«ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-101)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 101 | «ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՅԿ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկ Սմբատյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Սմբատյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով քրեադատավարական օրենքի 398-րդ հոդվածը Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0508/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով պատճառաբանել վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը՝ դրանով իսկ փաստացի թույլ տալով, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանը դրսևորի ոչ թե պարտադիր, այլ հայեցողական լիազորություն՝ դրանով վերջին դատական ատյանում իրավունքի դատական պաշտպանությունը փաստացի դարձնելով ոչ արդյունավետ կամ ոչ գործնական»:
Դիմողի պնդմամբ՝ այն դեպքում, երբ բողոքաբերը Վճռաբեկ դատարանից չի ստանում այն հարցի պատասխանը, թե փաստարկված կամ պատճառաբանված ո՞ր դատողությամբ է պայմանավորված վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը, ապա բողոքաբերի համար Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը վճռաբեկ ատյանում կրում է ոչ արդյունավետ կամ ոչ գործնական, այլ խոսքով՝ ձևական կամ պատրանքային բնույթ՝ այնքանով, որքանով թեկուզև բողոքաբերը ձևական առումով զրկված չի լինում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այնուամենայնիվ, բողոքաբերի համար արդեն պարզ է լինում, որ վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը չի պատճառաբանվել, այլ խոսքով՝ պայմանավորված է եղել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշող դատավորների սուբյեկտիվ կամքով:
Դիմողը գտնում է, որ այն պարագայում, երբ քրեական վարույթով եռաստիճան դատական համակարգում բողոքաբերի գործով արդարադատության իրականացման կամ քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքները քննելու ու լուծելու վերջին հնարավորության իրացման մերժումը չի հիմնվում նորմատիվ այնպիսի պատվիրանի վրա, որի բովանդակությունը հանգում է այդպիսի մերժումը հիմնավորապես պատճառաբանելուն, փաստորեն, Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքն անձի համար սահմանափակվում է՝ զուտ Վճռաբեկ դատարանի դատավորների կամքով պայմանավորված:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը քննարկվող համատեքստում չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը: Դիմողը նաև նշում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումները պատճառաբանված դարձնելու «բանալին» բացառապես այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանվի, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս Վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ և կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի անհամապատասխանության մասին փաստարկումներով, պատճառաբանել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանների անբավարարությունը:
Միաժամանակ, Դիմողը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից տրված համապատասխան ուղենշային դիրքորոշումները, փաստորեն, չեն եղել բավարար, որպեսզի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելիս Վճռաբեկ դատարանը «ստիպված լինի» պատճառաբանել, թե բովանդակային ո՞ր հանգամանքների բացակայության բերումով է, որ մերժում է բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքի իրացվելիությունը վճռաբեկ ատյանում:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.
3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այդ առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն անհատական դիմումում, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) այն դեպքում, երբ, արդարադատություն հայցելու վերջին ատյանում իրավունքի դատական պաշտպանության մերժում ստանալով, բողոքաբերը Վճռաբեկ դատարանից չի ստանում այն հարցի պատասխանը, թե այն որ փաստարկված կամ պատճառաբանված դատողությունն է, որ պայմանավորում է վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը, ապա բողոքաբերի համար Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը վճռաբեկ ատյանում կրում է ոչ արդյունավետ կամ ոչ գործնական, այլ խոսքով՝ ձևական կամ պատրանքային բնույթ՝ այնքանով, որքանով թեկուզև բողոքաբերը ձևական առումով զրկված չի լինում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունից, այնուամենայնիվ, բողոքաբերի համար արդեն պարզ է լինում, որ վճռաբեկ ատյանում իր իրավունքի դատական պաշտպանության մերժումը չի պատճառաբանվել, այլ խոսքով՝ պայմանավորված է եղել հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշող դատավորների սուբյեկտիվ կամքով» (ընդգծումը՝ Դիմողի):
Հաշվի առնելով վերոշարադրյալը, նկատի ունենալով նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/0508/11/24 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են համապատասխան գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/0508/11/24 գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:
Սույն անհատական դիմումով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ սույն դիմումով բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի ՍԴՈ-1707 որոշումը, որով Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.
«Սահմանադրական դատարանը պատճառաբանված դատական ակտի հիմնարար իրավունքի երաշխավորվածության համատեքստում կարևոր է համարում, որ վճռաբեկ բողոքը, ներառյալ՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի մասով ձևավորվի կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, ինչը հնարավորություն կտա բողոքաբերին անձամբ կամ համապատասխան խորհրդատվությամբ հստակ ընկալել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի նորմատիվ բովանդակությանն առաջադրվող պահանջները և իր բողոքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Սրանից հետևում է նաև, որ կայուն և կանխատեսելի պրակտիկա չի կարող ձևավորվել, և, համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, եթե դրանում միայն որպես հետևություն արձանագրված է վճռաբեկ բողոքի՝ Օրենսգրքով նախատեսված ընդունելիության հիմքերին անհամապատասխանությունը՝ առանց այդ հիմքերին բողոքի անհամապատասխանությունը հիմնավորող դատողությունների շարադրանքի:
(...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործերով իրավակիրառ պրակտիկայում ուղենշային դեր ունի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածության կարևորության մասով: Սույնի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև այն վերաբերում է քաղաքացիական դատավարությանը, սակայն Սահմանադրական դատարանի դիրքորոշումը հիմնված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության ընդհանրական սահմանադրական պահանջին, որը նույնական է նաև քրեական դատավարության շրջանակում հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ կայացվող Վճռաբեկ դատարանի ակտերի նկատմամբ։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով հիշյալ որոշմամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումից շեղվելու պատճառ չի տեսնում»։
Վերը նշված ՍԴՈ-1707 որոշմամբ Սահմանադրական դատարանը որոշել է.
«(...) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։
(...)»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ նաև Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Հայկ Սմբատյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
24 հունիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-101
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-101
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
