ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 մարտի 2017թ. ՍԴԱՈ - 18 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի փետրվարի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխի և 105-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումի ընդունելիության մասին գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի փետրվարի 6-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումում ներկայացրել է մի շարք փաստարկներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխի և 105-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը (2015 թվականի խմբագրությամբ) հակասելը հիմնավորելու համար։
Ըստ դիմողի «... գործող իրավակարգավորումների պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ ... գլուխը և ... 105-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով, որ չեն նախատեսում որևէ բացառություն սնանկության գործի ավարտելը լուծարմամբ այն դեպքերում, երբ ապահովված պարտատերը ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջների բավարարում ստանալու դատական կամ արտադատական եղանակը, չի ստացել իր պահանջի ամբողջական բավարարում ապահովված առարկայի հաշվին ...», հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Միաժամանակ, դիմողի պնդմամբ, բոլոր այն դեպքերում, երբ ապահովված պահանջով պարտատերն իր հայեցողությամբ ընտրում է սնանկության վարույթից դուրս իր պահանջի բավարարում ստանալու դատական եղանակը, սակայն գործող իրավակարգավորման պայմաններում այն չի կարողանում լիարժեք իրականացնել սնանկության վերաբերյալ գործի ավարտման պարտապանի լուծարման հետևանքով, իրավակիրառ պրակտիկայում առաջ է գալիս մեկ այլ այդ պարտատիրոջ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության և սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջին և չի համապատասխանում այդ հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի բազմիցս արտահայտած իրավական դիրքորոշումներին։ Մասնավորապես, նշված օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:
Մինչդեռ դիմողն ըստ էության բարձրացնում է ոչ թե սահմանադրականության հարց և դրան համապատասխան ներկայացնում իր կողմից վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, այլ այդ նորմերի և վերջիններիս առանձին դրույթների` իրավակիրառական պրակտիկայում դրանց ընկալման ու կիրառման, ինչպես նաև այդ նորմերում իրավակարգավորման բացի վերաբերյալ հարցեր ներկայացնելով դրանք որպես խոչընդոտ իր վարույթում գտնվող քաղաքացիական գործի լուծման համար:
Բացի դրանից, դիմողի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործի շրջանակում պարտատիրոջ համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նաև նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի հետևանք են, որը բեկանվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ: Հետևաբար, դիմողը փորձելով ներկայացնել վերոնշյալ դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկներ, այնուամենայնիվ, բարձրացնում է նաև դրանց կիրառման իրավաչափության հարց:
3. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21, 2012 թվականի նոյեմբերի 13-ի ՍԴԱՈ-80, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴԱՈ-13, 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴԱՈ-19, 2016 թվականի փետրվարի 5-ի ՍԴԴԿՈ/1-4 և մի շարք այլ որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ... ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արձանագրել է նաև, որ դիմումի բավարար հիմնավորված լինելու պահանջի բացակայություն է նաև այն հանգամանքը, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, իսկ նմանատիպ օրինապահանջները միտված են ապահովելու սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն։
4. Սահմանադրական դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները գլխավորապես հանգում են օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք լինելու խնդրին:
Այսպես, խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի փաստարկներն առ այն, որ վիճարկվող «Սնանկության մասին» ՀՀ օրենքում առկա ենթադրյալ իրավական բացով պայմանավորված ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում չի նախատեսվում որևէ բացառություն սնանկության գործն ավարտել լուծարմամբ այն դեպքերում, երբ ապահովված պարտատերը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջների բավարարում ստանալու դատական կամ արտադատական եղանակը, չի ստացել իր պահանջի ամբողջական բավարարում ապահովված առարկայի հաշվին:
Այսինքն, դիմողն իր կողմից բարձրացված հիմնախնդրի առկայությունը պայմանավորում է այն հիմնավորմամբ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում սնանկ ճանաչված իրավաբանական անձի նկատմամբ որևէ պարտատեր ունենալով ապահովված պահանջի իրավունք և ընտրելով սնանկության վարույթից դուրս ապահովված առարկայի սահմաններում դատական կամ արտադատական կարգով իր պահանջի բավարարում ստանալու եղանակը, գործնականում զրկվում է օրենքով սահմանված կարգով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, եթե սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է պարտապան իրավաբանական անձի լուծարմամբ: Ակնհայտ է, որ մատնանշվող «խնդիրը» կապված է համապատասխան իրավակարգավորման ոլորտում կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայության հետ, որի լուծումը վերապահված է օրենսդիր մարմնին:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում Սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 7- րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի և 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխի և 105-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 մարտի 2017 թվականի
ՍԴԱՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մարտի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
