Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4711 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 47 | ԱՐՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 11 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Արման Նազարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արման Նազարյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գնել Նազարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը 2025 թվականի սեպտեմբերի 2-ին)՝ խնդրելով.

«(...) ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը , և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 57-րդ, 69-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԱՐԴ/0098/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթների պարագայում ստացվում է մի իրավիճակ, համաձայն որի՝ օրենսդիրը սահմանում է այլընտրանքային խափանման միջոց հանդիսացող տնային կալանքի իրավաչափությունը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, սակայն դրա հետ մեկտեղ կիրառվող սահմանափակումների իրավաչափության բողոքարկման հնարավորություն չի նախատեսում: Արդյունքում, ըստ Դիմողի՝ խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը:

Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերը, ինչպես նաև Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը չեն համապատասխանում Սահմանադրության 3, 57, 63, 75 և 79-րդ հոդվածներին:

Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի հետ մեկտեղ Օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների վերաբերյալ բողոք ներկայացնելու հնարավորություն չնախատեսելը անձին զրկում է իր իրավունքներն իրացնելու Սահմանադրությամբ ամրագրված նորմերի կիրառումից, և անձը սահմանափակվում է ստորադաս դատարանի կողմից կայացված որոշմամբ, որը չի կարողանում բողոքարկել և հետևաբար՝ չի կարողանում օգտվել իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքից:

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները տնային կալանքի հետ մեկտեղ ենթակա չեն բողոքարկման, որը խախտում է անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքը և անձին զրկում աշխատելու և հանապազօրյա հացը վաստակելու իրավունքից: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ տվյալ սահմանափակումների վիճարկումը պետք է ներառվի Օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված՝ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում, որպեսզի անձը չզրկվի համապատասխան դատական ակտի բողոքարկման իրավունքից:

Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքների հաշվառմամբ, որ ինքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, մայրը վատառողջ է և գտնվում է ընտանեկան ծանր դրության մեջ:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն

հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «(…) Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԱՐԴ/0098/01/23 քրեական գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունվարի 9-ի՝ «Հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ արձանագրել է. «2024 թվականի դեկտեմբերի 10-ին թիվ ԱՐԴ/0098/01/23 գործով դատական նիստի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել նախագահող դատավոր Հ․ Մանուկյանին՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի հետ համատեղ ընտրված սահմանափակումները վերացնելու, այն է՝ աշխատելու նպատակով՝ միայն բեռնատար ավտոմեքենաների վերանորոգման համար իրեն դիմած անձանց հետ շփում թույլատրելու վերաբերյալ, ինչը դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է։

2024 թվականի դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարան է ստացվել Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ՝ մեղադրյալ Արման Նազարյանի պաշտպան Գնել Նազարյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը, (...)»:

Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը նշել է. «Վերաքննիչ դատարանում ստացվել է բողոք՝ տնային կալանքի հետ զուգահեռ կիրառված սահմանափակումները վերացնելու մասին Պաշտպանի միջնորդությունը/աշխատելու նպատակով՝ միայն բեռնատար ավտոմեքենաների վերանորոգման համար իրեն դիմած անձանց հետ շփում թույլատրելու վերաբերյալ/ մերժելու մասին Դատարանի արձանագրային որոշման դեմ, ինչը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման ենթակա առաջին ատյանի դատարանի դատական ակտերի ցանկում։

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա չէ։

Հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արման Նազարյանի պաշտպան Գնել Նազարյանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը, այն է՝ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրել է այնպիսի դատական ակտի դեմ բողոք, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման։

Այսպիսով, վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանն գտնում է, որ մեղադրյալ Արման Նազարյանի պաշտպան Գնել Նազարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել խնդրո առարկա քրեական գործով դատական նիստի ընթացքում ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կապակցությամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի արձանագրային որոշման դեմ, որն ի սկզբանե բողոքարկման ենթակա չէ: Այսինքն՝ Դիմողն ի սկզբանե իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության ոչ ճիշտ միջոց (եղանակ) է ընտրել, այն է՝ բողոքարկել դատարանի այն որոշումը, որը բողոքարկման ենթակա չէ:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ՝ 2025 թվականի հունվարի 9-ի որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է.

«(...)

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ այն ստանալու օրվանից հետո տասնհինգօրյա ժամկետում»։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներից օգտվելու և դրանք սպառելու համար։ Մասնավորապես՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԱՐԴ/0098/01/23 քրեական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից տվյալ որոշումը չի բողոքարկվել Վճռաբեկ դատարան։ Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դիմողն ընտրել է իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության ոչ պատշաճ կառուցակարգ։

Անդրադառնալով սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վկայակոչված այն պնդմանը, համաձայն որի՝ «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Անհատական դիմում Սահմանադրական դատարան ներկայացվում է դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց 6 ամսվա ընթացքում, հարկ է նշել, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Դատական ակտը ստացել ենք փոստային առաքմամբ 05 հունիս 2025 թվականին և մեզ սահմանված 6 ամիս ժամկետում՝ մինչև 06 նոյեմբերի 2025 թվականը ներկայացնում ենք անհատական դիմում», Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» համապատասխան որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 4-ին, որով դատարանը որոշել է. «Մեղադրյալ Արման Գևորգի Նազարյանի /ծնված՝ 20․08․1992թ․ հաշվառված է Արմավիրի մարզի, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի, Սայաթ-Նովա փողոցի 5-րդ տանը/նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել 3 (երեք) ամիս ժամկետով, մինչև 2025թ․ սեպտեմբերի 15-ը:

Մեղադրյալ Արման Գևորգի Նազարյանի վրա դնել պարտականություն՝ չլքելու մշտական բնակության վայրը՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնքի Առատաշեն բնակավայրի, Սայաթ-Նովա փողոցի 5-րդ տան հասցեն, ինչպես նաև նրան արգելել շփում ունենալ, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մեղադրյալի պաշտպանին՝ Գնել Նազարյանին /արտոնագիր՝ 1071/, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա, իսկ այդպիսիք լինելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին։

Տնային կալանքի մասով որոշման կատարումը և մեղադրյալի նկատմամբ կիրառված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը:

Մեղադրյալի նկատմամբ հսկողությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով:

Պաշտպան Գ․Նազարյանի միջնորդությունը՝ տնային կալանքի հետ կապված սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, մերժել։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան այն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»։

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» համապատասխան որոշումը, որով Դիմողի վրա են տարածվել նաև խնդրո առարկա սահմանափակումները, ենթակա է բողոքարկման Վերաքննիչ դատարան այն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ԱՐԴ/0098/01/23 քրեական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ որոշման բողոքարկման հետ կապված որևէ նշում և դրա բողոքարկման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի, հետևաբար նաև՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում առկա չէ: Ուստի՝ սույն որոշման համատեքստում ևս Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ «Մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելու մասին» որոշումը չի բողոքարկվել եռաստիճան դատական համակարգի վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում։

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի՝ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1․ Բավարարել Արման Նազարյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը։

2․ Արման Նազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

11 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել