ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2021թ. ՍԴԱՈ - 31 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 փետրվարի 2021 թվականի
ՍԴԱՈ-31
Հավելված
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
2021 Թ.ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՍԴԱՈ-31
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ
ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականին Սահմանադրական դատարան է մուտքագրվել 253 դիմում: Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումների փաստացի պատկերը հետևյալն է.
1. պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդ 1 դիմում,
2. Հանրապետության նախագահ – 1 դիմում,
3. Կառավարություն 46 դիմում,
4. Բարձրագույն դատական խորհուրդ (որպես դատարան) 1 դիմում,
5. ֆիզիկական և իրավաբանական անձինք – 185 դիմում,
6. Մարդու իրավունքների պաշտպան 2 դիմում,
7. դատարաններ – 16 դիմում,
8. Ազգային ժողովի խորհուրդ 1 դիմում:
ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Պատգամավորների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի 2020 թվականին ներկայացրած միակ դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության և դատաքննության օր է նշանակվել 2021 թ. ապրիլի 20-ը:
Հանրապետության նախագահի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ընթացքում Հանրապետության նախագահի դիմումների հիման վրա քննության է առել երկու գործ, որոնցից մեկը 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա: Նշված երկու գործերից մեկով իրավական ակտերի վիճարկվող դրույթները ճանաչվել են Սահմանադրությանը հակասող: Այսպես.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 18.06.2020 թվականի ՍԴՈ-1546 որոշմամբ որոշել է.
«1. Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2- րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող:
2. Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61- րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող»: Ինչ վերաբերում է 2019 թվականին ներկայացված դիմումին, ապա դրանով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, իսկ վիճարկվող մյուս դրույթների մասով գործի վարույթը կարճվել է:
Կառավարության դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
2020 թվականին Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր 46 դիմումներն էլ վերաբերել են միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականությանը: Միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով դիմումների հիման վրա ընդունվել է 54 որոշում, որոնցից 11-ով դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2019 թվականին:
2020թ. մուտքագրված 46 դիմումներից Սահմանադրական դատարանի կողմից քննության են ընդունվել 44-ը, 2 դիմումներով գործերի քննության ընդունեու հարցը որոշվելու է 2021 թվականին: Քննության ընդունված 44 դիմումներով 2020 թվականին կայացվել է 43 որոշում:
Քննության առնված միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը լուծելիս Սահմանադրական դատարանն արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ, մասնավորապես. ա/ քննության առնված 8 վարկային պայմանագրերից 4-ի (ՍԴՈ-1548, ՍԴՈ-1549, ՍԴՈ-1551, ՍԴՈ-1552) առնչությամբ, որոնք վերաբերում են վարկային միջոցների մասհանումների ժամկետների երկարաձգմանը, և որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, Սահմանադրական դատարանը կարևորել է վարկային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև այդ միջոցների նկատմամբ պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
բ/ «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 16.06.2020թ. ՍԴՈ-1544 որոշմամբ շեշտել է, որ Նամակ-համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները պետք է իրականացվեն վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում, և մասնավորապես հաշվի առնելով Սահմանադրության 3-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի (ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանն ուղղված պետական քաղաքականության մասով), ինչպես նաև 86-րդ հոդվածի, հատկապես` 1-ին, 2- րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված պետության քաղաքականության հիմնական նպատակների սահմանադրական բովանդակությունը, կարևորելով վերոնշյալ միջոցառումները, դրանց ֆինանսավորումը ու վերջիններիս հրապարակայնությունը և թափանցիկությունը, և որպես բյուջետային աջակցության վարկ տրամադրվող միջոցների նպատակային, արդյունավետ օգտագործման և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ, բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում, պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը:
Սահմանադրական դատարանը Նամակ-համաձայնագրում ամրագրված
պարտավորությունների սահմանադրականության հարցը քննության է առել հիմք ընդունելով Նամակ-համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության լրամշակված տեքստը, որը 2020 թվականի հունիսի 11-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը` ի պատասխան Սահմանադրական դատարանի գրության, համաձայն որի` հայկական կողմի ստորագրած Նամակ-համաձայնագրի անգլերեն բնօրինակի և դրա հայերեն պաշտոնական թարգմանության տեքստի մեջ նույնականության առումով առկա են անհամապատասխանություններ:
գ/ «2007 թվականի հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 31.03.2020թ. ՍԴՈ-1519 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«3. Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի բացատրությունները, մասնավորապես, արձանագրում է.
1) Կոնվենցիայով ամրագրված պարտավորություններում «օրենսդրական կամ այլ միջոցներ» եզրույթը Հայաստանի Հանրապետության համար կիրառելի է Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում, այլ կերպ եթե տվյալ հարցը ենթակա է լուծման միայն օրենսդրական կարգավորումներով, այն չի կարող լուծվել այլ միջոցներով,
2) Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու համար անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ ստեղծելու կամ նշանակելու պարտավորությունը չի ենթադրում պարտադիր նոր մարմնի ստեղծում, և այդ պարտավորության իրականացումը կարող է ապահովվել Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ գործող իրավասու մարմնի գործունեության շրջանակներում:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները պետք է իրականացվեն վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում, մասնավորապես հաշվի առնելով Սահմանադրության 16-րդ հոդվածի (մանկության հատուկ պաշտպանության մասով), 36-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրական բովանդակությունը:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները, ինչպես նաև ապահովելով նրանց լավագույն շահի առաջնահերթ պաշտպանության նկատմամբ պետության արդյունավետ վերահսկողությունը ի կատարումն պետության մանկության հատուկ պաշտպանության սահմանադրական պարտականության:
5. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունների կատարման անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
6. Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները հատկապես վերաբերելի են Ազգային ժողովի ու Կառավարության լիազորություններին, և Կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության հարցը գտնվում է հիշյալ մարմինների լիազորությունների տիրույթում»:
դ/ «2019 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 19.05.2020թ. ՍԴՈ-1531 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով հղում կատարվող «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին» եվրոպական համաձայնագրի, «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդ փոխադրումների համար նախատեսված հատուկ ավտոտրանսպորտային միջոցների մասին» համաձայնագրի և «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի ռեժիմի մասին» եվրոպական համաձայնագրի դրույթները Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կստանան սահմանված կարգով վավերացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո»:
ե/ «1989 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված` «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 26.10.2020թ. ՍԴՈ- 1553 որոշմամբ արձանագրել է հետևյալը.
«3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիան չի հանդիսանում հանձնման հարաբերությունները կարգավորող հիմնական միջազգային պայմանագիր։ Ինչպես Կոնվենցիայով սահմանված, այնպես էլ հանձնման ենթակա այլ հանցագործությունների պարագայում գործում է «հանձնիր կամ դատիր» (aut dedere aut judicare) սկզբունքը։ Ավելին, ոչ ոք չպետք է հանձնվի այն պետությանը, որտեղ իրական վտանգ կա, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, կամ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ, ինչպես նաև չհանձնվի այն պետությանը, որի օրենքներով տվյալ հանցագործության համար նախատեսված է մահապատիժ:
Սույն Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելիս Սահմանադրական դատարանը հիմք է ընդունում, այն, որ Կոնվենցիան ընդունելով Կողմ պետությունները հաստատում են, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումը և ուսուցումը պետք է համարվեն բոլոր պետությունների մտահոգություններն առաջացնող հանցագործություններ, և այդ հանցագործություններից որևէ մեկը կատարած ցանկացած անձ ենթակա է կա´մ քրեական հետապնդման, կա´մ հանձնման, և ըստ այդմ սույն Կոնվենցիայում ամրագրվել են համապատասխան կանոնակարգումներ:
«5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված դրույթներին և ի թիվս այլնի միտված են նաև վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարին նպաստելով այդպիսի հակաիրավական գործողությունների վերացմանը դրանով իսկ հանգեցնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների պահպանմանը»:
զ/ «2016 թվականի հունիսի 7-ին ստորագրված «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 06.11.2020թ. ՍԴՈ- 1558 որոշմանբ արձանագրել է հետևյալը.
«6. Համաձայնագրով նախատեսված է, որ Համաձայնագրի կողմ պետության լիազորված (իրավասու) մարմինների համաձայնեցմամբ Համաձայնագրի որոշ դրույթներ կարող են կիրառվել ռադիոակտիվ աղբյուրների այլ կատեգորիաների նկատմամբ (հոդված 1, մաս 2)։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի կողմ պետության լիազորված (իրավասու) մարմնի այսպիսի լիազորությունը Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված (իրավասու) մարմնի հայեցողության շրջանակին վերաբերելի մասով, չի կարող ներառել Համաձայնագրով չնախատեսված ռադիոակտիվ աղբյուրների այնպիսի կատեգորիաներ, որոնք էականորեն տարբերվում են Համաձայնագրով նախատեսվածներից։
7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրով նախատեսված է Համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարման իմաստով լիազորված (իրավասու) մարմնի գործառույթները կարող են իրականացվել նախարարության, գերատեսչության, պետական կորպորացիայի կամ այլ կազմակերպության կողմից (հոդված 2, մաս 2):
Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այնքանով, որքանով Համաձայնագրի շրջանակում նման գործառույթը վերաբերելի է Հայաստանի Հանրապետության որևէ իրավասու կամ լիազոր մարմնի, ապա նման պետական մարմնի լիազորումը պետք է համապատասխանի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջին։
8. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Համաձայնագրի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «երրորդ կողմ» հասկացությունը ներառում է ինչպես Համաձայնագրի կողմ չհանդիսացող, այնպես էլ Համաձայնագրի կողմ հանդիսացող ցանկացած այլ պետություն, որը չի հանդիսանում Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն ստացող պետությունը»:
է/ «1989 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 08.12.2020թ. ՍԴՈ-1570 որոշմանբ արձանագրել է հետևյալը.
«5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ արդեն իսկ ստանձնել է միջազգային պարտավորություններ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է, մասնավորապես, մահապատիժը վերացնելու պարտավորություն, երաշխավորելով, որ ոչ ոք չդատապարտվի կամ չենթարկվի մահապատժի։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին» թիվ 13-րդ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը 2007 թվականի ապրիլի 17-ին ընդունել էր դրանց Սահմանադրությանը համապատասխանելու մասին ՍԴՈ-694 որոշումը։
6. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունների բնույթը, գտնում է, որ դրանք բխում են Սահմանադրության 24- րդ հոդվածի 3-րդ մասի դրույթից, որով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության սահմանափակումը բացառված է Սահմանադրության 76-րդ հոդվածով»։ Անհատական (ֆիզիկական և իրավաբանական անձանց) դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Ֆիզիկական և իրավաբանական անձանց Սահմանադրական դատարան ներկայացրած 185 դիմումներից միայն 97-ն են բովանդակել սահմանադրաիրավական խնդիր: Նշված 97 դիմումներից 13-ը վերադարձվել են դիմումներն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու և դրանք կրկին Սահմանադրական դատարան ներկայացնելու համար, սակայն, օրենքի պահանջներին համապատասխանեցնելուց հետո կրկին Սահմանադրական դատարան են ներկայացվել 7 դիմում, իսկ մնացած 6-ը Սահմանադրական դատարան չեն ներկայացվել (ընդհանուր 91 դիմում):
Դատական կազմերն ստացել են 93 անհատական դիմում (ներառյալ 2019թ. մուտքագրված 2 դիմումները): Դրանցից քննության է ընդունվել 24-ը, մերժվել 38- ը, 31-ը փոխադրվել է Սահմանադրական դատարանի լիագումար նիստ: Սահմանադրական դատարանի լիագումար նիստում նշված 31 դիմումներից 11-ն ընդունվել են քննության, 20-ի քննությունը մերժվել է, իսկ հետագայում 11 անհատական դիմումների հիման վրա քննության ընդունված գործերից 9-ի վարույթը կարճվել է աշխատակարգային որոշումներով:
93 անհատական դիմումներից դատաքննության փուլ են անցել 26 դիմումների հիման վրա գործեր, որոնցից 19-ով որոշումներն ընդունվելու են 2021 թվականի ընթացքում, իսկ մնացած 7 գործերից 5-ով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող որոշակի մեկնաբանությամբ: Այսպես.
ա/ «Վարդան Ցոլակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 10.03.2020 թվականի ՍԴՈ-1514 որոշմամբ որոշել է.
«1. Քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը պետք է ներառի նաև ժամանակավոր առգրավման դեպքերը»: Խնդիրն այն էր, որ դատական պրակտիկայում Քաղաքացիական օրենսգրքի 477-րդ հոդվածի 1-ին մասին տրված էր այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքը չէր ներառում ժամանակավոր առգրավման դեպքերը: Այսինքն ժամանակավոր առգրավման դեպքում անձի սեփականության իրավունքը սահմանափակվում էր, անձը կրում էր վնասներ, մինչդեռ դատարանի տված մեկնաբանությամբ այդ վնասը ենթակա չէր վաճառողի կողմից հատուցման: Կոնկրետ դեպքում, գույքի առգրավման և տևական ժամանակ պահելու համար գնորդից գանձվել էր 1475 վրացական լարիի չափով գումար:
բ/ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 26.05.2020թ. ՍԴՈ-1542 որոշմամբ որոշել է.
«1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2- րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար»: Խնդիրն այն էր, որ սնանկության գործով պարտապանը զրկված էր դատական կարգով վիճարկելու կառավարչի գործողությունները, մասնավորապես դիմելու դատարան պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդը և դրա արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով որպես պատասխանող նշելով կառավարչին: Նման իրավիճակն արդյունք էր դատական պրակտիկայի, որի համաձայն դիտարկվող հայցապահանջը ենթակա չէր քննության թե՛ սնանկության գործի շրջանակներում, թե՛ քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս պարտապանի անունից, և ստացվում է մի իրավիճակ, որտեղ թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը նույն պարտապանն են: գ/ «Անդրանիկ Գալստյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի, 397-րդ հոդվածի 2-րդ և 4142-րդ հոդվածի 1-ին մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 17.11.2020թ. ՍԴՈ-1559 որոշմամբ որոշել է. «1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի նշված դրույթով նախատեսված լիազորությունն իրականացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ապահովի անձի` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման իրավական հնարավորություն»: Խնդիրն այն էր, որ թեև վերաքննիչ դատարանն իրավունք ուներ փոխել հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, այդուհանդերձ, անձը փոփոխված մեղադրանքի մասին տեղեկանում էր վերաքննիչ դատարանի հրապարակած դատական ակտի տեքստից, և հնարավորություն չէր ունենում պաշտպանվելու մեղադրանքից:
Տվյալ գործով Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ նման դեպքում անձը պետք է ապահովվի մեղադրանքի թե՛ փաստական, թե՛ իրավական որակման փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվությամբ, ինչպես նաև անձի համար պետք է ապահովել ողջամիտ ժամանակահատված փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու, դրա վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելու իրավական հնարավորությամբ: դ/ «Նելիկ Վարդանյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 01.12.2020թ. ՍԴՈ-1565 որոշմամբ որոշել է.
«1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի «Վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում» դրույթը, նոր ապացույց ներկայացնելու առումով, կաշկանդում է միայն վիճարկվող ակտը կայացրած վարչական մարմնին»:
Խնդիրն այն էր, որ վարչական ակտն ընդունվում է այդ պահին ձեռք բերված ապացույցների շրջանակում, և դատական պրակտիկան ձևավորվել էր այն տրամաբանությամբ, որ վիճարկման հայցի շրջանակներում վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս դատարանները հետազոտում են բացառապես վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները: Մինչդեռ, չի բացառվում հետագայում այնպիսի ապացույցների ի հայտ գալը, որոնք վարչական ակտն ընդունելիս գոյություն չեն ունեցել կամ չեն եղել վարչական մարմնի տիրապետման ներքո, և որոնք էական նշանակություն ունեն վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս: Ձևավորված դատական պրակտիկայի արդյունքում անձինք զրկված էին վարչական ակտի իրավաչափության գնահատման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:
ե/ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 08.12.2020թ. ՍԴՈ-1571 որոշմամբ որոշել է. «1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը»: Խնդիրն այն էր, որ մինչև Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9- ի ՍԴՈ-1051 որոշման կայացումը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները ֆինանսական կազմակերպությունները բողոքարկում էին սահմանափակ հիմքերով, որոնք նախատեսված էին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով: Հիշյալ որոշումից հետո ՀՀ դատարանները քննում էին Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության, ամբողջ ծավալով, մինչև վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելը:
Վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ դատարանները տալիս էին այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկման ենթակա չէ:
Մնացած 2 գործերով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Դրանցից մեկով մարդու սահմանադրական իրավունքների լիարժեք երաշխավորման ու ապահովման նկատառումներից ելնելով Սահմանադրական դատարանն ուղղորդել է իրավակիրառողին ձևավորելու որոշակի պրակտիկա: Այսպես.
«Լուսինե Հարությունյանի և «ՅուԷսԷյ Ինտերկարգո ԲՍԵ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի և 134-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 24.11.2020 թվականի ՍԴՈ-1561 որոշմամբ նշել է հետևյալը և որոշել. «…հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն քննելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են prima facia հայցագնի հիմնավորվածությունը (դրամական պահանջների դեպքում), որոշակի գործողությունների կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու անհրաժեշտության հիմնավորվածությունը (գործողություններ կատարելը պարտավորեցնելու կամ արգելելու դեպքերում), գույքի նկատմամբ ունեցած իրավունքների հավաստումը (գույքի իրացումը կասեցնելու կամ գույքի վրա արգելանք դնելու դեպքերում): … հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս դատարանը պետք է առաջնորդվի վերոնշյալ հանգամանքների հաշվառմամբ, ինչպես նաև այնպիսի այլ հանգամանքների ուսումնասիրմամբ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայության հաստատման համար: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքերում վերոնշյալ հանգամանքների հավաստման, հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության և դրա հիմքի առկայության հանգամանքները պետք է հստակ հիմնավորվեն դատարանի որոշմամբ: … բացի հայցագնի հիմնավորվածության ստուգումից դատարանը հայցի ապահովում կիրառելիս պետք է ուշադրության արժանացնի նաև պատշաճ կողմերի առկայության խնդրին: …. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց հետո դատարանն իրականացնում է Օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները, այդ թվում նաև հայցի ապահովման հարցի լուծումը .…»:
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած 2 դիմումներով էլ գործերը քննելու է 2021 թվականի ընթացքում:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա քննության է առել երկու գործ, որոնցից երկուսն էլ 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների հիման վրա: Նշված երկու գործերով էլ իրավական ակտերի վիճարկվող դրույթներից մի քանիսը ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, իսկ մյուսները Սահմանադրությանը համապատասխանող տվյալ որոշման եզրափակիչ մասում ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում: Այսպես.
ա) «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 8-րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 15 և 16-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 2, 3 և 4-րդ մասերի, 22- րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի հավելվածի 6-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերության և Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով իր 30.01.2020թ. ՍԴՈ-1504 որոշմամբ որոշել է. «1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն այնքանով, որքանով չեն ապահովում անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին չսահմանելով իրազեկված համաձայնություն ստանալու պահանջ, ինչպես նաև չեն ապահովում նշված անձանց իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքը, ճանաչել Սահմանադրության 25-րդ հոդվածին հակասող:
2. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասն այնքանով, որքանով պատշաճորեն չի ապահովում հոգեկան խանգարում ունեցող երեխայի հոգեկան անձեռնմխելիության հիմնական իրավունքը, երբ երեխայի տարիքը և հոգեկան խանգարման բնույթը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կատարվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները, ճանաչել Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող:
3. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչել Սահմանադրության 25-րդ և 37-րդ հոդվածներին հակասող:
4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4- րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը հավաստելու, ինչպես նաև անձին իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին տեղեկացնելու մասերով անձի համաձայնությունն ստանալը պետք է լինի նախապատվելի:
5. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 15 և 16-րդ հոդվածները, 19-րդ հոդվածի 2, 3 և 4- րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը և հիշյալ օրենքի հավելվածի 6-րդ բաժնի 4- րդ կետի երկրորդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ հոգեկան խանգարումով անձին բժշկական միջամտության ենթարկելու գործընթացի շրջանակներում անձի համաձայնությունն ստանալը պետք է լինի նախապատվելի.…»:
Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Հոգեբուժական օգնության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Խնդիրն այն էր, որ վիճարկվող իրավակարգավորումները, որոնք վերաբերում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմանը և երեխայի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին, չէին սահմանում իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտություններին անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց իրազեկված համաձայնություն ստանալու պահանջ, չէին ապահովում նշված անձանց իրենց վերաբերյալ բժշկական տեղեկությունների մատչելիության իրավունքը, պատշաճորեն չէին ապահովում հոգեկան խանգարում ունեցող երեխայի հոգեկան անձեռնմխելիության հիմնական իրավունքը, երբ երեխայի տարիքը և հոգեկան խանգարման բնույթը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կատարվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները, չէին ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, նախապատվելի չէին համարում անձին իր առողջությանը վերաբերող հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկերի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին տեղեկացնելու մասերով անձի համաձայնությունն ստանալը, նախապատվելի չէին համարում հոգեկան խանգարումով անձին բժշկական միջամտության ենթարկելու գործընթացի շրջանակներում անձի համաձայնությունն ստանալը:
բ) «Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումների հիման վրա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 25.02.2020թ. ՍԴՈ-1507 որոշմամբ որոշել է.
«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերությունը` ոստիկանության ծառայողի նկատմամբ բացառապես քրեական հետապնդում հարուցելու (իրականացնելու) փաստով պայմանավորված` լիազորությունները կասեցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասը` մինչև քրեական հետապնդումը դադարեցնելը ոստիկանության ծառայողի նոր պաշտոնի նշանակվելու բացարձակ արգելք, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ոստիկանության ծառայությունից ազատվելու արգելք նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 49, 66 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Խնդիրն այն էր, որ դիտարկվող իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները պայմանավորված էին բացառապես քրեական հետապնդում հարուցելու փաստով: Ստացվում էր, որ ամրագրված սահմանափակումները մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ուղղակի կամ անուղղակի կանխորոշում էին անձի մեղավորությունը ենթադրյալ հանցագործության կատարման համար:
Տվյալ գործով Սահմանադրական դատարանը դիտարկվող սահմանափակումներն արդարացված է համարել միայն քրեական վարույթի շրջանակներում ներգործության միջոցների կիրառման պարագայում և գտել է, որ առանց այդ միջոցների կիրառման, ոստիկանության ծառայության պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների ինքնաշխատ, պարտադիր կասեցումը, նրա աշխատավարձի վճարման ժամկետային սահմանափակումը, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելու արգելքը չեն կարող հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակ: Սահմանադրական դատարանի 25.02.2020թ. ՍԴՈ-1507 որոշումն ընդունելուց հետո Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել
ա/ Կ-73410-16.09.2020-ՊԻ-011/1 օրենքի նախագիծը Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», որով նախատեսվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել, բ/ Կ-73411-16.09.2020-ՊԻ-011/1 օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի 16.1-րդ հոդվածի վերնագրում «Քրեական հետապնդում իրականացնելու և ծառայողական» բառերը փոխարինել «Ծառայողական» բառով, իսկ 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Դատարանների դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները
Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի, 2020 թվականին ներկայացրած միակ դիմումի հիման վրա գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի ընթացքում մնացած բոլոր դատարանների ներկայացրած 16 դիմումներից 4-ի հիման վրա գործերի վարույթները կարճել է, և ևս 4-ի քննությունը մերժել: Մնացած 8 դիմումներից միայն 1-ի հիման վրա ընդունված գործով Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել 2020 թվականին, որով վիճարկվող իրավադրույթը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, իսկ մնացած 7-ի հիման վրա գործերը քննվելու են 2021 թվականի ընթացքում: Սահմանադրական դատարանը 2020 թվականի ընթացքում դատարանների դիմումների հիման վրա քննության է առել և ըստ էության որոշում է ընդունել ինը գործով, որոնցից ութը 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների, իսկ մեկը 2020 թվականի ընթացքում ներկայացված դիմումի հիման վրա: Քննության առնված ինը գործերից չորսով Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմերը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես.
1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` ոստիկանության ծառայողին կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 18.02.2020թ. ՍԴՈ-1506 որոշմամբ որոշել է.
«1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` ոստիկանության ծառայողի համար ինքնին որևէ կրոնական կազմակերպությանն անդամակցելու և անդամակցության համար վարքագծի կոնկրետ դրսևորումներով չպայմանավորված բացարձակ արգելք սահմանելու մասով, ճանաչել Սահմանադրության 41-րդ հոդվածին և 45-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
Խնդիրն այն էր, որ ի տարբերություն նույնպես միավորման տարատեսակ հանդիսացող կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու հիմնական իրավունքի (Սահմանադրության 46-րդ հոդված), որը սահմանափակվում է Սահմանադրության մեջ ուղղակիորեն նշված սուբյեկտային կազմի համար (դատավորներ, դատախազներ և քննիչներ), կամ Սահմանադրության մեջ հիշատակվում են այլ սուբյեկտներ, որոնց համար օրենքով կարող են սահմանվել այդ իրավունքի սահմանափակումներ (զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներ) կրոնական կազմակերպությանն անդամակցելու որևէ հատուկ սուբյեկտային սահմանափակում Սահմանադրությունում ամրագրված չէ:
Սահմանադրական դատարանի` 18.02.2020թ. ՍԴՈ-1506 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենքում փոփոխություն չի կատարել:
2. «Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումների հիման վրա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացված որոշման վերաբերյալ տեղեկությունները տե՛ս սույն հաղորդման «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը» բաժնում:
3. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 03.03.2020թ. ՍԴՈ-1513 որոշմամբ որոշել է. «2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 8-րդ մասի «բացառիկ դեպքերում» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 61- րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Խնդիրն այն էր, որ ժողովրդավարական և իրավական պետությունում հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հաստատված դեպքը չէր գնահատում որպես բացառիկ դեպք: Արդյունքում սահմանված էր դեպքի բացառիկությունը հիմնավորելու անորոշ պարտականություն, ինչը անձի համար առաջացնում էր իր խախտված իրավունքի վերականգնմանը խոչընդոտող անհամաչափ բեռ, որը նրան զրկում է իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։ Սահմանադրական դատարանի` 03.03.2020թ. ՍԴՈ-1513 որոշումն ընդունելուց հետո հիշյալ հարցի առնչությամբ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի ներկայացվել, և Ազգային ժողովը նշյալ օրենսգրքում փոփոխություն չի կատարել:
4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 12.05.2020թ. ՍԴՈ-1529 որոշմամբ որոշել է. «2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ կետի երկրորդ նախադասությունն այն մասով, որը նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող»:
Խնդիրն այն էր, որ ծանուցման հանձնումը չէր կատարվում այնպիսի եղանակով, որը թույլ կտար հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Մինչդեռ, պատշաճ ծանուցման իրականացման համար էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը։ Միաժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հուլնիսի 31-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
2020 թվականի ընթացքում դատարանների դիմումների հիման վրա քննության առնված մնացած 5 գործերից 2-ով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` իրավական դիրքորոշումների շրջանակներում, իսկ 3 գործերով ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Վերը նշված 2 գործերը, որոնցով Սահմանադրական դատարանը վեճի առարկա իրավական նորմերը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող` տվյալ որոշման եզրափակիչ մասում ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում, հետևյալներն են.
1. «ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-ին հոդվածի և դրա հետ փոխկապակցված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 14.04.2020թ. ՍԴՈ-1522 որոշմամբ որոշել է. «2. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի դրանով նախատեսված սահմանափակումներն ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվել նրա բնակության համար անհրաժեշտ այլ վայրի մատչելիությունը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց անվտանգ այլ վայր տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը»:
Խնդիրն այն էր, որ անհետաձգելի միջամտության շրջանակներում ընտանիքում բռնություն գործադրած անձին ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից անհապաղ հեռանալ հարկադրելիս և այդտեղ նրա վերադարձն արգելելիս հաշվի չէր առնվում մի շարք կարևոր հանգամանքներ: Այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանն ուղղորդել է իրավակիրառողին ձևավորելու որոշակի պրակտիկա: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ամրագրել է հետևյալը. «.… ընտանիքում բռնություն գործադրած անձի բնակարանի սեփականության իրավունքի սահմանափակմանն ուղղված անհետաձգելի միջամտության որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվի նաև որոշակի փաստական հանգամանքների համակցության պայմաններում նրա վրա դրվող պարտականությունները (նրան ներկայացվող պահանջները) կատարելու օբյեկտիվ հնարավորությունը: Հակառակ դեպքում, Օրենքով նախատեսված պահանջներն անձի համար չեն լինի բավականաչափ որոշակի, և նա ի վիճակի չի լինի դրսևորել համապատասխան վարքագիծ, այն է քրեական պատասխանատվության չենթարկվելու համար օբյեկտիվորեն և ողջամտորեն կատարել համապատասխան սահմանափակումից բխող և իր վրա դրված պարտականությունները»:
2. «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասով և դրա հետ փոխկապակցված նույն օրենսգրքի 287-289-րդ հոդվածներով, 385-րդ հոդվածի 2-րդ մասով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 28.04.2020թ. ՍԴՈ-1526 որոշմամբ որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի դատարանի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին վերադարձնելը չպետք է խոչընդոտի այդ նյութերը վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձին և վերաքննիչ դատարանին տրամադրելուն միաժամանակ ապահովելով պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանումը»:
Խնդիրն այն էր, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ միջնորդության քննարկման ընթացակարգն առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն չունի մրցակցային բնույթ, քանի որ այդ ընթացակարգի շրջանակներում ծագած իրավահարաբերությունների կողմերն են բացառապես դատարանը և միջնորդություն ներկայացրած հանրային իշխանության լիազոր այն մարմինը, որի ներկայացրած միջնորդության օրինականության և հիմնավորվածության հարցն է լուծվելու։ Մյուս կողմից, նման պայմաններում շահագրգիռ անձը կամ նրա ներկայացուցիչը չի մասնակցում միջնորդության քննարկմանը, հնարավորություն չունի ծանոթանալու միջնորդությանը և այն հիմնավորող նյութերին, չի կարող ներկայացնել առարկություններ, հարուցել միջնորդություններ, այսինքն` այդ ընթացակարգի շրջանակներում իրացնել օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներ: Շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են դառնում միայն միջնորդության քննարկման արդյունքներով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում:
Ուստի տվյալ գործով Սահմանադրական դատարանը, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման նկատառումներից ելնելով, կարևորել է վերը նշված նյութերը վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձին և վերաքննիչ դատարանին տրամադրելու հանգամանքը:
Ազգային ժողովի խորհրդի դիմումների հիման վրա ընդունված Սահմանադրական դատարանի որոշումները և դրանց կատարումը
Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականին ներկայացրած միակ դիմումի հիման վրա գործի քննությունը մերժվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
