Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123 ԵՎ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ Մ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123 ԵՎ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ Մ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15611 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-156)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 հոկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 156 | «ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123 ԵՎ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123 ԵՎ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՉՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123 և 131-րդ հոդվածների կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի վճիռների պարզաբանման կանոններ չպարունակելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի սեպտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Մաշուրյանի դիմումը (ներկայացուցիչներ` Ա. Զեյնալյան, Ռ․ Ռևազյան), որով դիմողը խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 61 և 63 ու 1-ին, 3, 60, 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123, 131-րդ հոդվածի դրույթները կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի վճիռների պարզաբանման կանոններ չպարունակելու մասով»:

2. Դիմողը բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյոք անձը վարչական դատարանի կայացրած դատական ակտերի պարզաբանում ստանալու իրավունք ունի՞, եթե ունի՞, ապա ապահովվա՞ծ է արդյոք դատական ակտերի պարզաբանման իրավունքի իրացման կարգավորումները առկա՞ է արդյոք իրավական բաց, եթե առկա է իրավական բաց, ապա դատական մեկնաբանմամբ հաղթահարելի՞ է արդյոք առկա իրավական բացը»։ Դիմողը նշում է, որ վարչաիրավական հարաբերություններում հօգուտ անձի կայացված դատական ակտերի պարզաբանումն արդար դատաքննության իրավունքի բովանդակության բաղկացուցիչ մաս է, և օրենսդիրն այն նախատեսել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կարգավորումները դիմողը նշում է, որ այդ նորմերի բովանդակությունից հետևում է, որ վարչական դատավարության մասնակիցները վճռի պարզաբանման նպատակով օժտված են վարչական դատարան դիմելու իրավունքով: Ըստ դիմողի` դա նշանակում է, որ վճռի պարզաբանում ստանալու իրավունքն աներկբայորեն արդար դատաքննության իրավունքի բովանդակության մաս է երաշխավորված Սահմանադրության 61, 63-րդ հոդվածներով ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով: Վկայակոչելով օրենսդրական բացի Սահմանադրական դատարանում քննության առարկա դառնալու հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները դիմողը նշում է․ «Եթե հնարավոր լիներ դատական մեկնաբանությամբ հաղթահարել առկա ստորադաս դատարանների կողմից բացահայտված իրավական բացը, ապա Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները կանեին դա: Հետևաբար դատական մեկնաբանմամբ հաղթահարելի չէ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա իրավական բացը։ Կարգավորումների բացակայության մասով դրանք հակասահմանադրական են, այսինքն, պարունակում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մեկնաբանությամբ չհաղթահարվող իրավական բաց, քանի որ չեն ապահովում դատարան դիմելու պատշաճ կենսագործումը»: Դիմողը նշում է, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա իրավական բացը հանգեցնում է նաև դիմողի Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտմանը: Որպես վերոնշյալ պնդման հիմնավորում դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով ներկայացվել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով նախատեսված գործողության կատարման հայց, որի առարկան ոչ թե դրամական հատուցում տրամադրելու պահանջն էր, այլ ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունված ճանաչելը և այդ ակտը տրամադրելը: Իսկ այն պահից, երբ վարչական դատարանը հաստատված է համարել, որ դիմումով ակնկալվող վարչական ակտն իրավունքի ուժով ընդունված է, դիմողի մոտ ծագել է սեփականության իրավունք երաշխավորված Սահմանադրության 60-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով: Դիմողը ներկայացրել է պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն:

3. Քննության առնելով դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով միջնորդությամբ դիմողի ներկայացրած հիմնավորումները, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին դիմողի միջնորդությունը ենթակա է բավարարման:

4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սույն դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով կարգավորվում են այն հարցերը, թե գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ ո՞ր նորմատիվ իրավական ակտի կանոններն են կիրառվում: Մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Սույն դիմումի շրջանակներում վիճարկվող մյուս օրինադրույթով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով, նախատեսված են վարչական դատարանի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը: Ըստ դիմողի` իր համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, որի համաձայն վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտերը: Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները վերաբերում են ՀՀ վարչական դատավարության դիմումով վիճարկվող կարգավորումներին, կամ ինչպես դիմողն է նշում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին, սակայն սույն դիմումին կից ներկայացված դատական ակտերի և օրենսդրական կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա ենթադրյալ օրենսդրական բացին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածից բխում է, որ գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման հարցերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հարցերի, այդ թվում վճռի պարզաբանման վերաբերյալ նույն օրենսգրքով որևէ կարգավորում նախատեսված չէ. հետևաբար տվյալ դեպքում գործում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով «Վճիռը պարզաբանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» վարչական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ Հայկ Մաշուրյանի վերաքննիչ բողոքը, 2022 թվականի մարտի 21-ի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման մեջ նշել է. «Փաստորեն, որոշակի, օրինակ վճռի պարզաբանման անհրաժեշտության, դեպքում համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգումների, այդ հարցի լուծման ուղեգծում կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նույն հարցի լուծման համար ամրագրված կանոնակարգումները։ Ընդ որում, ընդհանուր կանոնի համաձայն վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով։ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 2019 թվականի հուլիսի 10-ի վճիռը պարզաբանելու մասին հայցվոր կողմի դիմումի ներկայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ կանոն վճռի պարզաբանման վերաբերյալ։ Այսինքն, օրենսդիրը վճռի պարզաբանման ինստիտուտ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ այլևս չի նախատեսել, որպիսի պարագայում, փաստորեն, բացակայում է նաև, մասնավորապես, վարչական դատավարության կարգով քննված գործով վարչական դատարանի վճռի պարզաբանման որևէ իրավական հիմք կամ կանոն, ինչն, իր հերթին, բացառում է տվյալ հարցի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը բավարարելու իրավական հնարավորությունը (…)»: Դիմողը խնդրել է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123 և 131-րդ հոդվածները: Այդ առնչությամբ վկայակոչելով Սահմանադրության ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներ դիմողը Սահմանադրությամբ և Օրենքով անհատական դիմումներին ներկայացվող պահանջների շրջանակներում չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու, Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման, ինչպես նաև այդ խախտման փաստի և վիճարկվող օրինադրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն ակնհայտ անհիմն են, իսկ այդպիսի դիմումով գործի քննությունը, համաձայն Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123 և 131-րդ հոդվածների կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի վճիռների պարզաբանման կանոններ չպարունակելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-156

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-156
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել