախաքննությունն ավարտված լինելու պայմաններում, հիմքերը պետք է հիմնված լինեն ոչ թե բացառապես ենթադրությունների, այլ հնարավոր ենթադրությունները որևէ կերպ հիմնավորող տվյալների վրա։ Այսինքն՝ քննության ներկա փուլում մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլևս այն աստիճան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քանի որ քննչական, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունները կատարվել են, քրեական գործի քննությունը սկսվել, իսկ ենթադրյալ հանցագործություններն առերևույթ բացահայտվել են գաղտնի քննչական գործողությունների կատարմամբ (օբյեկտիվ ապացույցներով), նախաքննության՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ գտնվում է Դատարանում, ինչի հետևանքով մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու վտանգը ցածր է և առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն քրեական գործով վարույթը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում, չեն հետազոտվել գործում առկա ապացույցները և չեն հարցաքննվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող անձինք։ Անդրադառնալով հանրային մեղադրողի կողմից հայտնած այն դիրքորոշմանը, որ մեղադրյալը կարող է ազդեցություն գործադրել գործով անցնող անձանց վրա՝ Դատարանը փաստում է, որ այդ մասով խոչընդոտելու հիմքը թեկուզև առկա է, սակայն այնքան է նվազել, որ այլ խափանման միջոցներն ի զորու կլինեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Ընդ որում, հարկ է նշել, որ եթե նույնիսկ որևէ ազդեցության արդյունքում վկաները կամ մեղադրյալները փոխեն իրենց ցուցմունքները, ապա Դատարանը կաշկանդված չի լինելու, ավելին՝ պարտավոր է գնահատել ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական ցուցմունքների արժանահավատությունը։ Ավելին՝ Դատարանն արձանագրում է, որ վարույթով անցնող անձինք որպես կանոն հարցաքննվել են օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքների, դրանցում ներառված կամ դրանցից բխող հանգամանքների վերաբերյալ, ինչն այլ հանգամանքների համատեքստում, էական նշանակություն ունի խափանման միջոցի հարցը քննարկելու տեսանկյունից։ Քննությանը խոչընդոտելու առումով հարկ է նշել նաև, որ սույն քրեական գործն ունի որոշակի առանձնահատկություններ, ինչով պայմանավորված այդ ռիսկն այս փուլում այնչափ բարձր չէ, որ անձին անազատության մեջ պահելը լինի միակ արդարացված միջոցը գործի քննությունը շարունակելու համար։ Մասնավորապես՝ սույն քրեական գործով ապացուցողական բազան առավելապես և հիմնականում առերևույթ կազմում են «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» ՕՀՄ–ները, արտավարութային փաստաթղթերը, զննության արդյունքները և իրեղեն ապացույցները։ Նշված ապացույցները, որպես վարույթի նյութեր, արդեն իսկ գտնվում են Դատարանում և այս առումով առարկայազուրկ է դառնում մեղադրյալի ազդեցություն ունենալը գործում առկա նյութերի հետազոտման վրա։ Իսկ միայն այն հանգամանքը, որ մի քանի անձ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի դեմ նախաքննության ընթացքում հնարավոր է տվել են, առերևույթ, մեղադրական բնույթի ցուցմունքներ (այն էլ միանշանակ նման դիրքորոշում հայտնել հնարավոր չէ, քանի որ մեղադրական եզրակացությունում տեղ գտած ցուցմունքներն ուղղակիորեն մեղադրական բնույթ չունեն, առերևույթ, չեն մատնանշում կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցանք կատարելու մասին և ենթակա են գնահատման այլ ապացույցների հետ համադրության արդյունքում՝ ենթադրաբար բխում են օբյեկտիվ ապացույցներից), չի կարող հանդիսանալ բացարձակ հիմք անձի շարունակական կալանքի տակ պահելու համար։ Ավելին՝ ինչպես նշվել է, այդ ցուցմունքներից տարբերվող ցուցմունք տալու դեպքում Դատարանը պարտավոր է լինելու մեկը մյուսից անջատ գնահատելու դրանց արժանահավատությունը։ Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում նաև նշել, որ մեղադրյալի դեմ հնարավոր ցուցմունք տված անձանց միջև նախաքննության փուլում նաև կատարվել են առերեսումներ, ինչն էլ իր հերթին որոշակի առումով նվազեցնում է այդ անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Այլ կերպ ասած՝ Դատարանի գնահատմամբ մեղադրյալների հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքն ապահովվել է, քանի որ վերջիններն առերես հարցաքննվել են իրենց դեմ ցուցմունք տված անձանց հետ՝ պնդելով տրված ցուցմունքները։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ սույն քրեական վարույթից առանձնացվել է այլ վարույթ և այդ վարույթով էլ կան այլ մեղադրյալներ, ապա Դատարանը գտնում է, որ եթե անգամ մյուս վարույթով մեղադրյալներն օգտվեն իրենց լռելու իրավունքից, Դատարանը կարող է գնահատել վերջինների նախաքննական ցուցմունքները։ Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում փաստել, որ չկա որևէ արգելք, կաշկանդվածություն, որ դատական քննության հետագա փուլերում, մեղադրյալի կողմից հնարավոր բացասական վարքագիծ ցուցաբերելու դեպքում, չի կարող կրկին քննարկվել խափանման միջոց կալանքի կիրառելիության հարցը: (…) Նշվածից բացի, Դատարանը գտնում է, որ ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված մյուս պարտականությունների կատարումը, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալը, վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին և դատական նիստի կարգին ենթարկվելը։ Դատարանը, անդրադառնալով դատախազի այն դիրքորոշմանը, որ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանը թեպետև չի զբաղեցնում նշված պաշտոնը՝ ըստ մեղադրյալի խոսքերի՝ գտնվելով կադրերի ռեզերվում, սակայն դրանով պայմանավորված գործով անցնող անձանց հետ հարաբերությունները չեն փոխվում, ուստի կարող է խոչընդոտել գործի քննությանը, ապա հարկ է նկատել, որ նման մեկնաբանման պայմաններում, յուրաքանչյուր դեպքում, երբ գործով անցնող անձանցից երկուսը մեկը մյուսի հետ ունենան լավ հարաբերություններ, ապա նրանցից առնվազն մեկը պետք է մնա կալանավորված։ Սակայն նման մեկնաբանումը չի կարող համարվել ողջամիտ և բացառապես այդ հանգամանքը հիմք հանդիսանա անձին ազատությունից զրկելու համար։ Իսկ այն հանգամանքը, որ Վարդան Մարտիրոսյանը զբաղեցնում է պաշտոն, ապա այն չպետք է մեկնաբանվի ի վնաս անձի, քանի որ կարող է ստացվել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով հանդիսացել է պաշտոնատար անձ, պետական կառավարման ոլորտում ունեցել է զբաղեցրած պաշտոններ, անպայմանորեն պետք է կալանքի տակ գտնվի: Այլ կերպ ասած՝ նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, ցանկացած նախկին պաշտոնյա, ում մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, գործի քննության ընթացքում պետք է լինի արգելանքի տակ: Ինչ վերաբերում է խափանման միջոցների մյուս նպատակներին՝ նոր հանցանք կատարելուն և փախուստի դիմելուն, ապա Դատարանը գտնում է, որ նոր հանցանք կատարելու հավանականությունը, ինչպես նախաքննության փուլում, այնպես էլ ներկայում, բացակայում է։ Այսպես՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից ի վեր քրեական գործի նյութերում առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը կարող է վկայել մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության մասին, հատկապես այն պայմաններում, երբ վերջինը նախկինում արատավորված՝ դատապարտված չի եղել։ Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից փախուստը կանխելու հավանականության գնահատմանը, ապա Դատարանը փաստում է, որ այն ևս առկա չէ կամ խիստ նվազ է, և այդ մասով անձի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը։ Դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ չներկայացվեցին այնպիսի տվյալներ, որոնք վկայում են փախուստի դիմելու հիմքի բարձր հավանականության և այդ ռիսկն այլ խափանման միջոցներով չեզոքացնելու անհնարինության մասին։ Հակառակ դրան՝ մեղադրյալն ունի հաշվառման և մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաները։ (…) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը (վերագրվում են հանրային ծառայության շահերի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարում, որոնք, ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասվում են ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվին), հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ի թիվս այլնի՝ նույնպես էական նշանակություն ունեն Վարդան Մարտիրոսյանի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում: Ավելին՝ Դատարանը թեև գտնում է, որ Վարդան Մարտիրոսյանի կողմից ենթադրյալ ոչ մեծ, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք անձին անազատության մեջ պահելու համար: Այլ խոսքով՝ գործի քննության սույն փուլում միայն մեղսագրվող արարքների հանրային վտանգավորությունը և ծանրության աստիճանը չի կարող համարվել բավարար պատճառ անձին շարունակաբար անազատության մեջ պահելու համար։ Հետևաբար, Դատարանը հաշվի առնելով մեղսագրվող արարքների բնույթը և վտանգավորության աստիճանները, գտնում է, որ վերը կատարված վերլուծությունների արդյունքում դրանք չեն կարող անձի ազատության սահմանափակման պատճառ հանդիսանալ, առավել ևս այն պայմաններում, երբ խափանման միջոցի նպատակը անձի պատշաճ վարքագծի ապահովումն է, այլ ոչ թե վերջինին պատժելը, առավել ևս այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ոչ թե մեղավորության, այլ՝ անմեղության կանխավարկածը։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածԻ 3-րդ մասի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները: Այսինքն՝ օրենսդիրը շեշտը դնում է ոչ թե կոնկրետ հանգամանքների վրա, այլ մեղադրյալի հնարավոր վարքագծի տեսանկյունից դրական և բացասական գործոնների հակակշռման և հավասարակշռման գաղափարի վրա։ Ավելին՝ Դատարանը գտնում է, որ բոլոր հանգամանքների հաշվառումը կարևորվում է նաև անձի բարոյական կերպարի ընդհանուր նկարագիրը կազմելու հարցում: Այլ կերպ՝ թեև անձը բնութագրող հանգամանքները, որպես կանոն, չեն կարող խափանման միջոցի ընտրման կամ փոփոխման հարցում առանցքային դեր կատարել, այնուամենայնիվ դրանց անտեսման պարագայում Դատարանը կարող է անարդյունավետ և նպատակների չծառայող խափանման միջոցներ կիրառել: Ուստի, Դատարանը որպես մեղադրյալի անձը բնութագրող և Դատարանի կողմից հաշվառման ենթակա հանգամանքներ է գնահատում մեղադրյալի նախկինում արատավորված՝ դատապարտված չլինելը, ընտանիք, խնամքին երեխաներ, մշտական բնակության վայր ունենալը: Այսպիսով՝ Դատարանը, հաշվի առնելով վերը կատարված վերլուծությունները, նկատի ունենալով, որ մեղադրյալի կողմից փախուստի դիմելու և իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու հիմքերը նվազ են, իսկ մեղադրյալի կողմից հանցանք կատարելու հավանականությունն ընդհանրապես բացակայում է, գտնում է, որ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ անհրաժեշտ է ընտրել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։ Վերը նշված բոլոր հանգամանքները գնահատելով համակցության մեջ՝ Դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցներից գրավը, վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը համակցված կարող են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Մասնավորապես՝ բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու է իսպառ չեզոքացնելու խափանման միջոցի կիրառման հիմք հանդիսացած մեղադրյալի փախուստի հավանականությունը, հետևաբար՝ գնահատելով այն հանգամանքը, որ մեղադրյալը կարող է դիմել փախուստի` օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթ, Դատարանը սահմանում է արգելք՝ ՀՀ տարածքը չլքելու մասին։ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելու, մասնավորապես՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն իսպառ չեզոքացնելու համար անհրաժեշտ է վերը նշված խափանման միջոցների հետ համակցված կիրառել նաև պաշտոնավարման կասեցումը։ Այսպես՝ տվյալ դեպքում Վարդան Մարտիրոսյանը զբաղեցնում է ՀՀ ՊՆ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, այսինքն՝ ունի հանրային ծառայողի կարգավիճակ, իսկ նշված խափանման միջոցի կիրառմամբ հնարավոր է իսպառ վերացնել աշխատանքային լիազորություններն իրականացնելով գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը և ապահովել մինչև գործի լուծումը արդյունավետ քննության հնարավորությունները։ Անդրադառնալով վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման պայմաններին՝ Դատարանը գտնում է, որ վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանին արգելել առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Երևան քաղաքի Նոր Նորք Մոլդովական փողոցի 15–րդ շենքի 32–րդ բնակարանը, ինչպես նաև՝ ժամը 20:00-ից մինչև ժամը 08։00-ը ներառյալ լքել իր բնակության վայրը։ Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը, ապա Դատարանը գտնում է, որ գրավի գումարի սահմանումը չունի վնասը հատուցելու նշանակություն, ուստի 10.000.000 ՀՀ դրամի վճարումը, վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը կարող են ապահովել մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև խափանման միջոցի կիրառման համապատասխան նպատակները:(...)»[2]։
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը, փաստել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ բացակայելու արգելքը, վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և գրավը համակցված կիրառելով՝ թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ, ավելին՝ դատախազը չի ներկայացրել ծանրակշիռ հանգամանքների վրա հիմնված այնպիսի փաստարկներ, որոնցով կհիմնավորվի, որ մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի կանխմանը հնարավոր է հասնել միայն ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառմամբ, որպիսի հետևության Վերաքննիչ դատարանը հանգում է հետևյալ վերլուծությունների և դատողությունների արդյունքներով. (...) Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող դատական ակտում մեջբերված պատճառաբանությունների համատեքստում գնահատման ենթարկելով բողոքում նշված փաստարկները՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոքի հեղինակի կողմից ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ կալանավորման նպատակի (հիմքի) համատեքստում վիճարկվող հարցերի, այնպես էլ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու անհնարինության վերաբերյալ արված դիտարկումների առնչությամբ Հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը պարունակում է բավարար չափով և պատշաճ կերպով հիմնավորված ու պատճառաբանված դատողություններ։ Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքաբերների կողմից բարձրացված հարցերի շուրջ Առաջին ատյանի դատարանը բազմաբովանդակ վերլուծություն և հիմնավորված դիտարկումներ է արել, որոնց չհամաձայնելու հիմքերը բացակայում են։ (...) Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ անդրադառնալով դատախազի բողոքում նշված այն փաստարկներին, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ պատշաճ գնահատման չեն ենթարկվել ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, մեղսագրվող արարքների ծանրության աստիճանը և ակնկալվող պատժի խստությունը, մեղադրյալի՝ հասարակությունում ունեցած դերը, կապերը և հնարավոր ազդեցությունը վարույթի բնականոն ընթացքի վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ հանգամանքները համակողմանի վերլուծության են ենթարկվել Առաջին ատյանի դատարանի կողմից, ինչի արդյունքում կայացվել է իր հասցեատերերի համար օբյեկտիվորեն համոզիչ և պատճառաբանված դատական ակտ, որում նշված եզրահանգումների հետ չհամաձայնվելու հիմքերը բացակայում են։ (...) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի վերը մեջբերված հիմնավորումներին՝ իր հերթին գտնում է, որ վարույթում առկա մի շարք հանգամանքներն իրենց համակացության մեջ թեև տեսականորեն չեն բացառում վարույթի բնականոն ընթացքին խոչընդոտելու հնարավոր ռիսկը, սակայն գալիս են փաստելու, որ այդ ռիսկը էականորեն նվազել է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը կարող է լիովին բավարար լինել անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն մոտեցմամբ, որ վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չպետք է ընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարույթում առկա փաստական տվյալները թույլ են տալիս հետևության հանգելու, որ մեղադրյալ Վարդան Մարտիրոսյանի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցների, տվյալ դեպքում՝ բացակայելու արգելքի, վարչական հսկողության, պաշտոնավարման կասեցման և գրավի համակցված կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոցներ, կարող են չեզաքացնել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու հավանական ռիսկերը։ Ավելին, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն՝ դատական քննության փուլում գտնվող քրեական վարույթներով խափանման միջոց կալանավորման իրավաչափության, այն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու հարցերը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև այն, Առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին, ուստի որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը: Սույն դեպքում վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը Վերաքննիչ դատարան չի ներկայացրել մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու վերաբերյալ ծանրակշիռ փաստական տվյալներ, այլ այն հիմնված է մեղսագրվող հանցավոր արարքի բնույթով, ծանրության և վտանգավորության աստիճանով, մեղադրյալի զբաղեցրած պաշտոնով, դրանով պայմանավորված կապերով, որպիսիք, սակայն, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ բավարար չեն անձի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցը ընտրելու համար, իսկ արդեն իսկ ընտրված նվազ խիստ խափանման միջոցների համակցությունը սույն դեպքում ի զորու են ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը՝ հաշվի առնելով նաև, որ մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականությունը էապես նվազել է: Ավելին, Առաջին ատյանի դատարանն, այլընտրանքային խափանման միջոցի կիրառմանը զուգահեռ, իրավացիորեն մեղադրյալի վրա դրել է պարտականությունների այնպիսի շրջանակ, որոնք լրացուցիչ մեխանիզմներ են հանդիսանում վարույթի քննությանը խոչընդոտելու հավանականության աստիճանը նվազագույնի հասցնելու և հատուկ վերանայման բողոքում նշված ռիսկերը չեզոքացնելու համար։ Անդրադառնալով բողոքաբերի այն պնդումներին, որ դատաքննության ընթացքում դեռևս չեն հարցաքննվել առանցքային նշանակություն ունեցող մի շարք անձինք, այդ թվում՝ խնդրո առարկա անորակ և ոչ պիտանի ապրանքներն ընդունած հանձնաժողովի անդամները, դրանց վերաբերյալ մասնագիտական դրական եզրակացություն տված մասնագետները, ինչպես նաև այն, որ քրեական գործով անցնող գրեթե բոլոր անձանց հետ Վարդան Մարտիրոսյանն ունեցել է որոշակի փոխհարաբերություններ, այդ թվում՝ ստորադասային՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող որոշմամբ Առաջին ատյանի դատարանը չի բացառել գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն քննարկվող հիմքի առկայությունը, այլ մի շարք հանգամանքների հաշվառմամբ՝ քննության տվյալ փուլում նվազ է համարել։ Ինչ վերաբերում հատուկ վերանայման բողոքում դատախազի այն փաստարկներին, որ «Ինչ վերաբերում է մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքներին՝ հարկ է փաստել, որ դրանք քրեական վարույթում առկա՝ վերը վկայակոչված փաստական տվյալների պայմաններում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոններ չեն։ Հետևաբար, դրանք ի զորու չեն երաշխավորելու ամբաստանյալի պատշաճ վարքագիծը նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման պայմաններում», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս կապակցությամբ ևս Առաջին ատյանի դատարանն իրավաչափ հետևության է հանգել առ այն, որ բոլոր հանգամանքների հաշվառումը կարևորվում է նաև անձի բարոյական կերպարի ընդհանուր նկարագիրը կազմելու հարցում և դրանց անտեսման պարագայում դատարանը կարող է անարդյունավետ և նպատակների չծառայող խափանման միջոցներ կիրառել: (...)»[3]: Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առաջ բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք այլընտրանքային խափանման միջոցներ բացակայելու արգելքի, վարչական հսկողության, պաշտոնավարման կասեցման և 10․000․000 ՀՀ դրամի չափով գրավի համակցված կիրառմամբ մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը։»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրյալը պարտավոր է՝ (…)
3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին. (…)»։ Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
(…)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։ (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է.
«(…) 2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար: (…) 4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմաններ։ (…)»։ 11․ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ հանձնարարականի 9-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի կիրառման դեպքում դատարանը պետք է քննարկի, թե արդյոք այլընտրանքային միջոցներով կարելի է խուսափել կալանքի կիրառումից4։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը[4]: Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել այլընտրանքային միջոցների կիրառմամբ[5]։ «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ») 6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը[6]։ Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում[7]։ 12․ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը[8],
- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը[9],
- կալանքի՝ որպես խիստ միջոցի կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի[10], -մեղադրյալի կողմից վարույթի պատշաճ իրականացմանը խոչընդոտելու վտանգը չի կարող որպես հիմք մատնանշվել վերացական մակարդակում և պետք է հիմնավորված լինի փաստական ապացույցներով[11]։
13. Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման և կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը: Ընդ որում, վերոնշյալ նպատակի իրականացման համար, անհրաժեշտ և պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգությունում, ելնելով ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից, կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները[12]։ Ուստի յուրաքանչյուր դեպքում կալանավորման կիրառման հարցը քննարկելիս ելակետ պետք է ընդունվի հիշյալ նպատակների նվաճման հանգամանքը, և եթե հիշյալ նպատակներին հասնելը հնարավոր է առանց կալանավորում կիրառելու, ապա այն չպետք է կիրառվի, հակառակ դեպքում կխախտվի անձի իրավունքների սահմանափակման և դրա արդյունքում հետապնդվող նպատակի միջև անհրաժեշտ համաչափությունը, որի արդյունքում կալանավորումը կվերածվի պարզապես պատժիչ միջոցի կամ կհետապնդի պատժիչ նպատակներ: Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ուղենիշ է այն գաղափարը, որ իրավական պետությունում քրեական դատավարության նպատակներին պետք է հասնել ոչ թե ցանկացած, այլ՝ անձի իրավունքների և ազատությունների հնարավորինս քիչ սահմանափակման ճանապարհով, ինչն ուղղակիորեն պայմանավորված է մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հրամայականով։ 13.1․ Անդրադառնալով խափանման միջոցի կիրառման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի և դրա հետ փոխկապակցված 18-րդ, 29-րդ, 43-րդ, 118-119-րդ հոդվածների համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը, խափանման միջոցի հիմքերի առկայության և այն կիրառելու անհրաժեշտության մասին խոսելիս, օգտագործում է «կարող է» ձևակերպումը և դրանով իսկ ընդգծում, որ խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ պետք է լինի ռիսկի առկայություն կամ հավանականություն, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա դրանք տեղի կունենան: Նշվածը, սակայն, չի նշանակում, որ երբ արդեն իսկ վերոնշյալ գործողությունները մեղադրյալի կողմից կատարվել են, ապա նրա նկատմամբ ուշացած լինելու պատճառաբանությամբ չպետք է կալանավորում կիրառել, այլ ընդհակառակը՝ այդպիսի դեպքերում կալանավորման կիրառումը կլինի առավել քան հիմնավորված և պատճառաբանված: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ չպետք է թույլատրել, որպեսզի մեղադրյալը դրսևորի ոչ պատշաճ վարքագիծ, իսկ դրանից հետո նրա նկատմամբ քննարկվի կալանավորում կիրառելու հարցը, քանի որ կախված նրանից, թե մեղադրյալն ազատության մեջ մնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որ գործողություններն է կատարել, խափանման միջոց կալանավորման կիրառումը որոշ դեպքերում կարող է լինել ուշացած։ Վերոգրյալի լույսի ներքո հարկ է փաստել, որ դրանով է պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն առ այն, որ խափանման միջոցների՝ օրենքով սահմանված հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսվող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որոնցով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը[13]։ Նշվածն ուղենիշ է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կանխավարկածը բացառելու համար և պայման՝ դրա կիրառումը հիմնավորվածության չափանիշին համապատասխանելու համար։ Հետևաբար հենց այդ պատճառով է, որ խափանման միջոց կիրառելիս պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնել դրան դեմ և կողմ բոլոր փաստարկները և միայն դրանից հետո վերջնական եզրահանգում անել դրա կիրառման կամ չկիրառման անհրաժեշտության մասին: 13․2․ Անդրադառնալով խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտությունը որոշելու չափանիշ հանդիսացող՝ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող հնարավոր հանգամանքների առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանց էական նշանակություն ունենալը և որոշիչ դերը նախևառաջ պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված՝ «մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները» վերաբերելի հիմքեր են բոլոր խափանման միջոցներին որոշ բացառություններով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի իրավասու մարմինը գործնականում հնարավորություն ունենա տարբերակված մոտեցում ցուցաբերել և նույն հիմքերի առկայության պայմաններում պիտանի խափանման միջոց ընտրելու մասին ճիշտ եզրահանգում կատարել և հիմնավորել դրա անհրաժեշտությունը՝ պետք է հաշվի առնել նաև որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման հանգամանքներ, ի թիվս այլնի, կարող են լինել՝
1) վերագրվող հանցանքի փաստական հանգամանքները, ակնկալվող պատժի ծանրության աստիճանը, ինչպես նաև ազատությունից զրկելուն այլընտրանքային պատիժների առկայությունը,
2) մեղադրյալի անձին ներկայացվող հանգամանքները, մասնավորապես՝ դատվածության առկայությունը (նախկինում կատարած արարքի բնույթը, ծանրության աստիճանը, նշանակված պատժի տեսակը, չափը, պատիժը կրելու/ազատվելու հանգամանքը և այլն), ինչպես նաև անձը բնութագրող հանգամանքները,
3) մեղադրյալի տարիքը, սեռը, առողջական վիճակը, քաղաքացիությունը (ՀՀ քաղաքացի է, երկքաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ապաստան հայցող անձ կամ փախստական), ուսման պայմանները, եթե սովորում է և այլն,
4) զբաղմունքի տեսակը, հասարակությունում ունեցած սոցիալական դիրքը և դերը, եթե աշխատում է, ապա զբաղեցրած պաշտոնը և դրանից բխող հնարավոր ազդեցությունն օգտագործելու հավանականությունը և այլն,
5) ընտանեկան դրությունը (ամուսնացած, ամուսնալուծված), խնամքին անչափահաս կամ անաշխատունակ անձանց առկայությունը, ընտանեկան ամուր կապերը,
6) բնակության մշտական վայրի առկայությունը, ինչպես նաև բնակության վայրում սոցիալական ամուր կապերը,
7) մեղադրյալի գույքային դրությունը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը, կամ հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի առկայությունը, դրա չափը, այդ գույքի ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունների բնույթը և այլն,
8) մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի առկայությունը,
9) եթե մեղադրյալը նախկինում ենթարկվել է քրեական պատասխանատվության և/կամ պատժի, ապա նրա վարքագիծը նախկինում իրականացվող քրեական վարույթի ընթացքում (թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, պարբերաբար չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնի հրավերով, էապես խոչընդոտել է վարույթին և այլն), ինչպես նաև այլ ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվելու մասին մեկ այլ վարույթի առկայությունը (մինչդատական, դատական),
10) այն հանգամանքները, որոնք բացառում են քրեական հետապնդումը (թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից) կամ քրեական վարույթը,
11) գործով ներգրավված տուժողի, վկաների, այլ մեղադրյալների հետ փոխհարաբերությունների բնույթը,
12) խափանման միջոց կալանք ընտրված լինելու դեպքում տևողության ողջամտությունը և դրանով պայմանավորված այլ քրեաիրավական նշանակություն ունեցող պայմանները,
13) այլ էական հանգամանքներ:
Հատկանշական է, որ վերոգրյալ հանգամանքները խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի առնելու մասին դրույթներ է պարունակում նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Նախնական կալանք կիրառելու, դրա կիրառման պայմանների և խոշտանգումն ու բռնությունը բացառելու միջոցների մասին» (2006) 13 հանձնարարականը, որի 9-րդ կետի համաձայն՝ [1] Ցանկացած ռիսկի սահմանումը պետք է հիմնվի տվյալ գործի հանգամանքների վրա, սակայն հատուկ ուշադրություն պետք է դարձվի հետևյալին՝ «ա) ենթադրելի հանցագործության բնույթին և լրջությանը, բ) պատիժը, որը կարող է նշանակվել դատապարտման դեպքում, գ) տվյալ անձի տարիքը, առողջական վիճակը, բնավորությունը, ծագումը և անձնական ու սոցիալական հանգամանքները, և մասնավորապես համայնքի հետ նրա ունեցած կապերը, և դ) տվյալ անձի վարքը, հատկապես՝ ինչպես է նա կատարել որևէ պարտականություն, որը կարող է դրված լինել նրա վրա նախորդ քրեական վարույթների ընթացքում: Փաստը, որ տվյալ անձն այն պետության քաղաքացի չէ, որտեղ ենթադրաբար կատարվել է հանցագործությունը, կամ որևէ այլ կապ չունի այդ պետության հետ, ինքնին բավարար չի կարող լինել եզրակացնելու, որ առկա է փախուստի ռիսկ»: Ընդհանրացնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված բոլոր խափանման միջոցների համար միասնական հիմքերի պայմաններում՝ պիտանի խափանման միջոցն ընտրելու հարցում էական և որոշիչ կարող են լինել վերոթվարկյալ հանգամանքները, որոնք յուրաքանչյուր դեպքում պետք է պատշաճ վերլուծության և գնահատման արժանանան խափանման միջոցի տեսակն ընտրելու անհրաժեշտության մասին հետևություն անելիս: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկի (մի քանիսի) առկայությունը հաստատելը բավարար է, որպեսզի փաստվի, որ մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտություն կա կիրառելու որևէ խափանման միջոց, իսկ կոնկրետ տեսակն ընտրելու համար արդեն իրավասու մարմնի համար ուղենիշ է վերոգրյալ չափանիշների գնահատումը։ 14․ Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառման առանձնահատկություններին՝ նախևառաջ հարկ է նշել, որ այն որպես այլընտրանքային խափանման միջոց, նշանակվում է դատարանի որոշմամբ բացառապես մեղադրյալի նկատմամբ և, ի տարբերություն կալանքի կամ տնային կալանքի, ենթադրում է ոչ թե անձի ազատության սահմանափակում, այլ՝ առավելապես ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում։ Այսինքն՝ նման պարագայում անձը թեև չի զրկվում այս կամ այլ վայր այցելելու հնարավորությունից, բայց սահմանված օրերին իրավասու մարմին ներկայանալու պարտականությունը նրան զրկում է առնվազն այդ ժամանակ այլ վայրում գտնվելու կամ այլ գործողություններ կատարելու հնարավորությունից։ Այսինքն՝ այս խափանման միջոցը կոչված է առավելապես անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմանը և այդ կերպ՝ անձի պատշաճ վարքագիծ դրսևորելուն հարկադրելուն։ Միևնույն ժամանակ, նշված խափանման միջոցի կիրառմամբ դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև կատարել որոշակի այլ գործողություններ ևս, մասնավորապես՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, վարչական շրջանը, այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր, հաղորդակցվել որոշակի անձանց հետ, օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի հայեցողությունը՝ կապված ընտրված խափանման միջոց կալանքը վարչական հսկողության փոխարինելու հետ, պետք է պայմանավորված լինի մեղադրյալի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու գործոնով, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ուղղակիորեն նույնանում է սույն որոշման 13․2-րդ կետերում վկայակոչված հանգամանքների գնահատման անհրաժեշտության հետ։ 14․1․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով[14]։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Բացի այդ, համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում[15]։ 14.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին[16]:
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով կալանավորման հիմքերին, նշել է, որ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու, վտանգն առկա է, սակայն այն էականորեն նվազել է: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը նույնպես նվազել է, քանի որ նախաքննությունն այլևս չի գտնվում ապացույցների հավաքման ակտիվ՝ սկզբնական փուլում, դեռ ավելին՝ նշված փուլն ավարտվել է, այսինքն՝ հնարավոր բոլոր ապացույցները հավաքված են, իսկ մեղադրական եզրակացության կազմումը և քրեական գործը դատարան ուղարկելը վկայում է, որ դեպքի բոլոր հանգամանքները, ըստ նախաքննության մարմնի, պարզված են, և ենթադրյալ հանցագործություններին առնչություն ունեցող անձինք բացահայտված են, ինչն իր հերթին վկայում է, որ առկա չէ ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Այսինքն՝ քննության ներկա փուլում մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի կողմից ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլևս այն աստիճան բարձր չէ, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քանի որ քննչական, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունները կատարվել են, քրեական գործի քննությունը սկսվել, իսկ ենթադրյալ հանցագործություններն առերևույթ բացահայտվել են գաղտնի քննչական գործողությունների կատարմամբ, նախաքննության՝ ապացույցների հավաքման ակտիվ փուլն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ գտնվում է դատարանում, ինչի հետևանքով մեղադրյալի վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու վտանգը ցածր է և առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն քրեական գործով վարույթը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում, չեն հետազոտվել գործում առկա ապացույցները, և չեն հարցաքննվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող անձինք։ Անդրադառնալով մեղադրյալի կողմից փախուստի դիմելու հավանականության գնահատմանը՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ այդ ռիսկը ևս խիստ նվազ է, և այդ մասով անձի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ։ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Վ․Մարտիրոսյանին վերագրվող հանցավոր արարքների հանրային վտանգավորությանը, գտել է, որ թեև Վ․Մարտիրոսյանի կողմից ենթադրյալ ոչ մեծ, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցանքներ կատարելու հանգամանքը չի կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք անձին անազատության մեջ պահելու համար[17]:
- Վերաքննիչ դատարանը, քննելով հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքը, ըստ էության համաձայնվել է Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ՝ արձանագրելով, որ սույն գործով չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին ստորադաս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ համակցությամբ ընտրված նվազ խիստ խափանման միջոցների ոչ իրավաչափ լինելը և դատաքննության տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը[18]։
16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14․2-րդ կետում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքին այլընտրանք հանդիսացող առավել մեղմ խափանման միջոցների՝ վարչական հսկողության, գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի օրինական վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ և իրենց եզրահանգումները չեն կառուցել այդ հանգամանքների համակցված վերլուծության վրա: 16.1. Այսպես՝ տվյալ դեպքում պատշաճ գնահատման չեն ենթարկվել Վ․Մարտիրոսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունների կատարման փաստական հանգամանքները և ծանրության աստիճանը (Վ․Մարտիրոսյանին մեղսագրվում է 2 դրվագ առանձնապես ծանր, 2 դրվագ ծանր և մեկական դրվագ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքների կատարում), դրանց բնույթը, դրսևորման ձևի համատեքստում նաև մեղադրյալի դերակատարումը, եղանակը և ակնկալվող հնարավոր պատժի խստությունը։ Հատկանշական է, որ մեղադրյալ Վ․Մարտիրոսյանին մեղսագրվում են բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, դրանց հեղինակությունը և հանրային վստահությունը պետական մարմինների նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ, պատշաճ գնահատման չի ենթարկվել նաև այն հանգամանքը, որ Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող ենթադրյալ արարքները կրել են պարբերական բնույթ, և դրանց կատարման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձեռք են բերվել զինծառայողներին անհրաժեշտ, սակայն տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող զինվորական վերարկուներ և ներքնակներ, ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար անհրաժեշտ, սակայն տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, փոքր չափերով ներքնազգեստներ և կոշիկներ: Այլ կերպ՝ Վ.Մարտիրոսյանին մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար անհրաժեշտ, սակայն ոչ պիտանի ապրանքներ: Միևնույն ժամանակ, ստորադաս դատարանների կողմից բավարար չափով գնահատման չեն ենթարկվել մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Մասնավորապես, հաշվի չի առնվել մեղադրյալ Վ.Մարտիրոսյանի նախկինում զբաղեցրած պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված՝ դիրքն ու ձևավորված կայուն սոցիալական կապերի առկայությունը։ Տվյալ պարագայում պատշաճ չի գնահատվել այն հանգամանքը, որ Վ.Մարտիրոսյանը երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարությունում, սույն վարույթով մեղադրյալ Վ.Մովսիսյանը հանդիսանում է նրա ենթական, իսկ մեղադրանքում նշված՝ անորակ, տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքներն ընդունած հանձնաժողովի անդամները ևս հանդիսանում են ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողներ: Հետևաբար հիշյալ հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր: Ուստի, այս առումով կիրառելի են ինչպես Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները[19], այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին[20]։ Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի նախկինում ոստիկան հանդիսանալը և իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից[21]։ 16.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ, ի թիվս այլնի, ստորադաս դատարանները համակցության մեջ չեն գնահատել քրեական վարույթում առկա փաստական տվյալներն առ այն, որ սույն քրեական գործը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում, ուստի չեն հարցաքննվել դատակոչի ենթակա վկաները, այդ թվում՝ չի հետազոտվել որևէ ապացույց։ Հետևաբար ազատության մեջ գտնվելու դեպքում բարձր է մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի կողմից դատարանում ապացույցների հետազոտման և ուսումնասիրության բնականոն գործընթացին միջամտելու հավանականությունը՝ վկաների և վարույթին ներգրավված մյուս մեղադրյալների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստարկում է, որ մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողության, գրավի և բացակայելու արգելի համակցված կիրառումը, դատաքննության սույն փուլում, չի կարող չեզոքացնել վերջինիս կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանական ռիսկերը։ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ հետևությունն առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկումը, ի թիվս այլնի, ենթադրում է մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ դատական քննության հանրային շահի գնահատում, ինչը ենթակա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության համատեքստում[22]։
17. Ընդհանրացնելով սույն որոշման 16.1-16.2-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների վերը նշված առանձնահատկությունները, վարույթի նյութերից բխող մյուս տվյալների համատեքստում ողջամտորեն կարող էին վկայել, որ քրեական վարույթի քննության տվյալ փուլում առկա է մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի կողմից դատարանում քրեական գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության շարունակվող ռիսկ, ինչը չի կարող չեզոքացվել կալանքին այլընտրանք խափանման միջոցներ՝ վարչական հսկողության, պաշտոնավարման կասեցման, գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ տվյալ գործի փաստական հանգամանքների պայմաններում այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը կարող է լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի կողմից ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հնարավորությունը, հիմնավոր չեն։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դատական վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտում, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է արձանագրել, որ մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը համակցված այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման կայացումից հետո անցել է ավելի քան մեկ տարի ժամանակ, իսկ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու մասնավորապես խափանման միջոց կիրառելու հիմքերը, որպես կանոն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, այլ կերպ՝ ստատիկ չեն և, ի թիվս այլնի, վարույթի համապատասխան փուլի առանձնահատկություններով պայմանավորված՝ ենթարկվում են փոփոխության։ Տվյալ դեպքում, ինչպես երևում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից[23], դեռևս 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ քրեական գործով դատաքննությունն արդեն իսկ գտնվել է հիմնական դատալսումների փուլում, և հատուկ վերանայման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, սահմանափակ նյութերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանի, օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ Վ․Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի՝ ներկա պահին շարունակականության և կոնկրետ խափանման միջոց(ներ)ի պիտանելիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի հաշվի առնելով նախորդիվ ասվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Մեղադրյալ Վարդան Նշանի Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 92-94։
[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 142-153։
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 47-56։
[4] 4 Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ մինչդատական կալանքի վերաբերյալ 1980 թվականի հունիսի 27-ի թիվ R(80) 11 հանձնարարականը։ [5] Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ (2006)13 հանձնարարականը։ [6] Տե՛ս «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» 1990 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները («Տոկիոյի կանոններ»)։ [7] 7Տե՛ս «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» 1990 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները («Տոկիոյի կանոններ»)։ [8] 8Տե՛ս Idalov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ: [9] Տե՛ս, mutatis mutandis, Sahin Alpay v. Turkey գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ: [10] Տե՛ս, mutatis mutandis, Djundiks v. Latvia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ: [11] Տե՛ս Becciev v. Moldova գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետ: [12] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը: [13] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Ճուղուրյանի վերաբերյալ 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը։ [14] Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները: [15] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis` Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը, Արշակ Հակոբյանի գործով վերը հիշատակված որոշումը։ [16] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը: [17] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
[18] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[19] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16: [20] Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Gabor Nagy v. Hungary (No. 2) գործով 2017 թվականի ապրիլի 11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70: [21] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11: [22] Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ալեքսեյ Գոմցյանի վերաբերյալ գործով 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումը։ [23] Տե՛ս www.datalex.am, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0225/01/23 քրեական գործը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0225/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
