Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԻՆԵ ԿՊՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԻՆԵ ԿՊՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8615 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-86)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 86 | ՄԱՐԻՆԵ ԿՊՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 դեկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Մարինե Կպրյանի և Անժելա Ասրիբաբայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարինե Կպրյանը և Անժելա Ասրիբաբայանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 22-ին), խնդրել են հետևյալը. «ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 5, 61 հոդվածներին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 79 և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր, և/կամ

… ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 41, 46-րդ հոդվածը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված իրավական բովանդակության շրջանակներում, և/կամ

… Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Ըստ դիմողների` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-984, ՍԴՈ-1099, ՍԴՈ-1114 որոշումներին, դրանցում արտահայտված դիրքորոշումներին, հետևաբար Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը, միջազգային մարմիններին դիմելու իրավունքը երաշխավորող դրույթներին։ Դիմողները նշում են, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դեպքում գործը վերանայող դատարանը չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը, այլ կաշկանդված է նոր հանգամանք համարվող Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ և չի կարող անձի միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստ պարունակող դատական ակտը թողնել ուժի մեջ։ Ըստ դիմողների` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության, հստակության և կանխատեսելիության չափանիշները։ Բացի այդ, վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ հնարավորություն է ստեղծում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) որոշումը մեկնաբանել դիմողների իրավունքների սահմանափակման, այլ ոչ նրանց նվազագույն պաշտպանության նպատակով։ Դիմողների կարծիքով վիճարկվող դրույթը հակասում է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ Եվրոպական դատարանի որոշմամբ միակողմանի հայտարարության մեջ նշված գումարը դիտարկվում է որպես սահմանադրական այս դրույթով նախատեսված գումար։ Ներկայացված դիմումով վիճարկվում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև Կոնվենցիա) 41 և 46-րդ հոդվածները իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված իրավական բովանդակության շրջանակներում։ Ըստ դիմողների իրավակիրառ պրակտիկայում նույնացվել է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված «արդարացի բավարարում» և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «համարժեք փոխհատուցում» հասկացությունները։ Միաժամանակ դիմողները նշում են, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված արդարացի փոխհատուցումն այնքան հստակ և որոշակի չի սահմանում օտարման դիմաց հատուցման չափը, ինչպես դա նախատեսված է Օրենքի 11-րդ հոդվածով, քանի որ ներպետական նորմով սահմանվում է հատկապես հասարակության ու պետության կարիքների համար գույքի օտարման դեպքում հատուցման բանաձևը, ուստի դրանք, ըստ դիմողների, չեն կարող նույնացվել, իսկ նույնացումը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված միջազգային դատարան դիմելու իրավունքին հակասության։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողներն իրավասու են տվյալ հարցով դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողները հանդիսացել են ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակիցներ,

բ) դիմողների նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողների նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական

ակտով,

դ) դիմողներն սպառել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողները պահպանել են Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Մարինե Կպրյանի և Անժելա Ասրիբաբայանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Ա. Թունյան

15 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-86

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-86
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել