«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՐՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 սեպտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 49 | «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՐՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 30 սեպտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի (նախագահող), Ա. Դիլանյանի և Ա. Թունյանի, քննության առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժներտիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2020 թվականի օգոստոսի 27-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 3-րդ և չորրորդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Դիմողը հայտնել է, որ դիմելով դատարան Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պահանջել է «ՌԻՄԿ ԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչել: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի վճռով «ՌԻՄԿ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ 2017 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ պարտապանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել։ Սնանկության վարույթի ընթացքում հնարավոր է եղել հավաքագրել այնքան գումար, որ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջն ամբողջությամբ բավարարվի, ուստի վարույթի միակ պարտատեր է մնացել դիմողը: Սնանկության կառավարիչը թույլ չի տվել պարտատերերին որոշելու հատուկ հաշվի մնացորդի ճակատագիրը և ֆինանսական միջոցների կառավարման հարցը հանել է օրակարգից այն պատճառաբանությամբ, թե օրենսդրորեն դա իր բացառիկ լիազորությունն է, իսկ պարտատերերը այդ հարցի որոշման մասով դերակատարում չունեին: Սնանկության դատարանի 2019 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ «ՌԻՄԿ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի և դիմողի կողմից ներկայացված առարկությունները մերժվել են, իսկ սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ: Այնուհետև, վերաքննիչ քաղաքացիական դատարանը սնանկության դատարանի 2019 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ դիմողի բերած վերաքննիչ բողոքը 2019 թվականի մայիսի 16-ին որոշմամբ բավարարել է վերացնելով բողոքարկված դատական ակտը, և հարցն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի մայիսի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել սնանկության գործով կառավարիչը։ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի մայիսի 16-ի որոշումը, և օրինական ուժ տվել սնանկության դատարանի 2019 թվականի փետրվարի 27-ի որոշմանը: Դիմողի ներկայացմամբ սույն գործով եռաստիճան դատական համակարգի առջև ներկայացված էր իրավական հարցադրում. արդյո՞ք «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է սնանկության կառավարչի իրականացրած պահանջների բավարարման չափին, թե՞ յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով իրականացված բավարարման չափին։ Այս հարցադրման հստակ պատասխանի բացակայությունն էր, որ, ըստ դիմողի, իրավական անորոշության աղբյուր է: Ըստ դիմողի եթե «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը մեկնաբանվեր որպես յուրաքանչյուր միջանկյալ բաշխման ծրագրով իրականացվող բավարարման չափ, հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ կառավարիչը պարտապանի գույքի վաճառքից կամ այլ կերպ օտարումից ստացված կամայական չափով գումար կուտակվելու դեպքում փոքր չափերով և հաճախակի բաշխումներ կիրականացներ ավելի շատ վարձատրություն ստանալու նպատակ հետապնդելով: Մինչդեռ, սնանկության գործով կառավարչի ինստիտուտը կոչված է վերահսկելու պարտապանի ֆինանսական վիճակը, պահպանելու պարտապանի ֆինանսական միջոցները որպես վերջնական նպատակ ունենալով ապահովել պարտապանի նկատմամբ պարտատերերի պահանջների լիարժեք բավարարումը: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և միջամտում է սնանկության գործերով պարտատերերի, տվյալ դեպքում դիմողի սեփականության իրավունքին, քանի որ Վճռաբեկ դատարանն իր մեկնաբանությամբ նոր նորմ է ստեղծել, որը զրկում է դիմողին այն հավանական պահանջի բավարարումից, որը կստանար, եթե նոր նորմը չստեղծվեր, և նորմն ունենար այլ մեկնաբանություն: Դիմողն արձանագրել է, որ ժամանակ առ ժամանակ բաշխումներ իրականացնելու հարցի դեմ որևէ առարկություն չունենալով և ընդունելով «միջանկյալ բաշխման» ինստիտուտի կարևորությունը, համաձայն չէ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ, որը չի բխում ներկայացված հարցադրումից և Վճռաբեկ դատարանի ընթացիկ վերլուծություններից։ Ուստի, վերավարձատրության չափը որոշելու համար նախորդ բավարարումները չդիտարկելն անընդունելի է համարել և գտել, որ նման մեկնաբանությունը հակասահմանադրական է: Դիմողի կարծիքով Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը չի ապահովում բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը, քանի որ պարտատերերի իրավունքների և շահերի դեմ կամայականությունը զսպելու և հակակշռելու որևէ գործիք տրված չէ, մինչդեռ, խնդիրը պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանությունն է։ Տվյալ դեպքում սահմանափակվել է սեփականության իրավունքը, իսկ այդ սահմանափակման հիմքում դրվել է բավարար հստակության հատկանիշներ չունեցող օրենք, վիճարկվող նորմին տրված մեկնաբանության մեջ սահմանված չեն հանրության այն շահերը կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության այն նպատակները, որոնք բավարար կլինեին պարտատերերի սեփականության իրավունքը սահմանափակելու և տրված մեկնաբանության շնորհիվ նրանց իրենց օրինական ակնկալիքից զրկելու համար:
3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը և դրան կից դիմողի ներկայացրած նյութերը, գտնում է, որ սույն գործում անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը բացակայում են։ Մասնավորապես
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, այն է
դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ կիրառվել է սույն դիմումով քննության առարկա դարձված իրավանորմը դատարանի վերջնական ակտով, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
գ) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
ե) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
զ) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին: Նախագահող
Դատավորներ
30 սեպտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
