Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1610 հունիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հունիսի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

10 հունիսի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Կարապետ Հաջիյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Կարապետ Հաջիյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի մայիսի 27-ին)` խնդրելով. §ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր¦: Ըստ դիմողի`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են հիշյալ օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք: Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վերը նշված նորմերը վերանայման բողոք ներկայացնելու պայմաններում կիրառելի չեն, սակայն վճռաբեկ դատարանի կողմից դրանց կիրառման արդյունքում մերժելով ներկայացված վերանայման բողոքը վարույթ ընդունելը` վճռաբեկ դատարանը խախտել է իր Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը, որի արդյունքում չի վերանայվել և օրինական ուժի մեջ է թողնվել ուժը կորցրած դատական ակտը: Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` §...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ¦:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

10 հունիսի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել