Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4320 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 43 | ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 սեպտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Վասակ Գազանճյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վասակ Գազանճյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 25-ին) խնդրելով. «Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասը, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերը, 363-րդ հոդվածի 2-րդ մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 398-րդ հոդվածի 4-րդ մասը և 400-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով տրված այն փաստացի մեկնաբանության կամ բովանդակության շրջանակներում, որ Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը չի կանխորոշում բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու պարտադիր անհրաժեշտությունը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «(…) այն դեպքում, երբ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո, այսինքն ստորադաս դատարանի կողմից առերևույթ թույլ տրված դատական սխալով առաջացած մարդու իրավունքների և ազատությունների առերևույթ խախտում արձանագրելուց և հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական առաքելության իրացման անհրաժեշտություն փաստագրելուց հետո, Վճռաբեկ դատարանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի կապակցությամբ որևէ որոշում կամ վերոհիշյալ օրենսդրական չափանիշներին համապատասխանող որոշում չի կայացնում, ապա բողոքաբերին զրկում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքից այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը, օրենսդրական որևէ հիմքի բացակայության պայմաններում, այլ խոսքով անհիմն կերպով չկրելով հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փաստի ուժով իր համար առաջացած դատավարական հետևանքը և դրսևորելով ապօրինի հայեցողություն, չի ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքը»: Դիմողը գտնում է, որ «(…) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքի հետ համատեղելի չեն, այլ խոսքով Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքը խախտում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասը, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերը, 363-րդ հոդվածի 2-րդ մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 398-րդ հոդվածի 4-րդ մասը և 400-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով նշված հոդվածներին տրված այն փաստացի մեկնաբանության կամ բովանդակության շրջանակներում, որ Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը չի կանխորոշում բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու պարտադիր անհրաժեշտությունը»: Դիմողը գտնում է, որ «(…) թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերի, 363-րդ հոդվածի 2-րդ մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 398-րդ հոդվածի 4-րդ մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվող դիմող Վասակ Գազանճյանի դատական պաշտպանության իրավունքի խախտմանը այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը, 2023թ. մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշմամբ, արձանագրելով հանդերձ, որ քննության է առնում ու բավարարում է մեղադրյալ Վասակ Գազանճյանի պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները, այնուամենայնիվ, պաշտպանի կողմից ներկայացված հատուկ վերանայման երկրորդ վճռաբեկ բողոքի կապակցությամբ մեղադրյալ Վասակ Գազանճյանի իրավունքների և ազատությունների խախտված լինելու փաստը, նախ` չի արձանագրել, ապա նշված խախտումը չի վերացրել»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասին, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերին, 363-րդ հոդվածի 2-րդ մասին, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 398-րդ հոդվածի 4-րդ մասին և 400-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է վերոնշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Ըստ Դիմողի թեև 2023թ. մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասը, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերը, 363-րդ հոդվածի 2-րդ մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 398-րդ հոդվածի 4-րդ մասը և 400-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից համապատասխան մեկնաբանությամբ չեն վկայակոչվել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի կողմից հենց վերոհիշյալ նորմերի փաստացի կիրառումն է, որ դիմող Վասակ Գազանճյանի համար առաջացրել է իրավական հետևանք, այն է ներկայացրած հատուկ վերանայման վճռաբեկ բողոքով հայցած դատական պաշտպանության իրավունքից զրկում այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը մեղադրյալ Վասակ Գազանճյանի պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման երկրորդ վճռաբեկ բողոքը քննության չի առել ու չի լուծել չնայած նրան, որ 2023թ. մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննության է առնում մեղադրյալ Վասակ Գազանճյանի պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները, այսինքն պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված այդ թվում վերոհիշյալ երկրորդ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, և չնայած նրան, որ 2023թ. մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բավարարում է մեղադրյալ Վասակ Գազանճյանի պաշտպան Ա. Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները, այսինքն պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված այդ թվում վերոհիշյալ հատուկ վերանայման երկրորդ վճռաբեկ բողոքը»: Դիմողը նաև նշել է. « թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի, 363-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ու 12-րդ կետերի, 363-րդ հոդվածի 2-րդ մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 398-րդ հոդվածի 4-րդ մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվող դիմող Վասակ Գազանճյանի դատական պաշտպանության իրավունքի խախտմանը այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշմամբ, արձանագրելով հանդերձ, որ քննության է առնում ու բավարարում է մեղադրյալ Վասակ Գազանճյանի պաշտպան Ա. Մանուկյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները, այնուամենայնիվ, պաշտպանի կողմից ներկայացված հատուկ վերանայման երկրորդ վճռաբեկ բողոքի կապակցությամբ մեղադրյալ Վասակ Գազանճյանի իրավունքների և ազատությունների խախտված լինելու փաստը, նախ չի արձանագրել, ապա նշված խախտումը չի վերացրել»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի մարտի 24-ին կայացված դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես Դիմողը վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումները վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վասակ Գազանճյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

20 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել